Հա

Քաղաքական

07/02/2018

Ինչպէս Հռոմի պապը հրէշ Էրդողանին ցոյց տւեց ճշմարիտ ուղին

Համաշխարհային մամուլն անդրադարձել է Էրդողանին Հռոմի պապի կողմից արւած ընծային` հրեշտակի եւ հրէշի պատկերներով մեդալիոնին։ Հրեշտակն ու հրէշը խորհրդանշում են չարն ու բարին։ «Sputnik» Արմենիայի սիւնակագիր Ռուբէն Գիւլմիսարեանը մտորում է այն մասին, թէ ինչ կարող էր քահանայապետն ակնարկել այդ նւէրով:

«alikonline.ir» - Թուրքիայի նախագահը մեծ յոյսերով էր մեկնել Հռոմի պապ Ֆրանցիսկոս առաջինի հետ հանդիպմանը։ Նրան հարկաւոր էր Երուսաղէմի հարցում ստանալ Հռոմի պապի աջակցութիւնը, քննարկել Սիրիայի եւ Իրաքի խնդիրները, հասկանալ` չի՞ փոխւել արդեօք Վատիկանի անսասան դիրքորոշումը Հայոց Ցեղասպանութեան եւ հայ-թուրքական յարաբերութիւնների վերաբերեալ։

Չնայած «Էրդողան» եւ «Վատիկան» հասկացութիւնների անհամատեղելիութեանը (ինչը պայմանաւորւած չէ կրօնական հայեացքների տարբերութեամբ)` Ֆրանցիսկոսը, բնականաբար, չէր կարող հրաժարւել այդ հանդիպումից։ Առաւել եւս, որ այն կարող էր շատ բան յստակեցնել Վատիկանի եւ Անկարայի լարւած յարաբերութիւնների հարցում։

Բանն այն է, որ 2015 թւականի ապրիլին Վատիկանում անցկացւող պատարագի ժամանակ Հռոմի պապը շոշափել էր Հայոց Ցեղասպանութեան թեման` այն անւանելով 20–րդ դարի առաջին Ցեղասպանութիւնը եւ յիշեցնելով Յովհաննէս Պօղոս 2-րդի եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ստորագրած հռչակագրի մասին։ Թուրքիան դրանից յետոյ, իր սովորութեան համաձայն, հիստերիա բարձրացրեց` Վատիկանից յետ կանչելով իր դեսպանին եւ Հռոմի պապին մեղադրելով պատմական հարցը քաղաքականացնելու մէջ։

Թուրքիան Վատիկանի հետ այդույետ շփւում էր գործերի ժամանակաւոր հաւատարմատարի մակարդակով, իսկ թուրք դեսպանը Վատիկան վերադարձաւ միայն 2016 թւականի փետրւարին երկկողմ բանակցութիւններից յետոյ։ Սակայն դա չի փոխել Ֆրանցիսկոսի դիրքորոշումը եւ բառացիօրէն մի քանի շաբաթ անց Պապը կրկին արտասանեց «Ցեղասպանութիւն» բառը` այս անգամ արդէն Հայաստանում։

Վատիկանի առաքելական գրադարանում Հռոմի պապի եւ Էրդողանի հանդիպումը տեղի է ունեցել փակ դռների յետեւում։ Կարելի է պնդել, որ հանդիպման ժամանակ շոշափւել է Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու թեման։ Այդ մասին մամուլում հաւաստի տեղեկութիւններ են եղել։ Վատիկանի եւ Անկարայի դիրքորոշումների համընկնում այդ հարցում կանխատեսելի էր եւ սպասելի։

Թերեւս դա միակ հարցն է, որում նրանց կարծիքները համընկել են։ Էրդողանն Ապենիններում ամենացանկալի հիւրը չէ։ Այցի կապակցութեամբ անվտանգութեան խստացւած միջոցառումներ են ձեռնարկւել, շատ իտալացի քաղաքական գործիչներ կտրուկ դէմ են եղել Թուրքիայի առաջնորդի այցին։ Իսկ երկուշաբթի կէսօրից յետոյ բախումներ են եղել իրաւապահ ուժերի եւ Էրդողանի այցի դէմ ցոյցի դուրս եկած մասնակիցների միջեւ։ Սուրբ հրեշտակի ամրոցի մօտ կայացած բողոքի ակցիային մասնակցել է մօտ 150 մարդ։ Ցուցարար քրդերի խումբը «Էրդողանը դահիճ է» պաստառով փորձել է անցնել Սուրբ Պետրոսի տաճարի կողմը։

Զրուցակիցները խօսել են մօտ մէկ ժամ։ Նաեւ կարելի է պնդել, հաւաստիացնել, որ նրանք անդրադարձել են հայ-թուրքական յարաբերութիւնների թեմային։ Որոշ փորձագէտների կարծիքով Էրդողանը հնարաւոր է օգնութիւն խնդրի Վատիկանից Հայաստանի հետ հաշտւելու հարցում, ինչը նրան թոյլ կը տայ բարելաւել միջազգային ասպարէզում իր խաթարւած հեղինակութիւնը եւ Թուրքիայի համար կարեւոր մի շարք հարցեր լուծել։

Փորձագէտները դա հիմնաւորել են նրանով, որ Հռոմի պապը բաւականին յարմար միջնորդ է Երեւանի եւ Անկարայի հաշտեցման համար, քանի որ Վատիկանը վայելու է Հայաստանի վստահութիւնը, ինչպէս նաեւ չի մասնակցում արցախեան հակամարտութեան բարդ գործընթացին, ուստի կարող է որպէս չէզոք կողմ ներկայանալ։

Իհարկէ, Էրդողանն առիթը բաց չէր թողնի Սիրիայի եւ Իրաքի իրադարձութիւնների վերաբերեալ Հռոմի պապի կարծիքն իմանալու համար` մասնաւորապէս Աֆրինի շրջան թուրքական բանակի ներխուժման վերաբերեալ։ Եւ հազիւ թէ Հռոմի պապի դիրքորոշումը Թուրքիայի նախագահի սրտով լինէր, եթէ, իհարկէ, սրբազան քահանայապետը հարկ է համարել բացատրութիւններ տալ։

Ամենայն հաւանականութեամբ, Էրդողանը Հռոմի պապի հետ հանդիպումից մեծ բաւականութիւն չի ստացել. Դժւար թէ յաջողւէր համոզել Ֆրանցիսկոսին փոխել իր կարծիքը պաշտօնական Անկարային յուզող իրադարձութիւնների վերաբերեալ։ Թէեւ միայն հանդիպելու հանգամանքն արդէն Էրդողանի շահերից է։

Բանակցութիւններից յետոյ Հռոմի պապն Էրդողանին բրոնզէ մեդալիոն է նւիրել, որի վրայ հրեշտակ եւ վիշապ են պատկերւած։ «Սա խաղաղութեան հրեշտակ է, որը խեղդում է պատերազմի հրէշին։ Սա աշխարհի խորհրդանիշն է, որը կառուցւում է արդարութեան եւ կարգուկանոնի վրայ»,- ասել է Ֆրանցիսկոսը։

Հնարաւոր է` այդ ընծան անթաքոյց ենթատեքստ ունի. ժամանակակից աշխարհի «պատերազմի դեւերից» մէկը հէնց Էրդողանն է, իսկ աշխարհը, որում կը ցանկանար ապրել Թուրքիայի նախագահը, արդարութիւնից շատ հեռու է։ Հետաքրքիր կը լինէր տեսնել Էրդողանի դէմքը նւէրը յանձնելու պահին։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։