Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 16 Ապրիլի 2018 08:30

Ա. Արեշեւ. «Թուրքիայի առաջնորդների յայտարարութիւններն ընդգծում են թուրք-իրանա-ռուսական բանակցային ձեւաչափի ծայրահեղ խախուտ լինելը»

Մոսկւայի ու Անկարայի ոչ այնքան հարթ ու ոչ առանց կնճիռների գործընկերութիւնը, այդ թւում՝սիրիական հարցում, կը շարունակւի. «tert.am»-ի հետ զրոյցում նման կարծիք յայտնեց ռուսաստանցի արեւելագէտ, Կովկասի հարցերով փորձագէտ Անդրէյ Արեշեւը։ Նա նշեց, որ այդուհանդերձ Թուրքիայի առաջնորդների ներկայիս յայտարարութիւններն ու թուրքական մամուլի յօդւածներն ընդգծում են թուրք-իրանա-ռուսական բանակցային ձեւաչափի ծայրայեղ խախուտ լինելը:

«alikonline.ir» - Մոսկւայի ու Անկարայի ոչ այնքան հարթ ու ոչ առանց կնճիռների գործընկերութիւնը, այդ թւում՝սիրիական հարցում, կը շարունակւի. «tert.am»-ի հետ զրոյցում նման կարծիք յայտնեց ռուսաստանցի արեւելագէտ, Կովկասի հարցերով փորձագէտ Անդրէյ Արեշեւը։ Նա նշեց, որ այդուհանդերձ Թուրքիայի առաջնորդների ներկայիս յայտարարութիւններն ու թուրքական մամուլի յօդւածներն ընդգծում են թուրք-իրանա-ռուսական բանակցային ձեւաչափի ծայրայեղ խախուտ լինելը:

 

Պարո՛ն Արեշեւ, մինչ ընդամենը մի քանի օր առաջ Անկարայում 1-ին դէմքերի մակարդակով մեծամասշտաբ տնտեսական ու քաղաքական պրոյեկտների մասին յայտարարւեց՝ ռուսական ներդրումներով 20 միլիարդանոց նոր ատոմակայանից մինչեւ Հարաւային հոսք, միջազգային լրահոսից տեղեկանում ենք, որ Թուրքիան ողջունում է Արեւմտեան կոալիցիայի Սիրիային ուղղւած հարւածները, այն դէպքում, երբ Իրանն ու ՌԴ-ն սա որակում են միջազգային իրաւունքի կոպտագոյն խախտում:

Չէ՞ք համարում, որ Թուրքիայի այս յայտարարութիւնը նման կարեւոր հարցի վերաբերեալ մէջքից հարւած էր:

- Զերծ կը մնայի զգացմունքային տարաբնոյթ արտայայտութիւններից, առաւել եւս, որ Թուրքիայի քաղաքականութիւնը բաւականաչափ կանխատեսելի էր: Եւ սիրիական հակամարտութեան բոլոր փուլերում թուրքական ղեկավարութիւնը Բաշշար Ասադի ղեկավարութեանը ոչ միայն կողմ չէր, այլեւ բազմիցս արտայայտւել էր նրա հեռանալու մասին: Այնպէս որ, այս հարցում որեւէ սենսացիա չեմ տեսնում, եւ Թուրքիայի առաջնորդների ներկայիս յայտարարութիւններն ու թուրքական մամուլի յօդւածներն ընդգծում են թուրք-իրանա-ռուսական բանակցային ձեւաչափի ծայրայեղ խախուտ լինելը: Ձեւաչափ, որն ուղղւած է Սիրիայում իրավիճակի կայունութեանը: Դրանով հանդերձ, բաւական է նայել քարտէզին՝ հասկանալու համար, թէ Ռուսաստանի համար որքանով կարեւոր է Թուրքիայի հետ փոխգործակցութիւնն ու փոխազդեցութիւնն այս իրավիճակում, երբ սիրիական ռազմական թատերաբեմը բաւականաչափ հեռու է Ռուսաստանի սահմաններից եւ, առաջին հերթին, պայմանաւորւած է սեւծովեան նեղուցներով՝ լոգիստիկայով: Այնպէս որ, համարում եմ, որ այս առումով Մոսկւայի ու Անկարայի ոչ այնքան հարթ ու առանց կնճիռների գործընկերութիւնը, այդ թւում՝սիրիական հարցում, կը շարունակւի եւ, անկասկած, էլ աւելի կը խճողւի Թուրքիայի արեւմտեան դաշնակիցների կողմից տարաբնոյթ ռազմական գործողութիւնների պատճառով, որոնք ուղղւած են սիրիական ղեկավարութեանը իշխանութիւնից հեռացնելուն:

 

