Հա

Քաղաքական

09/01/2018 - 10:50

Ադրբեջանը փորձում է մաքրել ԵԽԽՎ-ում կոռուպցիայի հետքերը՝ պատւիրակութեան փոփոխութեամբ

Ադրբեջանը փոփոխել է Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում իր պատւիրակութեան կազմը: Պատւիրակութիւնից հեռացւել են Էլհան Սուլէյմանովը, Մուսլում Մամմադովն ու Էլշան Մուսաեւը, որոնց փոխարէն ընդգրկւել են Իւիեա Ագաեւան, Էլշադ Հասանովն ու Ասիմ Մոլազադան:

ԱՆՆԱ ՄԿՐՏՉԵԱՆ

Քաղաքագէտ

 

«alikonline.ir» - Ադրբեջանը փոփոխել է Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում իր պատւիրակութեան կազմը: Պատւիրակութիւնից հեռացւել են Էլհան Սուլէյմանովը, Մուսլում Մամմադովն ու Էլշան Մուսաեւը, որոնց փոխարէն ընդգրկւել են Իւիեա Ագաեւան, Էլշադ Հասանովն ու Ասիմ Մոլազադան:

Պրոցեդուրալ առումով պատւիրակութեան կազմի փոփոխութիւնը տարէսկզբին նորմալ երեւոյթ է, սակայն առաւել հետաքրքիր է պատւիրակութիւնից այս անձանց հեռացնելը, որը կարելի է դիտարկել որպէս Ադրբեջանի կողմից փորձ՝ մաքրել ԵԽԽՎ-ում կոռուպցիոն հետքերը:

Ինչպէս յայտնի է, Էլհան Սուլէյմանովի ու Մուսլուն Մամմադովի անունները կապւած են ԵԽԽՎ-ում տարածւած կոռուպցիոն սկանդալների, «Խաւիարային դիւանագիտութեան» հետ: Սուլէյմանովն էր ԵԽԽՎ նախկին պատգամաւոր Լուկա Վոլոնտէին փոխանցել 2.39 մլն. եւրօ, ինչը խոստովանել էր Վոլոնտէն:

Ինչ վերաբերում է Մուսլուն Մամմադովին, ապա վերջինս երկար տարիներ աշխատում էր որպէս Ադրբեջանի լաբբիստ, ով «բաց չէր թողնում» ԵԽԽՎ ոչ մի նստաշրջան: Մամմադովի անունը եւս կապւած է Վոլոնտէի «գործի» հետ: Վոլոնտէն Ադրբեջանի իմիջը բարձրացնելու, Ադրբեջանում մարդու իրաւունքների վիճակի շուրջ ԵԽԽՎ-ում քննադատութիւնները մեղմելու համար կապի մէջ է եղել ոչ միայն Սուլէյմանովի, այլ նաեւ Մամմադովի հետ:

Դեռեւս 2012 թւականի դեկտեմբերին, ԵԽԽՎ-ում Ադրբեջանի քաղբանտարկեալների վերաբերեալ գերմանացի պատգամաւոր Շտրասէրի զեկոյցի քւէարկութիւնից շաբաթներ առաջ, Վոլոնտէն նամակ է գրել այդ ժամանակ ԵԽԽՎ լոբբիստ Մամմադովին՝ մանրամասնելով, թէ ԵԽԽՎ-ում որ «ընկերները» կարող են աջակցել իրենց՝ Շտրասէրի զեկոյցը տապալելու հարցում, ինչն էլ իրականութիւն դարձաւ:

Կարող ենք ասել, որ Մամմադովը կապւած է նաեւ ԵԽԽՎ-ում  բրիտանացի պատգամաւոր Ռոբերտ Վոլտէրին կաշառելու հետ, ով «Բռնութեան աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ օկուպացւած տարածքներում» տապալւած զեկոյցի հեղինակն էր: Զեկոյցի նախապատրաստական ու քննարկման շրջանում Մամմադովը բացայայտ «բանակցութիւններ» էր վարում Վոլտէրի հետ ԵԽ կենտրոնակայանի միջանցքներում:

«Լաւ աշխատանքի» շնորհիւ՝ Ադրբեջանում 2015 թւականի նոյեմբերին կայացած խորհրդարանական ընտրութիւններում Մուսլում Մամմադովը դարձաւ պատգամաւոր ու 2016 թւականի յունւարից ընդգրկւեց ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատւիրակութեան կազմում՝ արդէն պաշտօնապէս գործունէութիւն ծաւալելու համար, ինչը, փաստօրէն, երկար չտեւեց:

Եթէ մինչ 2017 թւականը ԵԽԽՎ-ում կոռուպցիայի ու Ադրբեջանի կողմից պատգամաւորին կաշառելու մասին բարձրաձայնում էին միայն ԵԽԽՎ-ում ՀՀ պատւիրակութեան անդամները, ապա Միլանի դատախազութեան կողմից Վոլոնտէին փոխանցւած գումարների պատճառով գործ հարուցելուց յետոյ այն արդէն յայտնւեց Եվրոպայի խորհրդի ու ԵԽԽՎ-ի առաջնային օրակարգում: ԵԽԽՎ-ում ստեղծւեց արտաքին հետաքննութեան մարմին՝ ԵԽԽՎ-ում պատգամաւորների շրջանում կոռուպցիոն պնդումներն ուսումնասիրելու համար։ Մարմինը գաղտնիութեան պայմաններում կը գործի մինչեւ 2018 թւականի ապրիլ, որից յետոյ այն իր բացայայտումներն ու պատրաստած զեկոյցը կը ներկայացնի Վեհաժողովին:

«panorama.am»

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։