Հա

Քաղաքական

06/03/2018 - 12:10

Այստեղով թուրք է անցել. Աֆրինում թուրքերի վայրագութիւնները Ցեղասպանութիւն են յիշեցնում

Այն պահից ի վեր, երբ թուրքական ղեկավարութիւնը Սիրիայի Աֆրինի շրջան ներխուժելու մասին որոշում կայացրեց, հասկանալի դարձաւ, որ անհնար է խուսափել խաղաղ բնակչութեան շարքում բազմաթիւ զոհերից։ Այդպէս էլ պատահեց, թուրքական կանոնաւոր զօրամիաւորումների եւ նրանց կողմից կռւող ահաբեկիչների կրակի տակ են ընկել այդ վայրերում բնակւող թէ՛ քրդերը, թէ՛ հայերը։

«alikonline.ir» - Այն պահից ի վեր, երբ թուրքական ղեկավարութիւնը Սիրիայի Աֆրինի շրջան ներխուժելու մասին որոշում կայացրեց, հասկանալի դարձաւ, որ անհնար է խուսափել խաղաղ բնակչութեան շարքում բազմաթիւ զոհերից։ Այդպէս էլ պատահեց, թուրքական կանոնաւոր զօրամիաւորումների եւ նրանց կողմից կռւող ահաբեկիչների կրակի տակ են ընկել այդ վայրերում բնակւող թէ՛ քրդերը, թէ՛ հայերը։ Գրում է «Sputnik» Արմենիայի սիւնակագիր Ռուբէն Գիւլմիսարեանը:

Պարբերաբար տեղեկատւութիւն է ստացւում քաղաքացիական զոհերի մասին։ Երկու օր առաջ հաղորդւել է, որ թուրքական տանկերը կրակ են արձակել Աֆրինի շրջանի Հուջէյլար գիւղի քաղաքացիական մեքենաների եւ բնակելի տների վրայ, ութ մարդ մահացել է, 12–ը` վիրաւորել։ Մօտ մէկ ամիս առաջ թուրքական զօրքերի աւիագրոհները եւ հրետանային գնդակօծութիւնները յանգեցրել են Սիրիայի հիւսիսային շրջանների 86 խաղաղ բնակչի մահւան։ Սա ընդամենը երկու դրւագ է, իսկ քանիսն են դեռ առջեւում…

Իհարկէ, ռազմական գործողութիւնները խաղաղ բնակչութեան շարքում յանգեցնում են զոհերի։ Բայց 21-րդ դարում ինքնին արդէն ենթադրւում է, որ դրանք փորձում են նւազագոյնի հասցնել։ Այո, «պատերազմը մնում է պատերազմ» եւ «պատերազմում բոլոր միջոցներն արդարացւած են», բայց ամէն դէպքում ակնկալւում է, որ քաղաքակիրթ աշխարհում չեն սպանի հասարակ մարդկանց, ընդ որում` բոլորովին անհիմն։ Եւ այստեղ առանցքային բառը «քաղաքակիրթն» է։

Այս բնորոշումը Թուրքիայի մասին չէ։ Օսմանների կայսրութիւնը, որն առաջացել է Բիւզանդիայի ոչնչացման պատճառով, հէնց իր ստեղծման միջոցով անմարդկային էր։ Այդպէս ժողովուրդներ եւ մշակոյթներ ոչնչացնելու աւանդոյթն այսօր փոխանցել են պետութեանը, որը կոչւում է Թուրքիայի Հանրապետութիւն։ Անպատժելիութիւնը յանցագործի մօտ յանցագործութիւնը կրկին ու կրկին կատարելու ցանկութիւն է ծնում, շուտով այդ ցանկութիւնը կը սկսի հաճոյք պատճառել` դառնալով պաթոլոգիա, որը լիովին գիտական անւանում ունի` սպանութեան մոլուցք։

