Հա

Քաղաքական

01/02/2018

Մակրոնը բացում է Հայոց Ցեղասպանութեան թղթապանակը. Ֆրանսիայի նախագահի ելոյթը թուրքական ԶԼՄ-ների ուշադրութեան կենտրոնում

Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի կազմակերպած ամենամեայ ընթրիքին նախագահ Էմանուէլ Մակրոնի մասնակցութիւնը եւ դրա ընթացքում Հայոց Ցեղասպանութեան ու Լեռնային Ղարաբաղի վերաբերեալ արւած յայտարարութիւնները յայտնւել են թուրքական լրատւամիջոցների ուշադրութեան կենտրոնում:

«alikonline.ir» - Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի կազմակերպած ամենամեայ ընթրիքին նախագահ Էմանուէլ Մակրոնի մասնակցութիւնը եւ դրա ընթացքում Հայոց Ցեղասպանութեան ու Լեռնային Ղարաբաղի վերաբերեալ արւած յայտարարութիւնները յայտնւել են թուրքական լրատւամիջոցների ուշադրութեան կենտրոնում: «Արմէնպրես»-ի փոխանցմամբ՝ թուրքական ԶԼՄ-ները տագնապով արձանագրել են, որ Մակրոնը «բացում է Հայոց Ցեղասպանութեան թղթապանակը»:

Թուրքական ամենաընթերցւող պարբերականներից մէկը՝ «Milliyet»-ը, գրում է, որ Մակրոնը մասնակցել է ընթրիքին, որին ներկայ են եղել հայկական լոբբիի յայտնի դէմքեր: «Ինչպէս եւ խոստացել էր նախընտրական քարոզարշաւի ընթացքում՝ Մակրոնն ասել է, որ այսպէս կոչւած Հայոց Ցեղասպանութեան յիշատակի օրը ներառելու է օրացոյցում: Նա լսել է հայկական լաբբիի պահանջները»,- գրում է պարբերականը:

«Sabah» պարբերականը հրապարակել է լուրը «Մակրոնի երկրորդ ամբարտաւան ելոյթը» վերնագրով՝ յիշատակելով, որ նախօրէին նա իր դժգոհութիւնն էր յայտնել սիրիական Աֆրին շրջանում Թուրքիայի գործողութիւնների առնչութեամբ: «Այս անգամ օրակարգ բերելով 1915 թւականի դէպքերը՝ նա շարունակեց իր սադրիչ վերաբերմունքը»,- գրում է լրատւամիջոցը:

Լրատւամիջոցներից միւսը՝ «Star»-ը, մէջբերել է Մակրոնի խօսքերը, որտեղ Ֆրանսիայի նախագահն ասել էր. «Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ արդարութեան համար պայքարը բոլորիս պայքարն է: Մենք միանում ենք այդ պայքարին՝ աջակցելով ցեղասպանութեան յիշատակի օրն օրացոյցում ամրագրելու նախաձեռնութեանը»:

«Haber7»-ը գրում է. «Անկարային զայրացրած Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը, ով «Ձիթենու ճիւղ» գործողութեան վերաբերեալ ասել էր, թէ դա չպէտք է վերածւի Սիրիայի հիւսիսը օկուպացնելու գործողութեան, յայտարարել է, որ Ֆրանսիայում այսպէս կոչւած «Հայոց Ցեղասպանութեան յիշատակի օր» է յայտարարւելու»:

Թուրքական «NTV»-ն մէջբերել է Մակրոնի խօսքերը՝ նշելով. «Հայկական պնդումները կրկին կարող են խորհրդարանի օրակարգ բերւել»: «Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը ուղերձ է տւել այն մասին, որ Ֆրանսիայի խորհրդարանն առաջիկայ ամիսների ընթացքում կարող է կրկին օրակարգում ներառել 1915 թւականի դէպքերը»,- գրում է լրատւամիջոցը:

Խորհրդարանում Հայոց Ցեղասպանութեան հարցը կրկին ներառելու մասին Մակրոնի յայտարարութիւնն է շեշտադրել նաեւ «Akşam» պարբերականը՝ նշելով, որ ընթրիքին մասնակցել է նաեւ Թուրքիայի հայ պատգամաւոր Գարօ Փայլանը:

Թուրքական «Ihlas» գործակալութիւնը լուրը հրապարակել է «Սկանդալային որոշում Ֆրանսիայում» խորագրով՝ նշելով, որ այդ երկրում Հայոց Ցեղասպանութեան յիշատակի օրը կարող է պաշտօնապէս ամրագրւել ֆրանսիական օրացոյցում:

Ազգայնական «Yeniçağ» պարբերականն էլ նշել է, թէ «Մակրոնը շարունակում է հակաթուրքական նախաձեռնութիւնները»: Միաժամանակ այն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան վերաբերեալ Ֆրանսիայի նախագահի յայտարարութեանը, որում Մակրոնը նշել էր, թե ներկայում ԼՂ այցելութիւնը կարող է բացասաբար անդրադառնալ բանակցային գործընթացի վրայ:

Իսկ «BirGün» պարբերականը լուրը հրապարակել է «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութեան անդամ Փայլանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ» խորագրով՝ գրելով, որ մեջլիսի պատգամաւորը յորդորել է աչալուրջ լինել Աֆրինում տեղի ունեցող գործողութիւնների առնչութեամբ:

Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի կազմակերպած ամենամեայ ընթրիքին  ծաւալուն յօդւածով մանրամասնօրէն անդրադարձել են գերմանական «Deutsche Welle»-ի եւ ռուսական «Sputnik»-ի թուրքական ծառայութիւնները:

«Մակրոնը բացում է հայկական թղթապանակը». նման խորագրով է նիւթը հրապարակել «Deutsche Welle»-ն՝ նշելով, որ թուրք-ֆրանսիական յարաբերութիւնները առաջիկայ ամիսներին Հայոց Ցեղասպանութեան հարցի պատճառով կարող են կրկին ճգնաժամ ապրել, քանի որ Մակրոնն ուղերձ է յղել այն մասին, որ հարցը կարող է ներառւել խորհրդարանի օրակարգ: Լրատւամիջոցը յայտնում է, որ Ֆրանսիայի նախագահը յատուկ ողջունել է մեջլիսի պատգամաւոր Փայլանին՝ նշելով, որ նրա պէս անձինք, ովքեր պայքարում են մարդու իրաւունքների համար, պէտք է աջակցութիւն ստանան: «Deutsche Welle»-ն յայտնել է նաեւ, որ ընթրիքի ժամանակ պատգամաւորն արժանացել է Փարիզի քաղաքապետի պատւոյ մեդալի:

Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի կազմակերպած ամենամեայ ընթրիքին Մակրոնի յայտարարութիւնները տեղ են գտել մի քանի տասնեակ այլ թուրքական լրատւամիջոցներում եւս:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։