Հա

Քաղաքական

07/04/2018 - 08:40

Ապշեցուցիչ մանրամասներ. ինչպէս են գերմանացի գեներալներն օգնել թուրքերին կոտորել հայերին

Գերմանական պարբերականը ապշեցուցիչ մանրամասներ է պարզել այն մասին, թէ ինչ դեր է ունեցել Գերմանիան Հայոց Ցեղասպանութեան ժամանակ։

«alikonline.ir» - Գերմանական պարբերականը ապշեցուցիչ մանրամասներ է պարզել այն մասին, թէ ինչ դեր է ունեցել Գերմանիան Հայոց Ցեղասպանութեան ժամանակ։ Թուրք մարդասպանները հէնց գերմանական մաուզերներից եւ թնդանոթներից, ինչպէս նաեւ տասնեակ ռազմական խորհրդականների օգնութիւնից են օգտւել մարդկութեան պատմութեան մէջ առաջին Ցեղասպանութիւնը իրագործելու համար։

Զէնքի գերմանացի մագնատները պատասխանատւութիւն են կրում Օսմանեան կայսրութեանը զէնք մատակարարելու համար։ Այդ մասին ըստ «armeniansputnik.am»-ի գրում է «Deutsche Welle»-ն` յղում անելով «Global Net - Stop the Arms Trade» հետազօտական կենտրոնին։

Հայերին, յոյներին, ասորիներին եւ եզդիներին կոտորելու համար միայն ատելութիւնը քիչ էր։ Դրան գումարւել է յուսալի նիւթական բազան` Կրուպի հրացանները, ատրճանակ-մաուզերներն ու թնդանոթները։ Նոյն Կրուպի, որը 30-ականների վերջից յայտնի է դարձել որպէս նացիզմի գլխաւոր զինագործներից մէկը։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ այդ թնդանոթներից են կրակել հայերին, որոնք շրջափակման մէջ են եղել Մուսա լեռան վրայ։

Ժամանակից Գերմանիան արիութիւն է ունեցել յայտարարելու, որ իր իշխանութիւնները կապ են ունեցել Առաջին եւ Երկրորդ աշխարհամարտերի յանցագործութիւնների հետ։ 2016 թւականին Բունդեսթագն իր բանաձեւով ոչ միայն դատապարտել է Թուրքիայի քրիստոնեաների Ցեղասպանութիւնը, այլ նաեւ ընդունել, որ կայսերական Գերմանիան մասնակցել է դրան։

Բայց գերմանացի զինագործներն այդպէս էլ չընդունեցին, որ մասնակցել են այդ գործարքներին։ Կրուպի ժառանգորդը` «ThyssenKrupp» կոնցեռնը, լռում է, իսկ «Մաուզերն» արդէն չի գործում։

Այդ տարիների մասին շատ վկայութիւններ է թողել կայսերական բանակի մայոր Էբերհարդ Վոլֆսքէլը, որն օգնել է հայ բնակչութեանը սպանելու ծրագիր կազմել։ Նա Ֆահրի փաշայի` Չորրորդ թուրքական բանակի հրամանատարի տեղակալի օրոք շտաբի պետ է եղել։

«Հայերը եկեղեցու հարաւային մասի տներում էին։ Երբ հարւածեց հրետանին, շատերը տներում մահացան, մնացածները փորձեցին թաքնւել եկեղեցում։ Բայց նրանք պէտք է վազէին եկեղեցու բաց բակով, որն արդէն նշանառութեան տակ էին վերցրել մեր հետեւակները։ Վազողների վրայ կրակում էին։ Հետեւազօրը, որը ես օգտագործում էի հիմնական հարւածի համար, իրեն շատ լաւ դրսեւորեց եւ արագ առաջ շարժւեց»,- կնոջն ուղղւած նամակում գրել է մայորը։

Յայտնի է, որ գերմանացի բարձրաստիճան սպաները թուրքերի նման չեն վստահել հայերին։ Ռազմածովային կցորդ Հանս Հումանը` գերմանա-թուրքական կորպուսի անդամը եւ Թուրքիայի ռազմական նախարար Էնւեր փաշայի մտերիմ ընկերը, գրել է. «Հայերը կը կոտորւեն ռուսների հետ դաւադրութեան պատճառով։ Դա դժւար կը լինի, բայց կօգնի գործին»։

Գերմանական բանակի գեներալ-մայոր Քոլմար ֆոն դեր Գոլցը 1883թ-ին դարձել է օսմանեան պալատի գլխաւոր ռազմական խորհրդականներից մէկը եւ մեծ օգուտ բերել Մաուզերին եւ Կրուպին։ Իր օրագրում նա գրում է. «Կարող եմ վստահաբար ասել, որ առանց ինձ թուրքական բանակին չէր յաջողւի զինւել գերմանական տեխնիկայով»։

Ընկերների եւ հարազատների շրջանում ֆոն դեր Գոլցը զզւանքով է խօսել հայերի մասին` որպէս «անլւայ չարչիների ժողովրդի»։

«Նա ամրապնդել է օսմանեան պալատի եւ սուլթանի համոզմունքը, որ մէկընդմիշտ պէտք է վերջ դնել հայկական հարցին»,- ասել է Լանդգրեբերը։

Գերմանացի պատմաբանները եւս մի յատկանշական վկայութիւն են ներկայացնում։ Ֆոն դեր Գոլցի համար «երկրորդ տեսակի» էին ոչ միայն հայերը։ 1883 թ.-ին նա հրապարակել է «Das Volk in Waffen» գիրքը («Զինւած ժողովուրդ»), որտեղ գրում է` պատերազմի նպատակը պէտք է լիներ ոչ թէ կապիտուլիացիան, այլ թշնամու բնաջնջումը։

Նշենք, որ հայ եւ գերմանացի պատմաբաններն ամբողջ պատասխանատւութիւնը չեն գցում գերմանացի վարձկանների վրայ։ Ընդգծւում է, որ հիմնական մտադրութիւնը բխել է օսմանեան, այնուհետեւ` երիտթուրքական ղեկավարութիւնից։ Դա ընդգծում է նաեւ Լանդգրեբերը։

«Ոչ մէկին պէտք չէ իդեալականացնել։ Ուղղակի պատմութեան պատկերը պէտք է աւելի յստակ լինի»,- գրում է նա։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։