Հա

Քաղաքական

24/02/2018 - 11:50

Հարաւային Կովկասի «բանալին» Նախիջեւանում է

Հայաստանի եւ Նախիջեւանի տարածքով տնտեսական փոխազդեցութեան հաստատումն ամբողջ տարածաշրջանի զարգացման գրաւականն է, կարծում է Արա Մարջանեանը:

«alikonline.ir» - Հարաւային Կովկասի զարգացման բանալին գտնւում է Նախիջեւանում: Ինչպէս հաղորդում է «Sputnik» Արմենիան՝ լրագրողներին հետ հանդիպման ժամանակ ասաց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փոխտնօրէն, էներգետիկայի հարցերով ՄԱԿ-ի ազգային փորձագէտ Արա Մարջանեանը։ Նրա խօսքով՝ գաղտնիք չէ, որ Հայաստանն արդէն 25 տարի գտնւում է շրջափակման մէջ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից։ Ճնշումը պարբերաբար ուժեղանում է, նպատակն է առաւելագոյն չափով հիւծել Հայաստանը։ Նախիջեւանն այդ ճնշման օղակներից է։

«Նախիջեւանում տեղի ունեցող իրադարձութիւնները չեն կարող չանհանգստացնել։ Դրանք գտնւում են հայ մասնագէտների ուշադրութեան կենտրոնում։ Անուշադրութեան չի մատնւել ո՛չ յարձակողական զէնքի կենտրոնացումը (օրինակ` թուրքական համազարկային կրակի ռէակտիւ համակարգի կամ խոշոր տրամաչափերի հրետանու), ո՛չ արբանեակների կառավարման պահեստային կենտրոնի ստեղծումը»,- ասաց Մարջանեանը։

Նրա խօսքով՝ Նախիջեւանում կենտրոնացւած է լուրջ յարձակողական ներուժ, բայց պէտք է յստակ արձանագրել, որ Հայաստանն ի զօրու է ցանկացած պահի չէզոքացնել այդ ուժերը։ Սակայն չի կարելի կորցնել զգօնութիւնը։

Մարջանեանի կարծիքով՝ Նախիջեւանի շուրջ տեղի ունեցող գործընթացները պէտք է դիտարկել ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հակազդեցութեան սրման, ինչպէս նաեւ Թուրքիայի վարած քաղաքականութեան հետեւանք։

«Գաղտնիք չէ, որ որոշակի ուժերի նպատակը Ռուսաստանի մատոյցներում մշտապէս լարւածութիւն պահելն է․ լինի դա Ուկրայինան, Հարաւային Կովկասը կամ Մերձդնեստրը»,- ասաց Մարջանեանը։

Բացի այդ, Թուրքիայի եւ Ադրբեջանի իշխանութիւնները երբեք չեն հրաժարւել Մեծ Թուրանի գաղափարից, որի մի մասը պէտք է լինի Նախիջեւանը։

Այդ ամէնն ուղեկցւում է տարբեր միջազգային աղբիւրների մշտական հաղորդագրութիւններով, թէ Արցախում հնարաւոր է նոր պատերազմ։

«Դրան պէտք է հակադրել խաղաղութեան եւ զարգացման սցենարներով։ Ցոյց տալ ժողովուրդներին, որոնք դարձել են Ադրբեջանի ռազմատենչ յայտարարութիւնների գերին, որ պատերազմն անխուսափելի չէ։ Այդ ամէնին պէտք է հակադրել զարգացման սցենարը»,- ասաց Մարջանեանը։

Նրա խօսքով՝ Նախիջեւանն` իր աշխարհագրական դիրքի շնորհիւ կարող է լուրջ դեր խաղալ տարածաշրջանում։

«Նախիջեւանը կարող է դառնալ ամբողջ տարածաշրջանը բացող բանալին։ Չպէտք է մոռանալ, որ երկաթուղին, էներգետիկ մայրուղիները Հայաստանի եւ Նախիջեւանի տարածքով անցել են Թուրքիայի եւ Իրանի կողմը»,- ասաց Մարջանեանը։

Նա նշեց, որ նոյնիսկ 19-րդ դարում «Siemens» ընկերութիւնն առաջին հեռագրային մալուխն անցկացրել է այդ երթուղով։ Եթէ քանդել այս թնջուկը, ապա դրա կիրառումը կը նպաստի տարածաշրջանի բոլոր ժողովուրդների բարգաւաճմանը եւ զարգացմանը։ Մարջանեանի խօսքով՝ այդ գաղափարը պէտք է տարածել տարածաշրջանի հասարակութիւնների շարքում, քանի որ Ադրբեջանի իշխանութիւնները բոլորովին այլ քաղաքականութիւն են վարում։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։