Հա

Քաղաքական

Կիրակի, 04 Փետրւարի 2018 10:40

Թուրքական բանակը կը մարսի՞ Էրդողանի «ձիթենիները»

Կարծես թէ իրականանանում են բազմաթիւ փորձագէտների եւ քաղաքական գործիչների այն կանխատեսումները, որոնց համաձան՝ Թուրքիան, իբրեւ թէ քուրդ ահաբեկիչների դէմ պայքարելու համար Սիրիա ներխուժելով, դեռ երկար կը մնայ այնտեղ:

«alikonline.ir» - «Ձիթենու ճիւղը», ինչպէս որ Թուրքիայի նախագահը ցինիկօրէն բնորոշում է բազմագոյն սիրիական ընդդիմութեան եւ ահաբեկչական խմբաւորումների մնացուկների հետ համատեղ իր երկրի կանոնաւոր զօրքերի իրականացրած ռազմական գործողութիւնները, կարող է թորշոմել, եթէ այն պարբերաբար չջրեն թուրք զինւորների, քրդերի դէմ պայքարելու համար նրանց միացած ահաբեկիչների եւ, որն ամենասարսափելին է, խաղաղ բնակիչների արիւնով։ Չնայած արիւնն այն նիւթը չէ, որը կարող է կանգնեցնել ենիչերին, առաւել եւս էրդողանական։ Գրում է «Sputnik» Արմենիայի սիւնակագիր Ռուբէն Գիւլմիսարեանը:

Մեգալոմանիան հոգեբանական եզրոյթ է, որով բնորոշւում է մեծամտութիւնը. դա մարդու մտածողութեան եւ վարքի յատուկ դրսեւորում է, որն արտայայտւում է սեփական կարեւորութիւնը, հանրաճանաչութիւնը, հարստութիւնը, իշխանութիւնը, հանճարեղութիւնը, քաղաքական ազդեցութիւնն ուռճացնելու եւ գերագնահատելու միջոցով՝ ընդուպ մինչեւ ինքն իրեն ամենակարող համարելը։ Ֆրանսիական «Causeur» պարբերականը Էրդողանի՝ ռազմական գործողութիւններ հրահելու ձգտման հիմնական պատճառ է համարել նրա մեգալոմանիան, անպատասխանատւութիւնն ու քրդերի նկատմամբ վախի եւ ատելութեան պայթուցիկ խառնուրդը։ Եւ եթէ փորձենք իրավիճակը հնարաւորինս սառնասրտօրէն վերլուծել, ֆրանսիացիների հետ դժւար է չհամաձայնել։

Գուցէ այդ պատճառով է, որ իրադարձութիւններով հետաքրքրւած մասնակիցներից ոչ ոք այդպէս էլ դէմ չարտայայտւեց Թուրքիայի գործողութիւններին։ Թէեւ պաշտօնական Դամասկոսը չէր կարող չյայտարարել, որ Թուրքիան ագրեսիա է իրականացնում Դամասկոսի ինքնիշխանութեան դէմ, սակայն նա հակամիջոցներ այդպէս էլ չգործադրեցին։ Ինչո՞ւ։

Գուցէ այն պատճառով, որ այժմ Էրդողանը երկարաժամկէտ հեռանկարում քայլեր է ձեռնարկում պաշտօնական Դամասկոսի օգտին։ Էրդողանն իր ճիւղաւորումներով այժմ Ասադի համար, այսպէս ասած, «օգտակար յիմարի» դերում է։

Իհարկէ, թուրքին, եթէ նա որեւէ տեղ թրով է եկել (իսկ նա այլ կերպ չի էլ գալիս), շատ դժւար է յետ ուղարկելը, իսկ երբեմն էլ նոյնիսկ անհնար։ Սակայն 21-րդ դարում միջազգային հանրութիւնը ամենատարբեր կողմերից ուշադիր հետեւում է իրադարձութիւններին եւ շատ լաւ յիշում Էրդողանի խոստումը՝ մեգալոմանիայի ձիթենու նոպան աւարտւելուց յետոյ վերադառնալու մասին։ Ենթադրւում է, որ բոլոր կողմերն՝ առանց բացառութեան, հետեւողական կը լինեն այդ խոստմանը։

Իսկ երբ քրդերի հետ բաւականաչափ կռիւ տւած Էրդողանը հեռանայ Սիրիայից՝ ինքնակամ կամ ստիպողաբար, ապա հասկանալի է, որ նրա տեղը կը զբաղեցնի պաշտօնական Դամասկոսը, եւ կը ստացւի, որ Էրդողանը կրակից շագանակ իր՝ սիրելիի համար չէր հանում։ Թուրքիայի նախագահն, անկասկած, հասկանում էր դէպքերի նման զարգացումը, սակայն մեգալոմանիան եւ անպատասխանատւութիւնը այս հարցում առաջնային դեր խաղացին։ Նա, հաւանաբար, որոշել էր, որ այս դէպքում կարելի է կրկնել Հիւսիսային Կիպրոսի սցենարը: Բայց այսօր նման բան դժւար ստացւի։

Այնտեղ, իհարկէ, «տանտիրութիւն» կանեն մինչեւ վերջ չխոցւած ահաբեկչական խմբաւորումների մնացուկները. կասկած չկայ, որ նրանք այդ տարածքում մեծ տոկոս են կազմում։ Այդ խմբերի անդամներին մի քիչ էլ կը ջախջախեն, բայց նրանք կը փորձեն վերախմբաւորւել, իսկ մեծ մասը կը հեռանայ Թուրքիայի տարածքով։

Այդ ժամանակ բոլորը պէտք է ուշադիր լինեն, յատկապէս տարածաշրջանին յարող երկրները։ Արդէն իսկ յաճախակի են դարձել Հարաւային Կովկասի Հանրապետութիւններում սահմանային խախտումների դէպքերը, եւ պէտք չէ կարծել, թէ սահմանը խախտողները պարզապէս մոլորւած հովիւներ են։

Որքան էլ ուժեղ լինի թուրքական բանակը, ձիթապտղի ճիւղերը դժւար թէ նրան օգտակար լինեն։ Խնդիրը ոչ այդքան բանակի մէջ է, այլ երկրի քաղաքական կշռի. այն անկասկած կը տուժի։ Այդ հեղինակութիւնն արդէն փլուզւում է, թէեւ Էրդողանն այնքան է կուրացած իր անձով, որ դա չի նկատում։

Մնում են քրդերը։ Բայց նրանք սպառնալիք չեն։ Քրդերն այդ տարածքում ընդամենը երրորդ ուժի օգնութեամբ զինւած եթէ ոչ խաղազինւոր, ապա շախմատի ձիու նման թեթեւ խաղաքար են։ Այդ տեսանկիւնից սիրիական դաշտում դեռ նոր է սկսւում խաղակէսը, բայց ձիուն արդէն զոհաբերել են։

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