Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 15 Յունւարի 2018 10:50

Յատուկ ծառայութիւնների պատերազմ Ադրբեջանում. Բաքուն՝ իրանական հրթիռների թիրախի տակ

Թեհրանը խիստ պատասխան կը տայ Ադրբեջանին, եթէ ապացուցւի, որ նրա տարածքն Իսրայէլի կողմից օգտագործւել է Իրանում բողոքի ակցիաներ կազմակերպելու համար:

«alikonline.ir» - Թեհրանը խիստ պատասխան կը տայ Ադրբեջանին, եթէ ապացուցւի, որ նրա տարածքն Իսրայէլի կողմից օգտագործւել է Իրանում բողոքի ակցիաներ կազմակերպելու համար, «Sputnik» Արմենիային ասաց քաղաքագէտ Սերգէյ Շաքարեանցը:

Նրա խօսքով` եթէ 2016 թւականի նոյեմբերին «Մոսսադ»-ի ղեկավար Եոսի Կոհէնը բացայայտ խոստովանեց, որ նա աշխատակիցներ ունի Ադրբեջանի պետական անվտանգութեան նախարարութիւնում, ապա նրանք կարող են օգտագործւել ցանկացած երկրում սադրանքներ հրահրելու համար:

«Կասկած չունեմ, որ դրանք օգտագործւել են բազմիցս: Իրանի դիւանագիտական ներկայացուցիչները, ում հետ բախտ եմ ունեցել շփւելու, առանձին զրոյցներում բաց կերպով ասում էին, թէ ինչ հանգամանքներում են նրանք արձանագրել Իսրայէլի յատուկ ծառայութիւնների գործունէութեան արդիւնքները»,- ասաց Շաքարեանցը:

Քաղաքագէտի խօսքով` Իրանը մի քանի անգամ բաւական խիստ է արձագանգել Ադրբեջանում ծաւալւած նման գործունէութեանը:

Նա ընդգծեց, որ Իրանի պաշտպանութեան նախարարները` Բաքու այցելելիս, մի քանի անգամ հանդիպել են երկրի բարձրագոյն ղեկավարութեան, հոգեւոր առաջնորդի հետ ու ցոյց տւել Ադրբեջանում նախատեսւած թիրախները, որոնք անհրաժեշտութեան դէպքում հրթիռային յարձակումների կը ենթարկւեն:

«Ադրբեջանը վախենում է հատել կարմիր գիծը, դրանից յետոյ Իրանի պատասխանը ջախջախիչ է լինելու»,- ասաց Շաքարեանցը:

Ադրբեջանի տարածքից երրորդ անձանց կողմից կազմակերպած ակցիաների նկատմամբ Իրանի խիստ արձագանգը, նրա խօսքով, հաստատել է նաեւ Ադրբեջանի իշխանութիւնների կողմից հետապնդւող քաղաքագետ Արիֆ Իւնուսովը:

«Եթէ հաստատւի այն տեղեկութիւնը, որ Իրանում բողոքի ակցիաները երրորդ երկրների կողմից են կառավարւում, ապա հակամիջոցներ կը կիրառւեն: Օրինակ՝ երկրում զանգւածային իրանամէտ ակցիաներ կը կազմակերպւեն: Իրանը ցոյց կը տայ, թէ ով է իրավիճակի «իրական տէրը»»,- ասաց Շաքարեանցը:

«Sputnik» Արմենիայի հետ զրոյցում իրանագէտ Արտեօմ Տօնոյեանն իր հերթին նշեց, որ երրորդ երկրների միջամտութեան մասին Իրանի իշխանութիւնները յայտնել էին դեռ բողոքի ալիքի ամենասկզբում:

«Երկրների շարքում նրանք յիշատակել էին նաեւ Իսրայէլին, ԱՄՆ-ին եւ Սաուդական Արաբիային: Իրանական ԶԼՄ-ներում ես չեմ հանդիպել գրառումների, համաձայն որոնց Իսրայէլը գործել է Ադրբեջանի տարածքից: Նման յայտարարութիւններ էին անում Ադրբեջանի բնիկ ժողովուրդները»,- ասաց Տօնոյեանը:

Ընդ որում, նրա խօսքով, նման հաւանականութիւն կայ, յատկապէս հաշւի առնելով նախկին օրինակները:

Դեռ Ահմադինեժադի նախագահութեան օրօք անդադար նման նորութիւններ յայտնւում էին, մասնաւորապէս, Թեհրանում յայտարարել էին, որ իսրայէլական անօդաչու թռչող սարքը հէնց Ադրբեջանի տարածքից է երկիր ներխուժել:

«Եւս մէկ դէպք` միջուկային տեխնոլոգիաների իրանցի մասնագէտների սպանութիւնը, որում մեղադրեցին Իսրայէլի յատուկ ծառայութիւններին: Այս անգամ եւս տեղեկութիւն էր յայտնւել, որ մարդասպանները կարող էին երկրի ներխուժել Ադրբեջանի տարածքով»,- ասաց Տօնոյեանը:

Նման նախադէպերը հաշւի առնելով՝ նա չի բացառում, որ Իրանում Իսրայէլի կողմից նաեւ վերջին ելոյթների ժամանակ կարող էր Ադրբեջանի տարածքն օգտագործւել, թէեւ ապացոյցներ դեռ չեն ներկայացւել:

Հիւսիսային հարեւանի տարածքից սպառնալիքները չէզոքացնելու համար, Տօնոյեանի խօսքով, Իրանը կրօնական գործօնն է օգտագործում: Ինչն, իր հերթին, որոշակի հակաիսրայէլական հռետորութիւն է ենթադրում:

Վառ օրինակ է մի շարք մուսուլմանական երկրներում ամէն տարի ի աջակցութիւն Պաղեստինի «Հողի պաշտպանութեան օրւայ» անցկացումը: Նման ակցիաներ, Տօնոյեանի խօսքով՝ նաեւ Ադրբեջանում են անցկացւում, դրանք ֆինանսաւորւում են Իրանի կողմից:

(Որոշակի յապաւումներով)

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։