Հա

Քաղաքական

11/01/2018

Իսլամաբադի դաւաճանութիւնը. Ինչու է ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի դաշնակիցը «վազում» Հարաւային Կովկաս

Ինչպէս երեւում է, Պակիստանը «քաշւել» է. ամերիկացիները փակում են պակիստանական բանակի թթւածինը։ Իրականում արդէն հասկանալի է, որ ԱՄՆ–ը միանշանակ փոխում է իր տարածաշրջանային առաջնահերթութիւնները Միջին եւ Հարաւային Ասիայում։ 

«alikonline.ir» - Ինչպէս երեւում է, Պակիստանը «քաշւել» է. ամերիկացիները փակում են պակիստանական բանակի թթւածինը։ Իրականում արդէն հասկանալի է, որ ԱՄՆ–ը միանշանակ փոխում է իր տարածաշրջանային առաջնահերթութիւնները Միջին եւ Հարաւային Ասիայում։ «Sputnik» Արմենիայում գրում է Արման Վանասքեհեանը:

Թրամփը բացայայտօրէն մեղադրել է Իսլամաբադին երկերեսանիութեան եւ ֆինանսական խարդախութիւնների մէջ։

Ինչպէս երեւում է, ամերիկացիների եւ Չինաստանի միջեւ դիմակայութիւնն աւելի խոր արմատներ ունի, քան պատկերացնում են Վաշինգտոնում եւ Պեկինում։ Հաւանաբար, Պակիստանի հետ Չինաստանի չափազանց մտերմացումն այնքան դուր չի գալիս ԱՄՆ-ին, որ այն պատրաստ է զոհաբերել տարածաշրջանում իր մերձաւոր դաշնակցին։

Այսօր պէտք է յիշել, որ Աֆղանստանում Խորհրդային բանակի պարտութիւնը Պակիստանի «վաստակն» է։ Ամերիկայի փողերով ձեռք բերած յաղթանակ։ Հէնց այդ ժամանակ Իսլամաբադն ապաստան է տւել մոջահեդների ջոկատներին (Վաշինգտոնի քեռիների թոյլտւութեամբ), որոնց զինել է ԱՄՆ-ը։

Այդպէս էլ սկսւել է Պակիստանի եւ Ամերիկայի զինւորականների միջեւ «ամուր ընկերութիւնը», որը երկար է տեւել եւ տեւմ է մինչեւ հիմա։ Այդ ընկերութիւնը ծնւել է 2001 թւականին սեպտեմբերի 11-ից յետոյ, երբ ԱՄՆ-ը որոշել է պատժել ահաբեկիչներին եւ ներխուժել Աֆղանստան։

Այդ ժամանակներից ի վեր պետական փոխանցումների միջոցով պակիստանական ղեկավարութեանը փոխանցւել է ընդհանուր առմամբ 33 միլիարդ դոլար։ Ամերիկացիները հիանալի հասկացել են, որ Պակիստանը երկակի խաղ է խաղում եւ ոչ մի դէպքում ռիսկի չի գնայ ու չի պատերազմի ո՛չ թալիբների, ո՛չ Հաղանիի կլանի դէմ, որոնք վերահսկում են Աֆղանստանի հետ սահմանը դիւրանցիկ վայրում։

Քանի դեռ Սպիտակ տան «ղեկին» էր Քլինթոնների զոյգը, իսկ յետոյ` Օբաման, ամերիկացիները տարեկան երկուական միլիարդ դոլար են վճարել Իսլամաբադին` կարծելով, որ տարածաշրջանում ազդեցութիւնն արժէ այդքան։ «Գործընկերները» նաեւ ցամաքային ճանապարհ են տւել` Աֆղանստանում ռազմական խմբաւորման սպասարկման համար։

Իսկ յետոյ եկաւ գործնական, պրագմատիկ գործարար-օլիգարխ Թրամփը, որը չի կարողանում հասկանալ, թէ ինչու նա պէտք է նման խելայեղ փողեր վճարի խաբեբաներին եւ անազնիւ «դաշնակիցներին»։

 

Գլոբալ աշխարհաքաղաքականութիւնը փոփոխական է, դաշնակիցների շարքում հաւատարմութիւնը պարտադիր չէ

Սակայն մեծ քաղաքականութիւնում հէնց այնպէս ոչինչ չի լինում։ Թրամփին շատ բաներում կարելի է մեղադրել, բայց միայն ոչ յիմարութեան եւ հարցերի նկատմամբ մակերեսային մօտեցումների` կապւած ԱՄՆ-ի տարածաշրջանային հաւակնութիւնների հետ։

Այդպէս էլ Պակիստանի հարցում, ինչպէս մեծ քաղաքականութիւնում, նկատւում է լիովին կոնկրետ «երկրորդ երես»։ Եւ այդ երեսը Չինաստանն է, որը սկսում է շատ չափանիշներով առաջ անցնել ԱՄՆ-ից։  Յատկապէս Ասիայում եւ, յատկապէս, Պակիստանի հետ փոխյարաբերութիւններում։

Արդէն ոչ ոք չի զարմանում, որ Գւադար նաւահանգստային քաղաքում (Պակիստան) Չինաստանը սկսում է կառուցել իր ռազմաբազան։ Եւ ոչ ոք չի զարմանում, որ պակիստանական տնտեսութիւնում չինական ներդրումները վերջին տարիներին բառացիօրէն աճում են հեքիաթային տեմպերով։

