Հա

Քաղաքական

10/02/2018

Թուրքիայի «քամելէոն սուլթան» Էրդողանը փորձեց գայթակղել Իտալիային, բայց սպասումները չարդարացան. իտալական լրատւամիջոցներն Էրդողանի՝ Հռոմ այցի մասին

Թուրքիայի «քամելէոն սուլթան» Ռեջեբ Թայիբ Էրդողանը, այցելելով Իտալիա, փորձեց գայթակղել երկրին՝ օգնութիւն խնդրելով Եւրոմիութեանն անդամակցութեան հարցում: 

«alikonline.ir» - Թուրքիայի «քամելէոն սուլթան» Ռեջեբ Թայիբ Էրդողանը, այցելելով Իտալիա, փորձեց գայթակղել երկրին՝ օգնութիւն խնդրելով Եւրոմիութեանն անդամակցութեան հարցում: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ գրում է իտալական «Corriere della Sera»-ն:

«Էրդողանը Հռոմում. քիչ ժպիտներ եւ շատ անվստահութիւն» վերտառութեամբ յօդւածում։ Պարբերականը գրում է, որ այդ խնդրանքն այնքան էլ վստահութեան արժանի չէ, քանի որ Էրդողանն ինքը դրան չի հաւատում եւ նաեւ այն պատճառով, որ նա գիտի, որ Եւրոպան չի կարող ընդունել մի երկրի, որը բանտարկում է ցանկացած մէկի, ով չի մտածում այնպէս, ինչպէս իրենց ղեկավարը:

Էրդողանը յոյս ունէր իր կողմը թեքել ընտրութիւնների նախաշեմին իտալական որոշ կուսակցութիւնների, բայց այդ քայլը ծիծաղելի է քաղաքականապէս թէկուզեւ շփոթւած, բայց ոչ յիմար Իտալիայում, գրում է պարբերականը։

Թերթը, անդրադառնալով Էրդողանի եւ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հանդիպմանը, ընդգծում է, որ Հռոմի պապն Էրդողանին չափազանց խորհրդանշական նւէր մատուցեց՝ բրոնզէ մեդալիոն, որի վրայ, ըստ Պապի՝ «խաղաղութեան հրեշտակն է, որը խեղդում է պատերազմի հրեշին»:

«Սուլթանը փորձեց Հռոմի պապի դրական տրամադրւածութիւնը շահել՝ վկայակոչելով Երուսաղէմի կարգավիճակի հարցում ընդհանուր դիրքորոշումը, բայց նա դրան ի պատասխան լսեց անկեղծ խօսքեր մարդու իրաւունքների եւ սիրիական Աֆրինում քրդերի նկատմամբ ռմբակոծութիւնների մասին»,- գրում է «Corriere della Sera»-ն:

«Il Sole 24 Ore»-ն «Էրդողանի հետ երկխօսութիւնը հնարաւոր է, բայց պէտք է յարգել մարդու իրաւունքները» յօդւածում գրում է, որ Թուրքիայի նախագահի այցը Հռոմ ուղեկցւեց Թուրքիայում ճնշումների եւ քրդերի դէմ յարձակման հետ կապւած բողոքի ցոյցերով եւ ոստիկանական ուժեղացւած վերահսկողութեամբ։

Իտալիայի վարչապետ Պաոլոյ Ջենտիլոնիի հետ հանդիպման գլխաւոր օրակարգում է եղել օրէնքի գերակայութեան եւ հիմնարար ազատութիւնների նկատմամբ յարգանքը՝ յստակ վկայակոչելով նաեւ լրագրողների եւ ոչ կառավարական կազմակերպութիւնների անդամների գործողութիւնների ազատութիւնը: Կայքը նշում է, որ Իտալիան շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի իշխանութիւնների վրայ այդ երկրում հաստատւած արտակարգ դրութիւնը դադարեցնելու համար: Լրատւամիջոցը նշում է, որ բացի այդ, Թուրքիայի առաջնորդի այցը ներքին քաղաքական արձագանքներ է ստացել:

«Ես ամաչում եմ, որ Իտալիան ընդունում է արիւնոտ ծայրայեղական ռեժիմի, փաստացիօրէն իսլամիստական երկրի ներկայացուցչի»,- «Il Sole 24 Ore»-ն մէջբերում է «Իտալիայի եղբայրներ» կուսակցութեան նախագահ Ջորջիա Մելոնիի խօսքերը:

