Հա

Քաղաքական

11/04/2018

Թուրքերը ռուս դեսպանի սպանութիւնը փորձում են կապել հայերի եւ Գիւլէնի անւան հետ

Թուրքիան ակտիւօրէն փորձում է սեպ խրել Երեւանի եւ Մոսկւայի յարաբերութիւններում` յայտարարելով Ֆեթուլլահ Գիւլէնի եւ Ռուսաստանի հայ համայնքի կապերի մասին։

Ինչպէս եւ ենթադրւում էր, ռուս-թուրքական յարաբերութիւնների ջերմացումն ուղեկցւում է տարբեր տեղեկատւական հերիւրանքներով եւ մեդիա սադրանքներով, որոնց նպատակը ռուսական զանգւածային գիտակցութեան մէջ հայկական համայնքի նկատմամբ թշնամութիւն սերմանելն է։

«alikonline.ir» - Թուրքիան ակտիւօրէն փորձում է սեպ խրել Երեւանի եւ Մոսկւայի յարաբերութիւններում` յայտարարելով Ֆեթուլլահ Գիւլէնի եւ Ռուսաստանի հայ համայնքի կապերի մասին։ Գրում է «Sputnik» Արմենիան:

Ինչպէս եւ ենթադրւում էր, ռուս-թուրքական յարաբերութիւնների ջերմացումն ուղեկցւում է տարբեր տեղեկատւական հերիւրանքներով եւ մեդիա սադրանքներով, որոնց նպատակը ռուսական զանգւածային գիտակցութեան մէջ հայկական համայնքի նկատմամբ թշնամութիւն սերմանելն է։

Միաժամանակ, ինչպէս յաճախ լինում է նման դէպքերում, սադրանքների հեղինակները լուրջ «կադրային» բազա չունենալու կամ սեփական ցածր մտաւոր եւ կրթական մակարդակի պատճառով դիմում են տարբեր խաբեբաների, խարդախների եւ բացայայտ ստահակների ծառայութիւններին։ Ամբողջ կառուցւածքը աչքի է ընկնում միաժամանակ իր տհասութեամբ եւ միաժամանակ համարձակութեամբ։ Բայց ամէն ինչի մասին հերթով։

Վերջերս թուրքական «Ahvalnews» պարբերականի էջերում յայտնւել է Թալաթ Չեթին անունով ոմն մէկի մեկնաբանութիւնը, որը ներկայացւած է որպէս «Ղազախստանի Ազգային անվտանգութեան ակադեմիայի նախագահ»։ Այդ «նախագահը» մեկնաբանութիւն է տւել «Akşam» թերթին, որում փորձելով խելացի երեւալ` մտորում է այն մասին, թէ թուրքական իշխանութիւնների կողմից հետապնդւող իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գիւլէնի կողմնակիցներն այսօր ակտիւօրէն համագործակցում են Ռուսաստանում հայկական սփիւռքի հետ։

Ինչու՞ են հայ համայնքին վարկաբեկելու համար օգտագործւում հէնց «Հիզմեթ» շարժումը եւ այդ շարժման անդամների հետ հայերի մտացածին կապերը։ Պատասխանը շատ ակնյայտ է։ Բայց սկսենք նախապատմութիւնից։

Ինչպէս յայտնի է, Թուրքիայում 2016 թ.-ի դեկտեմբերին ռուս դեսպան Անդրէյ Կառլովի սպանութիւնից գրեթէ անմիջապէս յետոյ այդ յանցագործութեան համար պատասխանատւութիւնը թուրքական իշխանութիւնները գցեցին Գիւլէնի վրայ։ Ընդհանրապէս վերջին 2-3 տարիներին իսլամական քարոզիչը դարձել է այն ամէնի մեղաւորը, ինչ տեղի է ունենում թուրքական հասարակութիւնում։ Տասնեակ հազարաւոր թուրք քաղաքացիներ այսօր բանտերում են Գիւլէնի եւ նրա շարժման հանդէպ համակրանք տածելու մեղադրանքով, եւ զարմանալի կը լինէր, եթէ ռուս դիւանագէտի սպանութիւնն Էրդողանի ռեժիմը չօգտագործեր երկրի ներսում հերթական անգամ «սանձերը» ձգելու եւ ենթադրեալ գիւլէնեան «վհուկների» դէմ որս սկսելու համար։

Գիւլէնի կողմնակիցների մասնակցութեամբ դեսպանի սպանութեան մասին թեզը կրկնում է նաեւ վերոյիշեալ Թալաթ Չեթինը։ Նրա խօսքով` ռուս-թուրքական համատեղ հետաքննութեան արդիւնքում յայտնաբերւել են նիւթեր, որոնք կապում են մարդասպանին` ոստիկանութեան նախկին սպա Մեւլութ Ալթինթաշին, Գիւլէնի հետեւորդների հետ։

Սակայն կողքից դեսպանի սպանութեան ողջ պատմութիւնը` Ալթինթաշին արագ, գրեթէ ակնթարթօրէն չէզոքացնելով եւ նրան Գիւլէնի շարժմանը հարելու մեղ մեղադրելով հանդերձ ոչ մի կերպ մանրամասն մշակւած սցենարի տպաւորութիւն չի թողնում, որը կարող էր գրւած լինել Փենսիլւանիայում, որտեղ բնակւում է Գիւլէնը։ Եւ չնայած Թուրքիայի իշխանութիւնների եւ նրանց մանկլաւիկների ջանքերին, նրանք ի վիճակի չեն ապացուցել հակառակը, թաքցնել գրեթէ ակնյայտը։

