Հա

Քաղաքական

14/02/2018

Թուրքիայի խորհրդարանում յարգել են ստամբուլահայ լեգենդար բժիշկ Յակոբ Կոթողեանի յիշատակը

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցութեան անդամ, խորհրդարանի հայազգի պատգամաւոր Սելինա Դողանը Մեջլիսի հերթական նիստի ժամանակ յիշատակել է ստամբուլահայ լեգենդար բժիշկ Յակոբ Կոթողեանին, որը մահացել է օրերս: 

«alikonline.ir» - Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցութեան անդամ, խորհրդարանի հայազգի պատգամաւոր Սելինա Դողանը Մեջլիսի հերթական նիստի ժամանակ յիշատակել է ստամբուլահայ լեգենդար բժիշկ Յակոբ Կոթողեանին, որը մահացել է օրերս: Գրում է «tert.am»-ը:

Ինչպէս տեղեկանում ենք Դողանի պաշտօնական ֆէյսբուքեան էջից, Կոթողեանի մասին ելոյթում նշւել է նաեւ Հայոց Ցեղասպանութեան մասին՝ «1915» ձեւակերպմամբ:

Հայազգի պատգամաւորի ելոյթն ամբողջութեամբ ներկայացնում ենք ստորեւ.

«1915-ին Եոզղատում ընտանիքը կորցրել է պապին: Փրկւել յաջողած ընտանիքն աւելի ուշ տեղափոխւել է Ստամբուլ, որտեղ էլ 1939-ին Սամաթիայի Ջերրահփաշա հիւանդանոցում լոյս աշխարհ է եկել նա: Դեռ տարրական դպրոցի աշակերտ էր, երբ դասերից դուրս աշխատելով արծաթագործական արհեստանոցում՝ սարսափելի միջադէպի պատճառով կորցրեց մի ձեռքը: Ջերրահփաշայի հիւանդանոցում, ուր նրան տարել էին՝ յոյս չունենալով, թէ կապրի, այդ օրը նա երկրորդ անգամ լոյս աշխարհ եկաւ:

Աղքատութեան մէջ եւ՛ աշխատեց, եւ՛ ուսանեց: Ընդունւելով բժշկական ֆակուլտետ՝ նոյն Ջերրահփաշայի հիւանդանոցում սկսեց աշխատել նախ որպէս ասիստենտ: Աւելի ուշ իր ակադեմիական աշխատանքներով ստացաւ միջազգային ճանաչում: Նրան հարցնում էին՝ «Ի՞նչ գործ ունես մի երկրում, որտեղ հայ լինելուդ համար պապիդ ես կորցրել, իսկ աղքատ լինելուդ պատճառով՝ ձեռքդ: Նրա պատասխանը եղաւ այսպէս. «Հայրենիքդ սիրել՝ նշանակում է լաւ ու վատ օրերին այստեղ լինել՝ աչքիդ առաջ ունենալով նաեւ մահանալու հաւանականութիւնը»: Սա վճռականութեան, աշխատասիրութեան եւ, ի հեճուկս ամէնի, ժպիտով ապրելու պատմութիւն է: Դոկտոր, պրոֆեսոր Յակոբ Կոթողեանը՝ Անթեւ Յակոբը, նախօրէին հրաժեշտ տւեց կեանքին, Աստւած հոգին լուսաւորի»:

Վերջին՝ «Աստւած հոգին լուսաւորի» արտայայտութիւնը Դողանն ասել է հայերէն: Ելոյթին հետեւել են խորհրդարանի անդամների ծափահարութիւնները, իսկ Մեջլիսի նախագահը վերջում շնորհակալութիւն է յայտնել պատգամաւորին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։