Հա

Քաղաքական

12/04/2018 - 12:20

Թրամփը Սիրիային ուղղւած ռազմական հարւածների հարցում մի քանի տարբերակ է քննարկում, վերջնական որոշում դեռ չի կայացւել

Սպիտակ տան խօսնակ Սառա Սանդերսը յայտնել է լրագրողներին, որ Սիրիային ուղղւած ռազմական հարւածների վերաբերեալ վերջնական որոշում դեռ չի կայացւել: 

«alikonline.ir» - Սպիտակ տան խօսնակ Սառա Սանդերսը յայտնել է լրագրողներին, որ Սիրիային ուղղւած ռազմական հարւածների վերաբերեալ վերջնական որոշում դեռ չի կայացւել: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ յայտնում է «BBC»-ն:

«Նախագահն իր տրամադրութեան տակ մի քանի տարբերակ ունի, եւ մի շարք տարբերակներ մնում են քննարկման սեղանին»,- ասել է Սանդերսը չորեքշաբթի երեկոյեան տեղի ունեցած ճեպազրոյցի ժամանակ:

Այսօր նախատեսւում է ԱՄՆ ազգային անվտանգութեան խորհրդի նիստ, մինչդեռ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մէյը կառավարության նիստ է հրաւիրել:

Ակտիւիստների, փրկարարների եւ բժիշկների հաղորդմամբ՝ տասնեակ մարդիկ են զոհւել շաբաթ ապստամբների հսկողութեան տակ գտնւող սիրիական Դումա քաղաքում, բայց նախագահ Բաշշար Ասադի ռեժիմը հերքում է քիմիական յարձակման պատասխանատւութիւնը:

ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան համաձայնել են միասին գործել այս հարցում, եւ տեղեկութիւնների համաձայն՝ պատրաստւում են ռազմական յարձակում իրականացնել ի պատասխան քիմիական յարձակման:

ԱՄՆ ռազմական գերատեսչութեան ղեկավար Ջէյմս Մեթիսը յայտարարել է, որ ԱՄՆ-ն դեռ գնահատում է քիմիական յարձակման մասին տւեալները, բայց յաւելել է, որ ռազմական ուժերը պատրաստ են ռազմական տարբերակների, եթէ նախագահ Դոնալդ Թրամփը որոշի, որ դրանք անհրաժեշտ են:

Սպիտակ տունն, իր հերթին, նշել է, որ նախագահը դեռ չունի կոնկրետ ժամանակացոյց, թէ երբ կարող են իրականացւել ռազմական հարւածները: Այնուամենայնիւ, ամերիկեան նաւատորմի «Դոնալդ Քուկ» էսկադրոնային ականակիր նաւը Միջերկրական ծովում է:

Ինչպէս յայտնել են «BBC»-ի աղբիւրները, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մէյը պատրաստ է միանալ ռազմական գործողութեանը, սակայն ստիպւած է խնդրել ԱՄՆ-ին սպասել գործողութիւնների իրականացման հարցում, մինչեւ նա չխորհրդակցի խորհրդարանականների հետ: Առաջիկայ օրերին արձագանգի վերաբերեալ որոշում կկը այացնի նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը:

Աւելի վաղ Միացեալ Նահանգների ղեկավարն իր թւիթերյան էջում յայտարարել էր Սիրիայի դէմ իրականացւելիք հրթիռային հարւածի մասին: Այս կերպ Թրամփն արձագանգել էր Լիբանանում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Զասիպկինի յայտարարութեանն առ այն, որ Սիրիայի ուղղութեամբ ԱՄՆ-ի կողմից հրթիռների արձակման դէպքում դրանք, ինչպէս նաեւ դրանց արձակման վայրերը կը կործանւեն:

«Ռուսաստանը խոստանում է խոցել Սիրիայի դեմ ուղղւած բոլոր հրթիռները: Պատրաստւի՛ր, Ռուսաստա՛ն, քանի որ դրանք՝ լաւ, նոր եւ «խելացի» հրթիռները, գալու են: Դուք չպէտք է գործընկերներ լինէիք սեփական ժողովրդին գազով սպանող ու դրանից հաճոյք ստացող կենդանու հետ»,-գրել է Թրամփը:

Դրան յաջորդել է մէկ այլ գրառում։

«Մեր յարաբերութիւնները Ռուսաստանի հետ երբեւէ եղածից՝ այդ թւում նաեւ «սառը պատերազմից» ի վեր ամենավատ վիճակում են: Բայց դրա համար պատճառ չկայ: Ռուսաստանը մեր օգնութեան կարիքն ունի` յատկապէս տնտեսութեան հարցում: Դա շատ հեշտ կարւի, եթէ բոլոր ազգերը համագործակցեն: Վերջ տա՞նք սպառազինութեան մրցավազքին»,-գրել է Թրամփը:

Ի դէպ, ԱՄՆ պետքարտուղարի պաշտօնի հաւակնորդ Մայք Պոմպէոն, որի թեկնածութեան շուրջ լսումներ են անցկացւում Կոնգրեսում, պատրաստւում է հանդէս գալ յայտարարութեամբ եւ ասել, որ «իր գալուստը կազդարարի Վաշինգտոնի՝ Ռուսաստանի նկատմամբ մեղմ քաղաքականութեան ժամանակաշրջանի աւարտը»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։