Հա

Քաղաքական

12/04/2018

Կարօ Փայլանի դէմ դատախազութիւնը պահանջագիր է պատրաստել. նա կարող է զրկւել մանդատից

Անկարայի հանրապետական դատախազութիւնը քրդամէտ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութեան 8 պատգամաւորի նկատմամբ իրաւական գործընթաց սկսելու նպատակով պահանջագիր է պատրաստել: Պատգամաւորների շարքում է նաեւ հայազգի Կարօ Փայլանը:

«alikonline.ir» - Անկարայի հանրապետական դատախազութիւնը քրդամէտ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութեան 8 պատգամաւորի նկատմամբ իրաւական գործընթաց սկսելու նպատակով պահանջագիր է պատրաստել: Պատգամաւորների շարքում է նաեւ հայազգի Կարօ Փայլանը: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, այս մասին յայտնում է թուրքական «Anadolu» գործակալութիւնը:

Կարօ Փայլանից բացի, պահանջագրում ներառւած են պատգամաւորներ Օսման Բայդեմիրի, Ալիջան Օնլուի, Ֆելեքնաս Ուջայի, Սիբէլ Եղիթալփի, Նադիր Եըլդըրըմի, Դիլէք Օջալանի, Միզգին Ըրգաթի անունները: Նրանք մեղադրւում են «թուրք ազգը, Թուրքիայի Հանրապետութիւնը, կառավարութիւնը, պետութեան զինւորին կամ անվտանգութեան համակարգը հրապարակայնօրէն ծաղրելու», «ահաբեկչական խմբաւորման քարոզչութիւն անելու», «քաղաքական կուսակցութիւնների կանոններին հակառակ գործելու», «հանրապետութեան նախագահին վիրաւորելու» մէջ:

Կարօ Փայլանի դէմ նախապատրաստւած պահանջագրում, մասնաւորապէս, նշւում է, որ նա 2017 թւականի մայիսի 1-ին Կանադայում տւած հարցազրոյցում իր արտայայտած մտքերով «հրապարակայնօրէն ծաղրել է թուրքական ազգը, Թուրքիայի Հանրապետութիւնը եւ կառավարութիւնը» ու «վիրաւորել հանրապետութեան նախագահին»:

Պահանջագրերով, համաձայն երկրի սահմանադրութեան 83-րդ յօդւածի, նախատեսւում է պատգամաւորներին զրկել մանդատից: Դրանք մեջլիսի նախագահութեանը ներկայացւելու նպատակով ուղարկւել են Թուրքիայի արդարադատութեան նախարարութեանը:

Թուրքիայի մեջլիսի նախագահութիւն ներկայացւելուց յետոյ հարցը քննարկման է դրւում յատուկ յանձնաժողովում, որի կազմում են մեջլիսի սահմանադրական եւ արդարադատութեան հարցերով յանձնաժողովների անդամները: Յանձնաժողովը հարցն ուսումնասիրելուց յետոյ պատրաստում է համապատասխան զեկոյց, որը վերջնական քւէարկութեան է դրւում մեջլիսի նիստի ժամանակ: 

Պատգամաւորներն իրաւունք ունեն ինչպէս յանձնաժողովում, այնպէս էլ մեջլիսի նիստի ժամանակ հանդէս գալ պաշտպանական խօսքով: Մանդատից զրկւելու պարագայում նրանք կարող են հարցը բողոքարկել Սահմանադրական դատարանում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։