Բայց չէ՞ որ սա միակ եւ առաջին հակասութիւնը չէ՝ մի կողմից ՌԴ-ի ու Իրանի, և միւս կողմից՝ Թուրքիայի միջեւ: Յիշենք, որ մինչ ՌԴ-ն ու Իրանը խօսում են, որ թուրքերը Աֆրինը պէտք է յանձնեն Սիրիայի կառավարական ուժերի վերահսկողութեանը, Էրդողանն ասում է՝ մենք գիտենք՝ ում եւ երբ յանձնել Աֆրինը: Փաստօրէն, ստացւում է, որ ՌԴ-ն ու Թուրքիան նման կարեւոր հարցերում մշտապէս հակասութիւններ ունեն:

- Այդ հակասութիւնները օբիեկտիւ են եւ ոչ մի տեղ չեն կորել, բայց, ըստ իս, շատ կարեւոր է այդ հակասութիւններն էլ աւելի չսրելը եւ այն բացայայտ թշնամանքի չհասցնելը: Մենք տեսել ենք 2015 թւականի վերջը, երբ ռուս-թուրքական յարաբերութիւններում նման միջադէպ եղաւ եւ թէ ինչպէս այն անդրադարձաւ Սիրիայում ռազմական կոնֆլիկտի վրայ ներգործութեան առումով: Այդ իսկ պատճառով ես այլընտրանք չեմ տեսնում երկու երկրների միջեւ ժամացոյցները մշտապէս ուղղելուն եւ թէկուզ ոչ հեշտ բանակցութիւններին այն հարցերում, որոնք վերաբերում են սիրիական կոնֆլիկտին: Ես կարծում եմ եւ մօտ ապագայում չեմ բացառում Սիրիայի դէմ Թուրքիայի հիւսիսատլանտեան դաշնակիցների նոր ռազմական գործողութիւնները եւ յոյս ունեմ, որ թուրքական օդակայանները չեն օգտագործւի այդ թռիչքների համար:

 

Նկատի ունէք Թուրքիայում գտնւող ամերիկեան «Ինջերլի՞ք»-ը:

- Այո, առաջին հերթին «Ինջերլիք»-ը, որն այս անգամ օբիեկտիւ վերահսկողութեան տւեալներով, այնուամենայնիւ, չի օգտագործւել (Սիրիայի վրայ արեւմտեան կոալիցիայի արձակած հրթիռակոծութեան) ժամանակ: Իհարկէ, արեւմտեան դաշնակիցները կարող են ճնշում գործադրել Թուրքիայի վրայ՝ օգտագործելով Հիւսիսատլանտեան դաշինքում ընդհանուր անդամակցութեան շրջանակում առկայ բոլոր լծակները, որպէսզի Սիրիայում արեւմտեան կոալիցիայի գործողութիւնների նկատմամբ Թուրքիայի վերաբերմունքը լինի ոչ միայն քաղաքական-դիւանագիտական, այլեւ պրակտիկ հարթութեան մէջ: Մենք գիտենք, որ սա յղի է ամենակարեւոր հետեւանքներով եւ այս առումով, ըստ իս, ռուս-թուրքական-իրանական երկխօսութեանը չկայ այլընտրանք:

 

Իսկ եթէ արեւմտեան գործընկերները ճնշում գործադրեն Թուրքիայի վրայ, մասնաւորապէս՝ ԱՄՆ-ը, եւ հասնի իր նպատակին, սա չի՞ նշանակում, որ այդ ձեւաչափի վերջը կը գայ:

- ԱՄՆ-Թուրքիա յարաբերութիւնները, հիմա, ինչպէս գիտէք, բաւականաչափ բարդ են, ներառեալ Անկարայի ու Վաշինգտոնի՝ Քրդական հարցի նկատմամբ դիրքորոշումների տարբերութիւնը: Եւ այս առումով, կարծում եմ՝ կը սկսւի եւ կը շարունակւի առեւտուրը, որում Անկարան կը փորձի իր համար շահեկան պայմանների հասնել Սիրիայում ապագայ դիրքաւորումներում: Կարծում եմ՝ սա Ռուսաստանի շահերին չի համապատասխանում:

 

Բոլոր այս կանխատեսումների ու հնարաւոր զարգացումների պայմաններում համարո՞ւմ էք, որ ՌԴ-Թուրքիա-Իրան այս ձեւաչափը կարող է պահպանւել։

- Այս առումով, կարծում եմ, որ ո՛չ Իրանի, ո՛չ ՌԴ-ի, ո՛չ Թուրքիայի շահերից չի բխում այս երկխօսութեան մեխանիզմի դադարեցումը, այլապէս հնարաւոր եմ համարում Սիրիայում էլ աւելի մեծ սրացումները:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։