Հա

Քաղաքական

13/03/2018

Ալիեւը երկրորդ ապրիլի՞ն է նախապատրաստւում, ինչ են ակնարկում հարեւանները զօրավարժութիւններով

Զօրավարժութիւնը դասական տարբերակ է ռազմական գործողութիւններին նախապատրաստւելը քողարկելու համար, միւս կողմից` զրոյացնում է անսպասելիութեան ազդեցութիւնը, կարծում են փորձագէտները։ 

«alikonline.ir» - Զօրավարժութիւնը դասական տարբերակ է ռազմական գործողութիւններին նախապատրաստւելը քողարկելու համար, միւս կողմից` զրոյացնում է անսպասելիութեան ազդեցութիւնը, կարծում են փորձագէտները։ Գրում է «armeniasputnik.am»-ը:

Ադրբեջանը լայնածաւալ զօրավարժութիւններ է անցկացնում 25 հազար մարդու մասնակցութեամբ, ինչը լաւ առիթ է զօրքերը մարտական պատրաստականութեան բերելու եւ դրանք շփման գիծ տեղափոխելու համար։

Միաժամանակ զօրավարժութիւնները մեխանիկօրէն բարձրացնում են հարեւանների զգօնութիւնը, յատկապէս, երբ նրանց հետ պատերազմական վիճակի մէջ ես։

Ադրբեջանում սպասում են ընտրութիւններին, եւ որոշ փորձագէտներ կարծում են, որ զօրավարժութիւնները կապւած են բնակչութեան հայրենասիրական զգացմունքների վրայ խաղալու փորձերի հետ։

Արդեօ՞ք Ալիեւին հիմա պէտք է նոր պատերազմ։ Քաղաքագէտ Երւանդ Բոզոյեանը «Sputnik» Արմենիայի հետ զրոյցում յայտնեց իր կարծիքը։

«Ադրբեջանում ընտրութիւններից առաջ զօրավարժութիւն անցկացնելն ուժի ցուցադրութիւն է, որը միաժամանակ ուղղւած է Հայաստանի դէմ (ինչն անում են պարբերաբար) եւ ուղերձ միջազգային հանրութեանը»,- ասաց Բոզոյեանը։

Նրա խօսքով` Բաքւում այդ ձեւով ակնարկում են միջնորդներին, որ Արցախի հարցում Ադրբեջանին գոհացնող առաջարկներ են ակնկալում նրանցից։

Քաղաքագէտը կարծիքով, ընտրութիւնների նախաշեմին Ադրբեջանը դժւար թէ սադրանքի գնայ շփման գծում, քանի որ Ալիեւը ոչ մի խնդիր չունի գալիք ընտրութիւններում. պարզապէս իրական մրցակիցներ չկան։

«Նա ընտրութիւնները ոչ մեծ ռազմական գործողութիւններով քողարկելու պատճառներ չունի։ Ադրբեջանական հասարակութեանը զօրավարժութիւններով ուզում են ցոյց տալ, որ իբր տեսեք, թէ ինչ հզօրութիւն է ձեռք բերել Ալիեւը, համոզել նրանց, որ գործող նախագահն Ադրբեջանում ամենալուրջ առաջնորդն է»,- ասաց Բոզոյեանը։

Քաղաքագէտի խօսքով` Ալիեւն ուշադիր հետեւում է Էրդողանի քաղաքականութեանը եւ կարծում, որ եթէ նա «ցուցադրի մկանները», ապա կը կարողանայ ինչ-որ քաղաքական դիւիդենտներ ստանալ ընտրութիւններից յետոյ։

Փետրւարի 5-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը արտահերթ նախագահական ընտրութիւններ անցկացնելու վերաբերեալ հրաման էր ստորագրել։ Փաստաթղթի համաձայն` նախագահական ընտրութիւնները կանցկացւեն ոչ թէ 2018 թւականի հոկտեմբերին, ինչպէս նախատեսւում էր, այլ ապրիլի 11-ին։

Ռազմավարութիւնների եւ տեխնոլոգիաների վերլուծութեան կենտրոնի փոխտնօրէն Կոնստանտին Մակիենկոն «Sputnik» Արմենիայի հետ զրոյցում չբացառեց շփման գծում ինչ-որ միջադէպերի կամ ռազմական գործողութիւնների հնարաւորութիւնը։

«Զօրավարժութիւնները «դասական ժանրից» են, մասշտաբային յարձակման կամ ուղղակի 2016 թ.-ի ապրիլի կրկնութեան նախապատրաստւելու դասական տարբերակ կամ մեխանիզմ։ Այնպես որ, դա հնարավոր է»,- ասաց Մակիենկոն։

Մյուս կողմից, ամենայն հաւանականութեամբ, եթէ Ադրբեջանի առջեւ յանկարծակի գրոհելու նպատակ դրւէր, ապա կը փորձէր թաքցնել դրան պատրաստւելը։ Իսկ զօրավարժութիւնները դիմակազերծում են նման փորձը։

Այդ պայմաններում զօրավարժութիւնները կարող են կապւած լինել Ադրբեջանում կայանալիք ընտրութիւնների հետ եւ նոյնիսկ ստանդարտ պլանային բնոյթ կրել։

Ադրբեջանում զօրավարժութիւնները մեկնարկել են մարտի 12-ին եւ կը տեւեն մինչեւ ամսի 17-ը։ Զինւած ուժերի լայնածաւալ զօրավարժութիւններին մասնակցում են մինչեւ 25 հազար զինւորական, մինչեւ 250 միաւոր տանկ եւ զրահատեխնիկա, մինչեւ 50 միաւոր բանակային եւ ճակատային աւիացիա։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։