Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 14 Փետրւարի 2018 13:30

«Սովոր ենք նման յայտարարութիւնների». ԱՄՆ-ը պատասխանել է Էրդողանի՝ օսմանեան ապտակի մասին յայտարարութեանը

ԱՄՆ-ի պետքարտուղարութեան խօսնակ Հիզէր Նոյերթն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի այն յայտարարութեանը, թէ ակնյայտ է, որ ԱՄՆ-ում օսմանեան ապտակ չեն կերել:

«alikonline.ir» - ԱՄՆ-ի պետքարտուղարութեան խօսնակ Հիզէր Նոյերթն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի այն յայտարարութեանը, թէ ակնյայտ է, որ ԱՄՆ-ում օսմանեան ապտակ չեն կերել: Այս մասին ըստ «yerkir.am»-ի՝ տեղեկացնում է «Ermenihaber»-ը:

Ըստ «CNN Turk»-ի՝ ամենօրեայ մամուլի հանդիպման ժամանակ լրագրողներից մէկը հետաքրքրւել է, թէ արդեօ՞ք պետքարտուղարութեանը չեն անհանգստացնում Թուրքիայում հնչող հակաամերիկեան յայտարարութիւնները, որոնք գնալով աւելի կոշտ բնոյթ են ստանում:

Նոյերթը պատասխանել է, որ իրենք սովոր են նման յայտարարութիւնների: «Մենք չենք զայրանում, երբ Թուրքիայի կամ մէկ այլ երկրի կառավարութեան կողմից նման յայտարարութիւններ են հնչում: Մենք տեսնում ենք այլ կառավարութիւնների ու առաջնորդների նմանատիպ յայտարարութիւններն ու սոցմեդիայում նրանց գրառումները: Սակայն դրանցից որեւէ մէկը հաշւի չենք առնում մեր արտաքին քաղաքականութիւնը ձեւաւորելիս»,- ասել է նա:

Անդրադառնալով Սիրիայի քրդաբնակ Աֆրին շրջանում Թուրքիայի սանձազերծած ռազմական գործողութիւններին՝ Նոյերթն ասել է, որ իրենք այդ շրջանում գործունէութիւն չեն ծաւալում, սակայն, միեւնոյն է, Աֆրինում ստեղծւած լարւածութիւնն ԱՄՆ-ին անհանգստութիւն է պատճառում:

«Հասկանում ենք, որ ՆԱՏՕ-ի մեր դաշնակից Թուրքիան իր անվտանգութեան հետ կապւած Սիրիայի որոշ շրջաններից եկող վտանգների վերաբերեալ հիմնաւոր անհանգստութիւն ունի: Մենք դա հասկանում ենք, սակայն ցանկանում ենք նրանց հետ խօսել այնպիսի լուծման մասին, որն աշխատող կը լինի ոչ միայն Թուրքիայի, այլեւ Սիրիայի ու ԱՄՆ-ի համար»,- ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարութեան խօսնակը:

Յիշեցնենք, որ ԱՄՆ զինւած ուժերի գեներալ Փոլ Ֆանքը, ով Սիրիայի տարածքում եւ Իրաքում գործող ԱՄՆ գլխաւորած կոալիցիայի զինւած ուժերի հրամանատարն է, կոշտ արձագանգ էր տւել սիրիական Մանբիչի վրայ յարձակւելու Թուրքիայի նախագահի յայտարարութիւններին: Ամերիկացի հրամանատարը նշել էր, որ Մանբիչի վրա թուրքական ԶՈՒ-ի յարձակման պարագայում իրենք համապատասխան հակահարւած են տալու Թուրքիային:

Դրան ի պատասխան՝ Էրդողան ասել էր. «Մեզ հարւածողներին պատասխան կը տանք» ասողները ակնյայտ է, որ երբեւէ օսմանեան ապտակ չեն կերել: Նրանք, ովքեր կարծում են, որ իրենց ուզածի պէս կարող են ելումուտ անել Թուրքիա, ամէն սանձարձակութիւն իրենց թոյլ տալ ու պատասխան չստանալ, շատ վաղ ապագայում կը տեսնեն, որ դա ամենեւին էլ այդպէս չէ»:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։