Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 13 Մարտի 2018 11:20

Լեւոն Յովսէփան. ««Ս-400»-ների գործարքին ԱՄՆ-ը հնարաւոր է հակազդի՝ Թուրքիայի հետ սպառազինութեան համատեղ ծրագրերն արգելափակելով»

«Ս-400»-ների գնման ռուս-թուրքական գործարքին ԱՄՆ-ը հնարաւոր է արձագանգի սպառազինութեան նախագծերի հետ կապւած Թուրքիայի հետ համատեղ ծրագրերի արգելափակմամբ: 

«alikonline.ir» - «Ս-400»-ների գնման ռուս-թուրքական գործարքին ԱՄՆ-ը հնարաւոր է արձագանգի սպառազինութեան նախագծերի հետ կապւած Թուրքիայի հետ համատեղ ծրագրերի արգելափակմամբ: Այս մասին «tert.am»-ին յայտնեց թուրքագէտ Լեւոն Յովսէփեանը։

Յիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահի ռազմատեխնիկական համագործակցութեան գծով օգնական Վլադիմիր Կոժինը երէկ յայտարարել է, որ Թուրքիայի հետ «Ս-400» հակաօդային պաշտպանութեան համակարգերի ձեռքբերման շուրջ համաձայնագիրը կեանքի կը կոչւի 2020 թւականի սկզբից:   

Յիշեցնենք նաեւ, որ անցած տարեվերջին Մոսկւան եւ Անկարան աւարտել էին ռուսական «Ս-400» (S-400) հակաօդային պաշտպանութեան համակարգերի՝ Թուրքիային վաճառելու գործարքի ձեւակերպումը. ստորագրւել էր 2.5 միլիարդ դոլարի վարկային համաձայնագիր:

«Ի դէպ, ես համոզւած չեմ, որովհետեւ որքան էլ յայտարարւում է, որ «Ս-400»-ի հետ կապւած գործարքը վերջնական է, այն, այդուհանդերձ, դեռ հարցականներ ունի:

Բայց եթէ իրականանայ, ինչը Թուրքիայի ամենամեծ ձգտումն է, բնականաբար թէ՛ Միացեալ Նահանգների, թէ՛ ՆԱՏՕ-ի կողմից հակազդեցութիւնը չի ուշանալու: Իրենց պարբերաբար զգուշացումներ արւում են՝ նաեւ ինչ-որ առումով հետեւանքների հետ կապւած, բայց Թուրքիան այս հարցում այլընտրանք չունի, որովհետեւ իր արտաքին քաղաքականութեամբ պայմանաւորւած՝ պէտք է ինքնուրոյնութեան գնայ. իր խնդիրը ազգային ինքնուրոյն հակաօդային պաշտպանութեան համակարգի ստեղծումն է: Բնականաբար, ՆԱՏՕ-ն էլ միշտ զգուշացրել է, որ այդ համակարգերը չեն ինտեգրւի Հիւսիսատլանտեան դաշինքի միասնական համակարգին: Այնպէս որ, սա պէտք է դիտարկել իր քաղաքական բաղադրիչի մէջ»,- ասաց թուրքագէտը:

Նա, ընդգծելու համար, թէ որքան կարեւոր են այս համակարգերը Թուրքիայի համար, նկատեց, որ Թուրքիան 10 տարուց աւելի է՝ փորձում է այդ խնդիրը լուծել, ինչի համար սկզբում համաձայնութիւն էր ձեռք բերւել Չինաստանի հետ (այդ թւում նաեւ համատեղ արտադրութիւն հիմնելու), սակայն սա հետագայում չեղեալ յայտարարւեց, եւ նոր յայտարարւած մրցոյթի արդիւնքում գործարքն իրականացւեց Ռուսաստանի հետ:

Յիշեցնենք, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ առաջին երկիրն է, որ Ռուսաստանի հետ նման խոշոր ռազմական գործարքի է գնում՝ Ռուսաստանից հակաօդային հրթիռային պաշտպանական համակարգ է ձեռք բերում:

