Հա

Քաղաքական

07/03/2018

Պանթուրքիզմ 2023. Թուրքիան աչք է դրել Հալէպի եւ Նախիջեւանի վրայ

Թուրքիայի իշխանութիւնները` Էրդողանի գլխաւորութեամբ, յոյս ունեն Սիրիայից, Իրաքից, Կիպրոսից եւ Բալկաններից մեծ հողակտորներ զաւթել։ Նման կարծիքի է Ռուբէն Սաֆրաստեանը:

«alikonline.ir» - Թուրքիայի իշխանութիւնները յոյս ունեն Նախիջեւանի հաշւին ընդլայնել երկրի տարածքը։ «Sputnik» Արմենիայի թղթակցի հետ զրոյցում նման կարծիք յայտնեց Հայաստանի ԳԱԱ Արեւելագիտութեան ինստիտուտի տնօրէն Ռուբէն Սաֆրաստեանը։

«Վերջին տարիներին Թուրքիայում կտրուկ ուժեղանում է պանթուրքիզմի գաղափարախօսութիւնը, դա վտանգաւոր է»,- ասաց Սաֆրաստեանը։

Նրա խօսքով` մինչեւ 2023 թւականն Էրդողանը ծրագրում է ստեղծել նոր Թուրքիա, աշխարհագրական առումով այն թուրքական ԶԼՄ-ներում հրապարակւած (օրինակ` «Milliyet»-ի) քարտէզների գծագրմամբ ներառում է երկրի ոչ միայն ներկայ տարածքները։

Սաֆրաստեանի խօսքով` այդ քարտէզներում Թուրքիայի տարածքում են ներառւած Հիւսիսային Սիրիան (Հալէպի հետ), Իրաքի հիւսիսը (Մոսուլի եւ Կիրկուկի հետ), Հիւսիսային Կիպրոսը, Բալկանների մի մասը, Բաթումը։

«Տարածքային առումով նոր Թուրքիան, որի մասին երազում են Էրդողանը եւ նրա համախոհները, պէտք է աւելի մեծ լինի։ Պատահական չէ, որ նա վերջերս յայտարարում է, թէ երկրի ներկայ տարածքը չի համապատասխանում իրական Թուրքիայի սահմաններին»,- ասաց Սաֆրաստեանը։

Վերոյիշեալ տարածքներից բացի, այդ քարտէզներում Թուրքիայի կազմում է ներառւած նաեւ Նախիջեւանը։ Այդ տարածքի օգնութեամբ Անկարան փորձում է մեծացնել իր ազդեցութիւնը Հարաւային Կովկասում։

Եթէ դրան աւելացնենք Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան առանցքի ստեղծման քննարկւող ծրագիրը, ապա չի կարելի բացառել, որ Անկարան Հարաւային Կովկասում կը դիմի աւելի ագրեսիւ գործողութիւնների։ Սրանում համոզւած է զրուցակիցը։

«Հիմա դա չի լինի, քանի դեռ նրանք զբաղւած են Սիրիայով, Մերձաւոր Արեւելքով։ Բայց չի կարելի բացառել, որ այդ ժամանակը կը գայ եւ երբ ժամանակը հասունանայ, ես համոզւած եմ, որ Ադրբեջանը կը յարձակւի Արցախի վրայ, որպէսզի սրի իրավիճակը եւ Թուրքիայի համար միջամտելու հնարաւորութիւն ստեղծի»,- ասաց Սաֆրաստեանը։

Նրա խօսքով` բոլոր այդ ծրագրերը կազմւում են այլ ժողովուրդների ներկայացուցիչների հանդէպ անհանդուրժողականութեան մթնոլորտի խորապատկերին։ Սաֆրաստեանը կարծում է, որ կրակի վրայ իւղ է լցրել Թուրքիայի հասարակական ծառայութիւնների կայքում նոր հնարաւորութեան ի յայտ գալը, որի օգնութեամբ երկրի քաղաքացիները կարող են վերականգնել իրենց տոհմածառը։

«Փաստ է, որ ժամանակակից Թուրքիայի բնակիչների զգալի մասը` աւելի քան 40 տոկոսը, իրեն թուրք չի համարում։ Այդ կայքը թոյլ է տալիս համոզւել դրանում։ Թուրքական հասարակութեան համախմբման գործընթացը դեռ չի աւարտւել, առայժմ այն քոչւոր ցեղերից բաղկացած, ինչպէս նաեւ տեղի նւաճւած ժողովուրդներից կազմւած խառնակոյտ է»,- ասաց Սաֆրաստեանը։

Նրա խօսքով` նման կայքի գործարկումը Թուրքիայում սրում է ռասիստական տրամադրութիւնները։ Հաշւի առնելով ձեւափոխութիւնները, որոնք տեղի են ունենում իշխող կուսակցութեան վերնախաւում` ի դեմս Էրդողանի, դա լուրջ անհանգստութիւն է առաջացնում։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։