Ընդհանրապէս, Չինաստանը տարածաշրջանում առաջ է անցնում Ամերիկայից, եւ արդէն լրջօրէն մտածում է, որպէսզի առաւելագոյն ջանքեր գործադրի Հնդկաստանի հետ մերձենալու համար, որն էլ կարծես կը փորձի դառնալ տարածաշրջանային առաջնորդ` ի հեճուկս Պեկինի։

Ֆանտաստիկա՞ ։ Բոլորովին։ Այլ հարց է, որ Հնդկաստանը ընդհանրապէս նման չէ ծախու աղջկայ, որին կարելի է վերագնել (ինչպէս տարածաշրջանի մի քանի երկրների)։ Այդքան էլ հասկանալի չէ, թէ ինչպէս են ամերիկացիները ճողոպրելու, որպէսզի մրցակցից եւ հակառակորդից վերածւեն Դելիի բարեկամի եւ դաշնակցի։

Սակայն չպէտք է թերագնահատել անդրովկիանոսեան վերլուծաբաններին եւ քաղաքական փորձագէտներին։ Հաւանաբար, նրանց մօտ առկայ են հեռուն գնացող պլաններ։ Ուստի ամերիկացիները հանգիստ խղճով մեղադրում են իրենց դաշնակիցներին (Պակիստան) երկերեսանիութեան եւ ստի մէջ։

Եւ չեն վախենում, որ Իսլամաբադը կարող է փակել ցամաքային ուղիները` աֆղանական խմբաւորման սպառազինման համար (ինչպէս արդէն հասցրել են սպառնալ պակիստանցիները)։

 

Ինչու՞ է Պակիստանը ձգտում մուտք գործել Հարաւային Կովկաս եւ Թուրքիա

Սակայն Պակիստանն այդքան միամիտ չէ։ Արդէն մէկ տարի է` Իսլամաբադն ակտիւ գործում է Հարաւային Կովկասի եւ Միջին Արեւելքի ուղղութեամբ։ Աւելի կոնկրետ` Թուրքիայի եւ Ադրբեջանի։

Այդ երեք երկրների արտգործնախարարներն անցած տարւայ վերջին (նոյեմբերի 30) հանդիպել են Բաքւում։ Երկար են խօսել, քննարկել տարբեր ոլորտներում համագործակցութեան հնարաւորութիւնները։ Եւ ամենագլխաւորը` արդիւնքում կանգ են առել նրա վրայ, որ «Թուրքիայի եւ Պակիստանի կողմից Ադրբեջանին աջակցելը կարելի է իսլամական համերաշխութեան օրինակ համարել հայկական ագրեսիայի դէմ»։ Ահա այսպէս։

Այս համատեքստում աւելորդ է խօսել այն մասին, որ Պակիստանն այն երկրներից մէկն է, որը մինչեւ հիմա չի ճանաչել Հայաստանի Հանրապետութիւնը։ Երկրորդը, ի դէպ, Սաուդական Արաբիան է, որը Պակիստանի նման բացատրում է իր դիրքորոշումը չկարգաւորւած արցախեան հիմնահարցով։

Նոյնիսկ այս հարցում միջազգային քաղաքական ասպարէզում պակիստանցիներն աւելի ագրեսիւ են դրսեւորում իրենց։ «Քանի դեռ Հայաստանը չի կատարի ՄԱԿ ԱԽ բանաձեւը Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան վերաբերեալ, Պակիստանի որոշումն անփոփոխ կը մնայ։ Պակիստանը մեծ նշանակութիւն է տալիս Ադրբեջանի հետ եղբայրական յարաբերութիւններին»,- վերջերս Բաքւում ասել է Պակիստանի Սենատի փոխնախագահ Մոլանա Աբդուլ Գաֆուր Հայդարին։

Ահա եւ ստացւում է, որ Պակիստանը փորձում է «սողոսկել» հեռաւոր տարածաշրջաններ (իսկ Հարաւային Կովկասը եւ Մերձաւոր Արեւելքն իսկապէս հեռու են Միջին եւ Հարաւային Ասիայից) Թուրքիայի եւ Ադրբեջանի օգնութեամբ։ Որպէսզի յետոյ իր ծառայութիւններն առաջարկի նոր շեֆին` Չինաստանին։ Մեր մէջ ասած, վերջինը դեռ չի որոշել Եւրոպա տանող նոր Մետաքսէ ճանապարհի հիմնական ուղղութիւնը։

Իսլամաբադը մտադիր է առաջարկել իրեն որպէս տարանցիկ երկիր Թուրքիա գնալու ճանապարհին… Վերջին հաշւով տրամաբանական է։ Բայց Չինաստանն Ամերիկա չէ, եւ Պեկինը մտադիր չէ միլիարդաւոր դոլարներ ջուրը գցել յանուն տարածաշրջանում ինչ-որ մտացածին ազդեցութեան։

Կարելի է յիշել նաեւ 70-80-ականները, երբ ամերիկացիները միլիարդաւոր դոլարներով Պակիստանում եւ վիճելի տարածքներում գնել են ամէն ինչ` ի հեճուկս Խորհրդային Միութեան։

Ինչ էլ ոչ լինի, երկերեսանիութիւնը եւ սուտը ողջունելի չեն բարձր տարածաշրջանային աշխարհաքաղաքականութեան մէջ (թէեւ առաջին հերթին գործիք են հէնց այս ոլորտում)։ Այնպէս որ, արդէն հիմա կարելի է վստահաբար խօսել այն մասին, որ Պակիստանն աշխարհաքաղաքական յաջողութիւնների չի հասնի։ Եթէ անգամ Չինաստանն օգտւի երկերեսանի դաշնակցի ծառայութիւններից, նրան երբեք ոչ ոք չի վստահի։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։