Սրանով, ըստ Լեւոն Յովսէփեանի, Թուրքիան ՆԱՏՕ-ին մշտապէս հասկացնել է տւել, որ եթէ ՆԱՏՕ-ի ձեւաչափում, ԱՄՆ-ի հետ յարաբերութիւններում չի կարողանում լուծել իր համար գերկարեւոր՝ ռազմավարական կարեւորութեան այս հարցը, ապա ունի այլընտրանքային հնարաւորութիւն՝ յանձին Ռուսաստանի:

Թուրքագէտն այս առումով համաձայն է դիտարկման հետ, որ եթէ անգամ ՆԱՏՕ-ի հակազդեցութիւն այնքան էլ չի կոշտ չի լինի, ապա ամերիկեան կողմինը հաստատ կը լինի:

«Չեմ բացառում նաեւ սպառազինութեան նախագծերի հետ կապւած Թուրքիայի նկատմամբ հակաքայլերի իրականացումը: Չպէտք է բացառել այն, որ որոշակի քննարկում եղաւ, որ հնարաւոր է արգելափակւի 5-րդ սերնդի կործանիչների կոնսորցիումին Թուրքիայի մասնակցութիւնը: Իհարկէ, այս մասին դեռ շատ վաղ է խօսելը»,- ասաց թուրքագէտը:

Սա եւս, ըստ նրա, Թուրքիայի համար գերկարեւոր, նոյնպէս ռազմավարական կարեւորութեան նախագիծ է, որի շրջանակներում Թուրքիան ստանալու է 100-ից աւելի բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ, ինչը, Լեւոն Յովսէփեանի գնահատմամբ, թուրքական բանակի, ողջ Զինւած ուժերի, յատկապէս ռազմաօդային ուժերի հնարաւորութիւնները մի քանի անգամ կաւելացնի:

Նշենք, որ «Tert.am»-ի հետ զրոյցում ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրէն Ռուբէն Սաֆրաստեանը յայտարարել էր, որ որքան էլ ջերմանան թուրք-ռուսական յարաբերութիւնները, կայ մի կարմիր գիծ, որից այն կողմ դրանք չեն կարող ջերմանալ, քանի որ Թուրքիան եւ Ռուսաստանը աւանդաբար հակառակորդներ են։ Եւ հակառակը՝ որքան էլ վատանան թուրք-ամերիկեան յարաբերութիւնները, եւս կայ կարմիր գիծ, որից այն կողմ չեն կարող վատանալ:

Լեւոն Յովսէփեանը եւս կիսում է այս մօտեցումը երկու երկրների առումով էլ. «Այս համատեքստում, այո, չեմ կարող կանխատեսել, թէ թուրք-ամերիկեան յարաբերութիւններում այս կարմիր գծերն անցնելու են: Եւ սա անընդհատ բալանսի իրականացման քաղաքականութիւն է, որ Թուրքիան աւանդաբար փորձում է խաղարկել մի կողմից ՌԴ-ի, միւս կողմից Արեւմուտքի հետ յարաբերութիւններում»:

Յիշեցնենք, որ 1701 թւականին Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատումից ի վեր (Կոստանդնուպոլսում բացւեց Ռուսաստանեան կայսրութեան դեսպանատուն), Ռուսաստան-Թուրքիա յարաբերութիւնները նկարագրւում են բաւականին լարւած (Օսմանեան կայսրութիւնը բազմիցս աջակցել է Ղրիմի թաթարներին Ռուսաստանի դէմ արշաւանքներում), եւ 1568 թւականից պատմութիւնը գիտի 12 ռուս-թուրքական պատերազմ:

Սակայն, ինչպէս նշում են թուրքագէտները, եթէ ռուս-թուրքական յարաբերութիւններում մշտապէս չեն համընկնում քաղաքական շահերը, ապա տնտեսականները համընկնում են գրեթէ մշտապէս: Պատահական չէ, որ 2015-ի տւեալներով՝ Թուրքիան ՌԴ-ի 5-րդ ամենախոշոր առեւտրային գործընկերն էր: Այսինքն՝ Գերմանիայից յետոյ Թուրքիան ռուսական գազի 2-րդ ամենախոշոր իրացման շուկան է: 

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