«CNN»-ի տրամադրութեան տակ յայտնւած արբանեակային լուսանկարները ցոյց են տալիս ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի կողմից Սիրիային ուղղւած հրթիռային հարւածների վնասները:
«alikonline.ir» - «CNN»-ի տրամադրութեան տակ յայտնւած արբանեակային լուսանկարները ցոյց են տալիս ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի կողմից Սիրիային ուղղւած հրթիռային հարւածների վնասները: Տեղեկացնում է «tert.am»-ը:
ԱՄՆ ռազմական գերատեսչութիւնը շաբաթ հրապարակել է հրթիռների երեք սիրիական թիրախների քարտէզը: «CNN»-ը տրամադրել է այդ քարտէզը երկու արբանեակային լուսանկարահանմամբ զբաղւող ընկերութիւնների, որոնցից ստացւած լուսանկարները ցոյց են տալիս ենթադրաբար Սիրիայի քիմիական զէնքերի ծրագրին ներգրաււած օբիեկտներին օդային հարւածների հասցրած վնասները:
Պենտագոնի խօսնակ Դանա Վայթը յայտնել է լրագրողներին, որ «հարւածները խոցել են բոլոր թիրախները», մինչդեռ Ռուսաստանը յայտարարել է, որ սիրիական օդային պաշտպանութեան համակարգերը որսացել են արձակւած 103 հրթիռից 71-ը: Չնայած Ռուսաստանը յայտնել է, որ մի շարք սիրիական ռազմական աերոդրոմներ, արդիւնաբերական կենտրոններ եւ հետազօտական օբիեկտներ են խոցւել, Սիրիան դրա հետ չի համաձայնւում:
Մասնաւորապէս՝ սիրիական պետական հեռուստատեսութիւնը յայտնել է, որ որսացել են Հոմսի ուղղութեամբ արձակւած հրթիռները, եւ դրանք որեւէ վնաս չեն հասցրել:
Յիշեցնենք, որ Միացեալ Նահանգները, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան լոյս ապրիլի 14-ին Սիրիայի օբիեկտների ուղղութեամբ արձակել են աւելի քան 100 թեւաւոր եւ «օդ-երկիր» դասի հրթիռ։
Նշւում է, որ հարւածները հասցւել են ԱՄՆ ռազմածովային ուժերի 2 նաւերից՝ Կարմիր ծովի կողմից, Միջերկրական ծովի օդային տարածքում գտնւող մարտավարական աւիացիայից, ինչպէս նաեւ ամերիկեան ռազմավարական «B-1B» ռմբակոծիչներից՝ Էթ Թանֆ շրջանից։