Չենք մէջբերի Հայոց Ցեղասպանութեան մասին բազմաթիւ վկայութիւնները, միեւնոյն է` հարեւանները դրանք մտացածին կանւանեն։ Մէջբերենք մարդու, որին Անկարան եւ Բաքուն չեն կարող մեղադրել «հայկական լաբբի կողմից կաշառւելու» եւ «նենգ դաշնակների» կազմակերպութեանն անդամակցելու մէջ` Ֆէոդր Միխայիլովիչ Դոստոեւսկուն։

Ահա մի հատւած «Գրողի օրագրից». «Ես մի անգամ արդէն ասել եմ, որ Մոսկւայում` որբանոցներից մէկում, որտեղ նայում են փոքրիկ բուլղարացի որբերին, որոնք Ռուսաստան են եկել այնտեղի աւերածութիւնից յետոյ, մի 10 տարեկան հիւանդ աղջիկ կայ։ Նա տեսել է (եւ չի կարող մոռանալ), թէ ինչպէս են թուրքերն իր աչքի առաջ մաշկահան արել իր ողջ հօրը։ Այդ որբանոցում կայ նաեւ մէկ այլ հիւանդ բուլղարուհի` նոյնպէս 10 տարեկան, եւ ինձ վերջերս պատմել են նրա մասին։ Նա սարսափելի հիւանդութիւն ունի` ուժերի աստիճանական անկում եւ անվերջ քնկոտութիւն։

Նա անընդհատ քնում է, բայց քունն ընդհանրապէս չի ուժեղացնում նրան, նոյնիսկ` հակառակը։ Հիւանդութիւնը շատ լուրջ է։ Հնարաւոր է հիմա այդ աղջիկն արդէն մահացել է։ Նա նոյնպէս մի յիշողութիւն ունի, որը չի կարողանում տանել։ Թուրքերը վերցրել են նրա փոքրիկ եղբօրը` երկու-երեք տարեկան երեխային, սկզբից ասեղով հանել աչքերը, իսկ յետոյ նստեցրել ցցի վրայ։ Հէնց դա էլ չի կարողանում մոռանալ աղջիկը, այդ ամէնն արել են նրա ներկայութեամբ, նրա աչքի առաջ»։

Օսմանների կողմից ամբողջ պատմութեան ընթացքում իրականացրած խոշոր Ցեղասպանութիւններից են յոյների, հարաւային սլաւոնացիների, հայերի Ցեղասպանութիւնը։ Չհաշւած մասշտաբով եւ յաթաղանի թափով աւելի «փոքրերը», եթէ, իհարկէ, Ցեղասպանութիւնը կարող է «փոքր» լինել։

Այսօրւայ Թուրքիան օսմանեան աւանդոյթների լիարժէք ժառանգորդն է, եւ ժամանակակից բաշիբոզուկները գործում են ինքնիշխան պետութիւնում` Սիրիայում։ Մեծ վտանգ կայ, որ թուրքական զինւորականութեան գլխին կը խփի ենիչերների սերունդներից ժառանգած արիւնը, եւ Սիրիայում կը սկսւի հերթական Ցեղասպանութիւնը։ Եթէ արդէն չի սկսւել։

Իսկ եթէ յիշենք, որ Թուրքիան այսօր ղեկավարում է անհաւասարակշիռ հիստերիկ Էրդողանը, որը ձգտում է իրեն սուլթան հռչակել, ապա այդ վտանգը բազմապատկւում է։ Եւ արդէն նոյնիսկ անհասկանալի է, թէ ինչպէս կարելի է կանգնեցնել ենիչերների այսօրւայ յետնորդներին, որոնք ժամանակին զինւել են Արեւմուտքի կողմից։ Ինչպէս պարզւում է` ի վնաս իրենց։ Թէեւ պատմութեան չճանաչւած դասերն օգուտ չեն տալիս։

Իսկ առայժմ այդ դասերն անտեսւում են։ Թուրքական տանկերը կրակ են արձակել Սիրիայի հիւսիսում Աֆրինի շրջանի Հուջէյլար գիւղի քաղաքացիական մեքենաների եւ բնակելի տների վրայ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։