«La Stampa»-ն իր յօդւածում գրում է, որ կոշտ առաջնորդ հանդիսացող Էրդողանը չէր եկել Իտալիան իր հմայքով գրաւելու համար: Հռոմում իր հանդիպումների ընթացքում նա ընտրել է անկեղծութեան ճանապարհը, եւ պէտք է ասել, որ նոյնպիսի անկեղծութեան է հանդիպել: Իտալիայի նախագահի հետ հանդիպումը նկարագրւել է որպէս «անկեղծ եւ յարգալից», ինչն այլ խօսքերով նշանակում է, որ Թուրքիայի նախագահը եւ Սերջիոյ Մատարելան հակառակ կարծիքներ են յայտնել Սիրիայի եւ մարդու իրաւունքների վերաբերեալ: Նոյն իրավիճակն է եղել նաեւ վարչապետ Պաոլոյ Ջենտիլոնիի հետ հանդիպմանը, երբ անդրադարձ է կատարւել Սիրիայում քրդական բնակավայրերի վրայ թուրքական ռազմական յարձակմանը:

Նշւում է, որ Իտալիայի նախագահը քաղաքավարութեամբ, բայց առանց զիջումների վերահաստատել է եւրոպական դիրքորոշումը, որից Իտալիան չի շեղւում՝ սահմանին ոստիկանական գործողութիւնները չեն կարող վերածւել խաղաղ բնակչութեան ռմբակոծման: Վարչապետ Ջենտիլոնին էլ հասկացրել է Էրդողանին, որ լրագրողների և ՀԿ-ների ներկայացուցիչների անյապաղ ազատ արձակումը լաւ նշան կը լինէր մարտին կայանալիք Թուրքիայի եւ ԵՄ-ի միջեւ գագաթնաժողովից առաջ:

«La Repubblica»-ն նոյնպէս անդրադառնում է Էրդողանի այցի ընթացքում երկրում անցկացւած բողոքի ցոյցերին։ Լրատւամիջոցը նշում է, որ բախումներ են եղել ցուցարարների եւ ոստիկանութեան միջեւ: Հռոմում, Վենետիկում, Նեապոլում քրդական համայնքի կազմակերպած ցոյցերի ժամանակ ցուցարարներն իրենց բողոքն են յայտնել Աֆրինում Թուրքիայի սկսած «Ձիթենու ճիւղ» ռազմական գործողութեան առնչութեամբ։

«La Repubblican»-ն իր մէկ այլ յօդւածում գրում է, որ «սուլթան» Էրդողանն անակնկալի է եկել այցի ընթացքում իրեն ցուցաբերւած սառնութիւնից: Երկրի նախագահ Սերջիոյ Մատարելան եւ վարչապետ Պաոլոյ Ջենտիլոնին Էրդողանի հետ հանդիպումների ժամանակ անդրադարձել են իրաւունքների, ազատութիւնների պաշտպանութեանը եւ Սիրիայում պատերազմին: Այցի քաղաքական մասը չի բաւարարել Էրդոդանի սպասելիքները, գրում է թերթը: Լրատւամիջոցը նաեւ յիշեցնում է, որ Էրդողանի եւ Հռոմի պապի միջեւ յարաբերութիւնները նախկինում էլ հարթ չեն եղել, այդ թւում նաեւ՝ Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ Հռոմի պապի յայտարարութիւնների առնչութեամբ Թուրքիայի նախագահի կոշտ արձագանգի պատճառով: Թուրքիայի նախագահը կոշտ էր արձագանքել յայտարարութիւններին, ինչից յետոյ Թուրքիան անգամ յետ է կանչել Վատիկանից իր դեսպանին: Յետոյ, սակայն, քաղաքականութեանն իրատեսական հայացքը «սուլթանի» մօտ գերակայել է, գրում է թերթը:

Աւելի վաղ հաղորդւել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը յայտարարել է, որ Վատիկան կատարած այցի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ հասցրել է քննարկել նաեւ Վատիկանի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչման թեման: Էրդողանի խօսքով՝ Պապն ամբողջութեամբ լսել է նրա արտայայտած մտահոգութիւնները:
Յիշեցնենք, որ 2015 թւականի ապրիլի 12-ին Վատիկանում մատուցած պատարագի ժամանակ Ֆրանցիսկոս պապը խօսել էր Հայոց Ցեղասպանութեան մասին: Նա իր ելոյթում այն անւանել էր 20-րդ դարի առաջին Ցեղասպանութիւն, դրանից յետոյ Վատիկանի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնները վատացել էին։ Այդ ժամանակ Հռոմի պապի նման քայլը կոշտ քննադատութեան ենթարկած Էրդողանը մեղադրել էր նրան պատմական հարցը քաղաքական դաշտ բերելու համար:

Սա Թուրքիայի նախագահի մակարդակով առաջին նման այցն է Վատիկան 59 տարւայ դադարից յետոյ: Իսկ Հռոմի պապը Թուրքիա էր այցելել 2014 թւականին: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։