Հա

Քաղաքական

03/02/2018

Տհաճ անակնկալ Երեւանի համար. արդեօ՞ք Բաքուն բելառուսական «Պոլոնեզ» կունենայ

Բելառուսիան ձգտում է իր տեղը զբաղեցնել սպառազինութեան համաշխարհային շուկայում, եւ բելառուսական «Պոլոնեզ» հրթիռային համակարգերը կարող են լաւ այցեքարտ դառնալ։ Իսկ որքանո՞վ է դա Հայաստանին հետաքրքիր:

«alikonline.ir» - Բելառուսական «Պոլոնեզ» հրթիռային համակարգերի թեման, որոնք ինչպէս յայտնի է դեռ մի քանի ամիս առաջ ակտիւօրէն «գնում» էր Ադրբեջանը, կրկին արդիական է։ Կրակի վրայ բենզին է լցրել Բելառուսիայի ռազմաարդիւնաբերական պետական կոմիտէի նախագահ Օլեգ Դւիգալեւ։ Նա յայտնել է, որ Մինսկը չի բացառում, որ ԱՊՀ երկրներ կարող են համազարկային կրակի ռեակտիւ համակարգեր մատակարարւել։ Այդպիսով, տեսականօրէն չի կարելի բացառել, որ Բաքուն կարող է այդ հրթիռների առաջին գնորդը դառնալ։ «Sputnik» Արմենիայում գրում է Աշոտ Սաֆարեանը:

Դեռեւս անցեալ տարւայ հոկտեմբերին Մինսկ աշխատանքային այցով այցելեց Ադրբեջանի պաշտպանութեան նախարար Զաքիր Հասանովը։ Ադրբեջանական ԶԼՄ-ների տւեալներով` բելառուսական ղեկավարութեան հետ քննարկվում էր Բաքւի կողմից նշւած հրթիռային համալիրների ձեռքբերման հարցը։ Եւ անկախ նրանից, որ խօսքն իրենց նշանակութեամբ, գործառոյթներով ու մարտական խնդիրների իրականացման բացարձակ տարբեր միջոցների մասին է, Բաքւում ակտիւօրէն քննարկում էին այդ հարցը` «Պոլոնեզներ»-ի ձեռքբերումը ներկայացնելով պատասխան «Իսկանդերներ»-ին, որոնք ունի հայկական բանակը։

Բաքւի եւ Մինսկի ռազմատեխնիկական համագործակցութիւնը երկար պատմութիւն ունի, ասում է ազգութեամբ հայ ռազմական վերլուծաբան Դաւիթ Յարութիւնովը։ Բելառուսիան վերջին տարիների ընթացքում Ադրբեջանին մեծ քանակութեամբ զրահատեխնիկայ եւ հրետանային համակարգեր է մատակարարել։

««Պոլոնեզներ»-ի վաճառքն այդ համագործակցութիւնը որակապէս նոր մակարդակի կը հանի` խաթարելով տարածաշրջանում առկայ ուժերի նուրբ հաւասարակշռութիւնը։ Անկասկած, «Պոլոնեզներ»-ը համարել ադեկւատ պատասխան «Իսկանդերներ»-ին չի կարելի, սակայն գործարքը հայկական կողմի համար բաւական տհաճ անակնկալ կը լինի»,- «Sputnik» Արմենիային տւած հարցազրոյցում ասաց փորձագէտը։

Քաղաքական եւ ռազմական վերլուծութեան ինստիտուտի փոխտնօրէն Ալեքսանդր Խրամչիխինի կարծիքով` «Պոլոնեզ»-ը որոշակի առումով իսկապէս կարող է լաւ պատասխան լինել «Իսկանդերներ»-ին` հաշւի առնելով որոշակի միանման չափանիշներ, այդ թւում նաեւ հեռահարութիւնը։ Սակայն, միեւնոյն ժամանակ, ներկայ պահին Ադրբեջանին դրանց մատակարարման հաւանականութիւնը փորձագէտը ցածր է համարում։ Ինչպէս նշել է Խրամչիխինը, Բելառուսիան ինքը դեռ չի հասցրել համալրել իր զինանոցը զէնքի նշւած տեսակով։

