Հա

Քաղաքական

15/03/2018

Ռուսական կողմի պատասխանն իրեն ուշացնել չի տայ. ՌԴ ԱԳՆ-ն արձագանգել է Մեծ Բրիտանիայից ռուս դիւանագէտների արտաքսմանը

Մեծ Բրիտանիայի եւ Ռուսաստանի միջեւ դիւանագիտական կրքերը թէժանում են: Փոխանցում են միջազգային ԶԼՄ-ները:

«alikonline.ir» - Մեծ Բրիտանիայի եւ Ռուսաստանի միջեւ դիւանագիտական կրքերը թէժանում են: Փոխանցում են միջազգային ԶԼՄ-ները:

Ռուսաստանի ԱԳՆ-ը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մէյի խօսքերը Ռուսաստանին «պատժելու» միջոցների մասին դիտարկում է որպէս աննախադէպ կոպիտ սադրանք, որը խախտում է նորմալ միջպետական երկխօսութեան հիմքերը:

Ինչպէս փոխանցում է «tert.am»-ը՝ ռուսական «lenta.ru»-ին յղումով՝ այս մասին ասւում է ՌԴ արտաքին քաղաքականութեան գերատեսչութեան կայքում հրապարակւած հաղորդագրութեան մէջ: ՌԴ ԱԳՆ-ից նշել են, որ կտրականապէս անընդունելի են համարում այն փաստը, որ «Մեծ Բրիտանիայի կառավարութիւնն իր անվայել քաղաքական նպատակների համար յարաբերութիւնների հետագայ լուրջ սրմանն է գնացել՝ յայտարարելով թշնամական միջոցների ամբողջական փաթեթի մասին, այդ թւում եւ 23 ռուս դիւանագէտի արտաքսման»:

Յիշեցնենք, որ այդ որոշումը բրիտանական իշխանութիւնները կայացրել էին Անգլիայում ռուսական հետախուզական վարչութեան նախկին աշխատակից Սերգէյ Սկրիպալի եւ նրա դստեր թունաւորման գործի առնչութեամբ:

«Ակնյայտ է, որ առաջնորդւելով տւեալ միջադէպի հետաքննութեան միակողմանի եւ ոչ թափանցիկ միջոցների կիրառմամբ՝ բրիտանական իշխանութիւնները հերթական անգամ փորձել են հակառուսական քարոզարշաւ սկսել: Իհարկէ, մեր պատասխան միջոցները չեն ուշանայ»,- ասւում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրութեան մէջ:

Իսկ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզեան էլ յայտարաել է, որ ՌԴ-ն թոյլ չի տայ Մեծ Բրիտանիային իր հետ վերջնագրերի լեզւով խօսել: Տեղեկացնում է «news.am»-ը՝ ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ին յղումով:

«Մեզանից վերջնագրի ձեւով պահանջել են  24 ժամւայ ընթացքում ըստ էութեան յանցագործութիւն կատարելու մէջ խոստովանել եւ մեղայականով ներկայանալ: Մենք ինքներս ոչ մէկի հետ վերջնագրերի լեզւով չենք խօսում, եւ թոյլ չենք տայ մեզ հետ նման կերպ խօսել»,- ասել է Նեբենզեան՝ ելոյթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդում: Նրա խօսքով՝ Ռուսաստանը Միացեալ Թագաւորութեանը կիրառւած նիւթի նմուշների եւ համատեղ հետաքննութեան համար էր խնդրել, սակայն Մոսկւային մերժել էին: «Այսինքն, բորբոքելով հիստերիան, Լոնդոնը գործում է բացարձակապէս ոչ թափանցիկ»,- ասել է նա:

Նրա խօսքով՝ բրիտանական իշխանութիւնները սկանդալը տանում են ՄԱԿ-ի հարթակ, քանի որ թունաւորման մէջ ՌԴ մասնակցութեան վերաբերեալ ապացոյցներ չունեն:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։