Հա

Քաղաքական

07/02/2018

Մակրոնը փորձեց պատժել Թուրքիային Աֆրինի համար. հայեացք Երեւանից

Մակրոնի` վերջերս արւած յայտարարութիւնն այն մասին, որ Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակի օրն անհրաժեշտ է ներառել Ֆրանսիայի ազգային օրացոյցում, ինչպէս նաեւ երկրի խորհրդարանում վերսկսել Ցեղասպանութիւնը ժխտելու քրէականացման մասին օրինագծի քննարկումը, Անկարայի հաւակնութիւնները զսպելու նպատակ են հետապնդում։

«alikonline.ir» - Սիրիական Աֆրինում քրդերի դէմ թուրքական բանակի գործողութիւնները եւրոպական երկրների առաջնորդներին` մասնաւորապէս Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնին ստիպում են Անկարայի հաւակնութիւնները զսպելու քայլեր ձեռնարկել։ Փետրւարի 6-ին մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք յայտնեց քաղաքագէտ Ալեքսանդր Մանասեանը։ Տեղեկացնում է «Sputnik» Արմենիան:

«Հնարաւոր է` հէնց այդ գործօնով է պայմանաւորւած Մակրոնի` վերջերս արւած յայտարարութիւնն այն մասին, որ Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակի օրն անհրաժեշտ է ներառել Ֆրանսիայի ազգային օրացոյցում, ինչպէս նաեւ վերսկսել խորհրդարանում Ցեղասպանութիւնը ժխտելու քրէականացման մասին օրինագծի քննարկումը»,- ասաց Մանասեանը։

Յիշեցնենք, որ տւեալ յայտարարութիւնը պաշտօնական Անկարայի բուռն քննադատութիւններին արժանացաւ։

Քաղաքագէտի կարծիքով` պատմական փորձը ցոյց է տալիս` երբ Թուրքիան որեւէ մէկի տարածք է ներխուժում, այնտեղ էլ մնում է։ Այդպէս եղաւ, մասնաւորապէս, Հիւսիսային Կիպրոսի դէպքում։

«Եւրոպայում հասկանում են, որ թուրքերը կարող են երկար մնալ Սիրիայում։ Դրանից ելնելով` կանխարգելիչ միջոցներ են ձեռնարկում։ Հաշւի առնելով Օսմանեան կայսրութիւնում Հայոց Ցեղասպանութեան նկատմամբ Անկարայի չափազանց ցաւագին վերաբերմունքը, այդ թեման լաւ յաղթաթուղթ է պաշտօնական Փարիզի համար», – նշեց Մանասեանը։

Փորձագէտը յօրդորեց, որպէսզի հայկական կողմը Ֆրանսիայի նման ուղերձներին առանց աւելորդ յոյզերի վերաբերւի` գիտակցելով, որ Փարիզը յաճախ կարող է իր շահերից դրդւած գործել։ Մանաւանդ, որ դեռ անյայտ է` որքանով Ֆրանսիան այդ հարցում հետեւողական կը լինի։

«Չի բացառվում, որ երկրի Սահմանադրական դատարանն այս անգամ էլ Մակրոնի նախաձեռնութիւնը հակասահմանադրական յայտարարի։ Այդպէս եղաւ 2012 թւականի յունւարին»,- յիշեցրեց քաղաքագէտը։

Միաժամանակ Մանասեանը նշեց` եթէ Փարիզը հետեւողական քաղաքականութիւն վարի Թուրքիային զսպելու հարցում, ապա կարող է լաւ արդիւնքների հասնել։

«Ֆրանսիան փորձում է ցոյց տալ, որ Թուրքիան ցեղասպանածին պետութիւն է։ Դա սպառնում է Անկարայի հեղինակութեանը եւ կարող է միջազգային ասպարէզում նպաստել նրա մեկուսացմանը` ցանկացած տնտեսական պատժամիջոցներից աւելի մեծ վնաս հասցնելով»,- կարծում է փորձագէտը։


Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։