Հա

Քաղաքական

15/04/2018

Վարդան Ոսկանեան. «Սիրիայի հրթիռակոծութիւնը բացայայտեց ՌԴ-Իրան-Թուրքիա համագործակցութեան հակասութիւնները»

Իրականում մենք գործ ունենք Միացեալ Նահանգների նախագահի կողմից սեփական դէմքը պահպանելուն միտւած գործողութեան հետ: «tert.am»-ի հետ զրոյցում նման տեսակէտ յայտնեց ԵՊՀ Արեւելագիտութեան ֆակուլտետի իրանագիտութեան ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանեանը՝ անդրադառնալով ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի՝ Սիրիայի ուղղութեամբ արձակւած հրթիռներին:

«alikonline.ir» - Իրականում մենք գործ ունենք Միացեալ Նահանգների նախագահի կողմից սեփական դէմքը պահպանելուն միտւած գործողութեան հետ: «tert.am»-ի հետ զրոյցում նման տեսակէտ յայտնեց ԵՊՀ Արեւելագիտութեան ֆակուլտետի իրանագիտութեան ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանեանը՝ անդրադառնալով ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի՝ Սիրիայի ուղղութեամբ արձակւած հրթիռներին:

Նրա կարծիքով՝ ակնյայտ է, որ միայն նման հրթիռային հարւածներով որեւէ խնդիր չի լուծւում Սիրիայի ներսում, եւ, ըստ էութեան, կեղծ է այն մեղադրանքը, որ սիրիական կառավարութիւնը քիմիական զէնք է կիրառել սեփական բնակչութեան նկատմամբ: Ոսկանեանը թերահաւատօրէն է վերաբերւում տեսակէտին, թէ աւելի լուրջ բախում կը լինի ՌԴ-ի եւ Արեւմուտքի միջեւ:

«Ռազմադաշտերի վրայ այդ հրթիռակոծութիւնը որեւէ ազդեցութիւն չի ունենայ, եւ սիրիական բանակն իր դաշնակիցների աջակցութեամբ կը շարունակի երկրի տարածքը մաքրել ահաբեկչական կառոյցներից:

Ինչ վերաբերում է խնդրի քաղաքական բաղադրիչին` ակնյայտ է, որ ստեղծում է լրացուցիչ լարւածութեան մթնոլորտ, յատկապէս, եթէ հաշւի առնենք, որ այդ  մթնոլորտում ներգրաււած են լրջագոյն պետութիւններ՝ ԱՄՆ -ն եւ ՌԴ-ն,  որոնք նաեւ միջուկային  խոշոր տէրութիւններ են: Սակայն  ԱՄՆ-ՌԴ ուղղակի բախման մասին խօսելն այս պահին անտեղի է, ակնյայտ է՝ 2 պետութիւնների յարաբերութիւններում չափազանց սառը մթնոլորտ  է, ոմանք էլ այս մթնոլորտն անւանում են «սառը պատերազմ», սակայն ուղղակի բախումների հաւանականութիւնը զրոյական է»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է տարածաշրջանային այլ խաղացողներին` իրանագէտն ասաց, որ այս հրթիռակոծութիւնը եւս մէկ անգամ հաստատագրեց, որ ՌԴ-Թուրքիա-Իրան եռակողմ ձեւաչափն իրավիճակային է: Վարդան Ոսկանեանը մէջբերեց Թուրքիայի յայտարարութիւնը՝ կապւած Սիրիան հրթիռակոծելու հետ եւ նկատեց, որ թուրքական կողմն իր յայտարարութեամբ բացայայտ ողջունեց ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի գործողութիւնները, ինչը հակասում էր միւս 2 կողմի՝ ՌԴ-ի եւ Իրանի դիրքորոշմանը:

«Այս առումով, յատկապէս Իրանի պարագայում, նախագահի թիմը կարող է ունենալ լուրջ խնդիրներ՝ սեփական հասարակութեանը բացատրելու հարցում, թէ ինչու է գործակցութիւն ծաւալում Անկարայի հետ, եթէ Անկարայի կողմից նման գործելաոճ կայ: Կարծում եմ՝ սա պատեհ առիթ է, որ միւս խաղացողները փորձեն Թուրքիային դուրս թողնել սիրիական ճգնաժամի գործընթացներից, չնայած` թուրքական կողմը նաեւ ցամաքային ներկայութիւն ունի Սիրիայի հիւսիսում, յատկապէս Աֆրինի բռնազաւթումից յետոյ»,- նշեց Վարդան Ոսկանեանը:

Իրանագէտի համար ակնյայտ է, որ Սիրիայի հրթիռակոծութեան հետեւանքով բացայայտւեց ՌԴ-Իրան-Թուրքիա համագործակցութեան հակասութիւնները, որոնք մինչ այսօր փորձում էին լղոզել: Ոսկանեանը նաեւ ենթադրում է, թէ ինչ երանգ է հաղորդելու Թուրքիան իր հաղորդագրութեանը, քանի որ ծանօթ է Անկարայի գործելաոճն:

«Անշուշտ, թուրքական կողմն այդ յայտարարութեանը կը փորձի հաղորդել դիւանագիտական նրբերանգներ, կասի, որ նպատակ էր հետապնդում ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի միջեւ միջնորդական դեր ստանձնելու, բայց ակնյայտ է, որ  հետապնդում է այլ նպատակներ, իսկ այդ նպատակների թւում Սիրիայում խաղաղութեան հաստատումը չէ»,- շարունակեց իրանագէտը:

Վարդան Ոսկանեանի դիտարկմամբ՝ Արեւմուտք-ՌԴ հռետորաբանութիւնն աւելի կը խստանայ, թէեւ, ըստ նրա, ներկայիս խիստ հռետորաբանութիւնից աւելի կոշտ դժւար է պատկերացնել: Ըստ նրա՝ ռազմական ցամաքային առճակատման հաւանականութիւնը քիչ է, քանի որ ԱՄՆ նախագահները խուսափում են ցամաքային գործողութիւններից, հաշւի առնելով այդ գործողութիւնների ընթացում հնարաւոր զոհերը, որից յետոյ ԱՄՆ-ում աղմուկ է բաձրանում:

«ԱՄՆ-ի բնակիչների մեծամասնութիւնը չի էլ պատկերացնում, թէ Սիրիան որտեղ է գտնւում: Հետեւաբար, կարծում եմ, որ աւելի խորը գործողութիւններ դժւար թէ լինի: Հրթիռակոծութիւնը փորձ էր` պահպանելու Միացեալ Նահանգների ներկայութիւնը Մերձաւոր Արեւելքում, հաշւի առնելով, որ այստեղ ներկայ են նրա 2 հակառակորդները՝ Իրանը եւ ՌԴ-ն: Նախագահ Թրամփի՝ հրթիռակոծութեան մասին յայտարարութիւններում շատ յաճախ յիշատակւում է մէկ ՌԴ-ի, մէկ Իրանի ազդեցութինը նւազեցնելու մասին մտքեր: Խօսւում է, որ ԴԱԷՇ-ի խորտակելուց յետոյ չպէտք է թոյլ տալ, որ Իրանի դիրքերն ուժեղանան: Սակայն Մերձաւոր Արեւելքում Իրանի դէմ պայքարելն անարդիւնաւէտ է, նրանց հետ պէտք է երկխօսել, այլ ոչ թէ վախեցնել: Իրանն այս տարածաշրջանում է հազարամեակներ եւ այն շատ լաւ է ճանաչում»,- ընդգծեց Ոսկանեանը՝ նկատելով, որ Սիրիայի վրայ յարձակումը հարւած էր նաեւ Իրանի շահերին:

Անկախ ամենից, նա Սիրիայի դէմ Արեւմուտքում կարեւոր երկրների կոնսոլիդացիայի հնարաւորութիւն չի տեսնում: Վարդան Ոսկանեանը մատնացոյց արեց այն հանգամանքը, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները թւաքանակով շատ աւելի են, քան Սիրիայի վրայ հրթիռ արձակողները:

«Գերմանիայի պէս հզօր, կարեւոր երկիրը չի ցանկանում որեւէ մասնակցութիւն ունենալ այս գործընթացներին, եւ Գերմանիան բացառութիւն չէ»,- եզրափակեց Վարդան Ոսկանեանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։