Հա

Քաղաքական

10/01/2018

165 կալանաւորւած լրագրող, բազմաթիւ փակւած հեռուստաալիքներ ու թերթեր. Էրդողանը շնորհաւորական ուղերձ է յղել Թուրքիայում լրագրողների օրւայ առթիւ

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը Թուրքիայում լրագրողների օրւայ կապակցութեամբ շնորհաւորել է գործող բոլոր լրագրողներին ու յայտարարել, որ լրագրողների անխոչընդոտ աշխատանքը ժողովրդավարական երկիր ունենալու ամենավառ ցուցիչն է:

«alikonline.ir» - Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը Թուրքիայում լրագրողների օրւայ կապակցութեամբ շնորհաւորել է գործող բոլոր լրագրողներին ու յայտարարել, որ լրագրողների անխոչընդոտ աշխատանքը ժողովրդավարական երկիր ունենալու ամենավառ ցուցիչն է: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Ինչպէս գրում է թուրքական «demokrathaber.org» կայքը՝ Էրդողանը նշել է, որ Թուրքիայի նախորդ իշխանութիւնների օրօք մամուլը շատ ծանր օրեր է «քաշել», իսկ ինքն անձամբ պայքարել է լրագրողների ազատութեան համար:

«Լրագրութիւնը դա միայն լուրեր յայտնելը չէ, այլ նաեւ մեկնաբանութիւն տալն է: Ցաւօք, ոմանք օգտագործելով խօսքի ու մտքի ազատութեան վերաբերեալ մեր ունեցած նրբանկատութիւնը՝ օգտագործում են այն ապատեղեկատւութիւն տարածելու ու մեր երկիրը պառակտելու համար»,- ասել է Էրդողանը: 

Թուրքական կայքն Էրդողանի յայտարարութիւնից յետոյ յիշեցրել է, որ անցած 2017 թւականի ընթացքում Թուրքիայում ամէն շաբաթ լրագրող է ձերբակալւել, իսկ այս պահին Թուրքիայի բանտերում շարունակում է կալանաւորւած մնալ 165 լրագրող:

Ընդհանուր առմամբ, 2017 թւականին Թուրքիայում ձերբակալւել է 187 լրագրող, 58-ը կալանաւորւել են, նրանցից ազատ են արձակւել միայն 15-ը: Ազատազրկման եւ դրամական տոյժի է ենթարկւել 81 լրագրող:

Բացի այդ՝ 18 լրագրող անցած տարւայ ընթացքում յարձակման է ենթարկւել իր մասնագիտական գործունէութիւնն իրականացնելու պահին:

Անցեալ տարի Եւրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովը մամուլի ազատութեան վերաբերեալ պահանջներ է ներկայացրել Թուրքիային: Եւրոխորհրդի պատգամաւորների դատին յանձնւած զեկոյցը, որն ընդունւել է 110 կողմ, 15 դէմ ձայների յարաբերակցութեամբ, պահանջում է Թուրքիայից ազատ արձակել ահաբեկչական միջոցառումներին մասնակցելու մեղադրանքով ձերբակալւած լրագրողներին, վերանայել Թուրքիայի քրէական օրէնսգրքի «Թրքութիւնը վիրաւորելու» մասին 301-րդ յօդւածը, ինչպէս նաեւ «նախագահին վիրաւորելու» մասին 229-րդ եւ «ժողովրդի մէջ ատելութիւն սերմանելու» մասին 216-րդ յօդւածները: Զեկոյցը նաեւ կոչ է անում վերանայել համացանցի հրապարակումների վերաբերեալ մեղադրանքներն ու թուլացնել Թուրքիայի պետական հեռուստաալիքի նկատմամբ պետական վերահսկողութիւնը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։