Ռուս դեսպանին սպանել են Էրդողանի` Պուտինին ուղղւած յայտնի նամակից վեց ամիս յետոյ, որում Էրդողանը ներողութիւն էր խնդրում սիրիական երկնքում կործանւած ռուսական ինքնաթիռի համար եւ հաւատարմութեան ու ընկերութեան երդում տալիս` առաջարկելով հաշտւել եւ նոր էջից սկսել յարաբերութիւնները։ 2016 թ.-ի դեկտեմբերին Մոսկւայի եւ Անկարայի յարաբերութիւնները կարծես սկսել էին կարգաւորւել, եւ այդ ժամանակ ցուցահանդէսի ժամանակ ահաբեկչի գնդակը սպանեց ռուս դեսպանին։ Մի քանի անգամ կրակելով դեսպանի ուղղութեամբ` Ալթինթաշը գոռացել է. «Չմոռանա՛ք Սիրիան, չմոռանա՛ք Հալէպը»։

Տարօրինակ է, բայց մարդասպանի խօսքերն արտացոլել են Ռուսաստանի եւ Սիրիայի գործողութիւնների հանդէպ թուրքական ղեկավարութեան իրական վերաբերմունքը։ Չնայած իրավիճակային միութեանը` Ռուսաստանի եւ Թուրքիայի շահերն արաբական երկրում արմատապէս տարբերւել են, եւ այսօր նոյնպէս տարբերւում են։ Քանի դեռ Ռուսաստանը Թուրքիայի համար կառուցում է «Ակույու» ատոմակայանը Միջերկրական ծովի ափին, բացում է իր շուկան թուրքական լոլիկների համար եւ զբօսաշրջիկներին թողնում Անթալիա եւ Մարմարիս, Անկարան շարունակում է պահանջել Սիրիայի օրինական նախագահ Բաշշար Ասադի հրաժարականը, բռնազաւթում երկրի հիւսիսային տարածքները եւ մեղադրում Ասադին իր խաղաղ քաղաքացիների դէմ քիմիական զէնք օգտագործելու մէջ։

Բացի այդ, Սիրիայում գործող մի շարք ահաբեկչական խմբաւորումներ, որոնց կոչում են «չափաւոր ընդդիմութիւն», մինչեւ հիմա զէնք, փող եւ մարդկային համալրում են ստանում Թուրքիայից։ Այդ երկրի հասարակութիւնում կան մեծ թւով հասարակական-քաղաքական խմբեր, որոնք բացայայտ թշնամաբար են վերաբերւում Ռուսաստանին եւ քողարկւած կերպով Էրդողանի ռեժիմի կողմից ղեկավարւելով` քայլեր են անում Ռուսաստանի դէմ։ Որեւէ պատճառ չկայ բացառելու, որ Ալթինթաշը գործել է`ելնելով այդ խմբերի շահերից։

Այդ մարդկանց գաղտնի կերպով աջակցելու փաստը թաքցնելու համար Էրդողանի ռեժիմը գործարկել է Գիւլէնի մասնակցութեան մասին վարկածը։ Հակառակ դէպքում նա ստիպւած կը լիներ բացատրութիւն տալ Ռուսաստանի թիկունքին նոր հարւած հասցնելու համար։ Ուղղակի իմաստով` թիկունքին։

Հնարաւոր է, որ Թուրքիայի ներսում այդ ազգայնամոլական եւ իսլամիստական զանգւածի լոբբիստներից մէկն այսօր պարոն Թալաթ Չեթինն է։ Ճիշտ է, դա նրա մօտ չափազանց անգրագէտ է ստացւում։ Աւելին, համացանցում կան բազմաթիւ հետաքրիր նիւթեր, որոնք լոյս են սփռում սոյն կերպարի գործունէութեան վրայ։ Որոշ աղբիւրների տեղեկութիւնների համաձայն` նա անկողնային սպիտակեղէնի առեւտրական է։ Բացի այդ, ոչ հեռաւոր անցեալում Չեթինի անունը կապւած է եղել շորթելու պատմութեան հետ։ 

Աչքի է զարնում այս պարոնի կոչումների բազմազանութիւնը։ Այսօր նա քաղաքագէտ է, վաղը` գեներալ-լէյտենանտ, որը համակարգում է Ռուսաստանի արտաքին տնտեսական անվտանգութեան հարցերը, միւս օրը` դիւանագիտական աշխատող, այդ ցուցակը կարելի է անվերջ շարունակել։

Անհասկանալի է միայն, թէ ինչպէս է թուրք հպատակը յայտնւել Ռուսաստանի տնտեսական շահերի «պահապանների» շարքում։ Նոյնիսկ նրա «արկածների» թռուցիկ վերլուծութիւնը թոյլ է տալիս հասկանալ, թէ իրականում ում շահերն է պաշտպանում փորձառու խորամանկը։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։