Հա

Քաղաքական

03/02/2018 - 12:20

 «The Economist». «ՆԱՏՕ-ի եւ Թուրքիայի յարաբերութիւնները նման են դժբախտ ամուսնութեան»

Բրիտանական հեղինակաւոր «The Economist» պարբերականն անդրադարձել է ՆԱՏՕ-Թուրքիա յարաբերութիւններում առկայ տարաձայնութիւններին ու յատկապէս Թուրքիայի կողմից ռուսական «S-400» զենիթահրթիռային համակարգերի գնման գործարքից յետոյ հնարաւոր նոր լարւածութեանը: 

«alikonline.ir» - Բրիտանական հեղինակաւոր «The Economist» պարբերականն անդրադարձել է ՆԱՏՕ-Թուրքիա յարաբերութիւններում առկայ տարաձայնութիւններին ու յատկապէս Թուրքիայի կողմից ռուսական «S-400» զենիթահրթիռային համակարգերի գնման գործարքից յետոյ հնարաւոր նոր լարւածութեանը: Գրում է «tert.am»-ը:

Ըստ հեղինակի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նեղացած է դաշնակից երկրներից՝ իրեն ուղղւած բազմաթիւ քննադատութիւնների եւ Թուրքիայում բռնապետական ռեժիմ հաստատելու մասին մեղադրանքների պատճառով: Ու թէեւ այդ ամէնին զուգընթաց Ռուսաստանը պարբերաբար հանդէս է գալիս Էրդողանին սատարող քայլերով՝ Թուրքիան ստիպւած կը լինի որոշակի ընտրութիւն կատարել, քանի որ ՆԱՏՕ-ն չի կարող աչք փակել որոշ իրողութիւնների վրայ:

«Այս հարցում ամենախնդրայարոյցը «F-35» ամերիկեան կործանիչների արտադրութեան ծրագրում Թուրքիայի, որպէս գործընկեր, ներառւած լինելն է: Այս կործանիչներն առաջիկայ 30 տարւայ համար լինելու են ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի հիմնական հենասիւներից մէկը, դրանցից 116 միաւոր յատկացւելու է Թուրքիային: Այսպիսով՝ Թուրքիան, ունենալով տեղեկատւութիւն եւ՛ ռուսական «S-400» համակարգերի, եւ՛ «F-35» ինքնաթիռների վերաբերեալ, կարող է բացառիկ հնարաւորութիւնների տէր դառնալ, իսկ Ռուսաստանն էլ կարող է օգտւել այդ իրավիճակից»,- գրում է պարբերականը՝ նշելով այս առիթով ամերիկացի փորձագէտների ունեցած լուրջ մտահոգութիւնների մասին: 

Ըստ «The Economist»-ի՝ Թուրքիային չի յաջողւի հաւասարակշռել այս յարաբերութիւնները:

«Կա՛մ Թուրքիան պէտք է վճռականօրէն չեղարկի «S-400»-ները ձեռք բերելու գործընթացը, կա՛մ նրանց պէտք է հասկացնել, որ իրենք պարզապէս չեն կարողանայ գնել «F-35» կործանիչները: Արդիւնքում միմեանց նետւած մարտահրաւէրները կարող են յանգեցնել Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի կազմից դուրս գալուն»,- գրում է պարբերականը:

Հեղինակը, սակայն, նշում է, որ Արեւմուտքում դեռ յոյս ունեն, որ Էրդողանը գիտակցում է, որ Ռուսաստանն իրենց օգտագործում է յստակ շահերի համար եւ ՆԱՏՕ-ի փոխարէն Թուրքիայի համար երկարաժամկէտ այլընտրանք լինել չի կարող:

Վերջում պարբերականը զաւեշտական կերպով նմանեցրել է ՆԱՏՕ-ին ու Թուրքիային դժբախտ ամուսինների, որոնք ոչ երջանիկ ամուսնութեան մէջ են, սակայն պարտաւոր են հարթել իրավիճակը:

«Ինչպէս մի շարք դժբախտ ամուսնութիւնների դէպքում՝ այստեղ էլ մի ճշմարտութիւն կայ. Թուրքիայի եւ ՆԱՏՕ-ի միջեւ ինչքան էլ անհարթութիւններ լինեն, նրանք յարաբերութիւնները շարունակելու ուղղութեամբ աշխատանք տանելուն այլընտրանք չունեն»,- գրում է պարբերականը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։