«Sputnik» Արմենիայի հետ զրոյցում Խրամչիխինն աւելացրեց, որ նա չունի այնպիսի տեղեկութիւն, որը կը հաստատէր մօտ ժամանակներում Ադրբեջանին «Պոլոնեզ»-ի մատակարարումը, բացառութեամբ «ներքին աղբիւրներից» ստացւած տեղեկատւութեան։ «Ապագայում, հաւանաբար, այդ համակարգերը կը յայտնւեն Բաքւի ձեռքում, սակայն դրա համար որոշակի ժամանակ է պահանջւում»,- ընդգծեց նա։

Մի փոքր այլ տեսակէտ ունի «Ազգային պաշտպանութիւն» ամսագրի գլխաւոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն։ Նա կարծում է, որ Բելառուսիան ռազմարդիւնաբերական համալիրը պատրաստ է արտահանելը այդ համակարգերը։

«Բելառուսիայի ռազմարդիւնաբերական համալիրը բաւական ակտիւ է աշխատում այդ ուղղութեամբ, նախագիծն ընդհանուր առմամբ բաւականին յաջողւած է։ Հարցը միայն այն է, թէ ԱՊՀ կամ ՀԱՊԿ երկրները որքանով են պատրաստ այդ ձեռքբերմանը։ Բնականաբար, դա, առաջին հերթին, կոմերցիոն նախագիծ է, եւ այդ խնդրի լուծումը կախւած է Մինսկի պոտենցիալ գործընկերների վճարունակ լինելուց»,- «Sputnik» Արմենիայի հետ զրոյցում նշեց Կորոտչենկոն։

Հարկ է սակայն յիշեցնել, որ յետխորհրդային տարածքի սպառազինութեան շուկայում խոշոր խաղացողը Ռուսաստանն է։ Եւ այդ շուկայ նոր սուբիեկտի` ի դէմս բելառուսական ՌԱՀ-ի, մուտք գործելը կարող է հակասել Մոսկւայի շահերին։ Հարց է ծագում` ինչպէս կարձագանգի ռուսական կողմը հաւանական գործարքներին։ Սրան ի պատասխան Կորոտչենկոն պատասխանեց, որ Բելառուսիան` ինքնուրոյն սուբիեկտ է, եւ մի շարք դէպքերում երկու դաշնակիցների շահերը կարող են չհամընկնել ու հակասել իրար։

«Սակայն սա բիզնես է, եւ ոչինչ անել այստեղ հնարաւոր չէ»,- աւելացրեց նա։

«Պոլոնեզ» համակարգը նախատեսւած է հակառակորդի ցանկացած խմբային կամ կէտային թիրախները, կենդանի ուժը եւ զինտեխնիկան խոցելու համար։ Այն ներառում է մարտական հսկողութեան մեքենայ, տրանսպորտալիցքաւորող մեքենայ եւ տարբեր նշանակութեան հրթիռներ` տրանսպորտագործարկման կոնտէյներներում։

Անցեալ տարի Բելառուսիան «Պոլոնեզ»-ի արդիականացւած տարբերակներ փորձարկեց, այդ թւում նաեւ` մարտական հրաձգութեամբ, կրակոցների հեռահարութիւնը հասնում էր 300 կմ.-ի։

Իր մարտավարատեխնիկական բնութագրերով տւեալ համազարկային կրակի ռէակտիւ համակարգերը գերազանցում են ռուսական տարբերակներին, մասնաւորապէս, «Սմերչեր»-ին, որոնց հեռահարութիւնը 90 կմ. է։

Համազարկային կրակի ռէակտիւ համակարգերի տեղափոխման համար օգտագործւում են Մինսկի անւային քարշակների գործարանի արտադրւած շասսիներ, իսկ հրթիռները, մի շարք փորձագէտների կարծիքով, մշակւած են չինացի մասնագէտների աջակցութեամբ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։