Հա

Քաղաքական

28/04/2018

Կասպիական խաւիար` լռութեան դիմաց. ԵԽԽՎ-ում ձախողւել է Բաքւի մարտավարութիւնը

Հայաստանից դէպի արեւելք գտնւող պետութիւնը երկար նեղսրտում էր եւրոպացի պատգամաւորներին զանգւածային կերպով կաշառելու մեղադրանքների համար։ Իբրեւ թէ, ԵԽԽՎ անդամներին առաջարկվող եւ նրանց կողմից վերցրած կաշառքների վերաբերեալ մեղադրանքները սադրանքներ են թշնամիների կողմից, իսկ Ապշերոնում իրականում ամէն ինչ մաքուր է։ 

«alikonline.ir» - Հայաստանից դէպի արեւելք գտնւող պետութիւնը երկար նեղսրտում էր եւրոպացի պատգամաւորներին զանգւածային կերպով կաշառելու մեղադրանքների համար։ Իբրեւ թէ, ԵԽԽՎ անդամներին առաջարկվող եւ նրանց կողմից վերցրած կաշառքների վերաբերեալ մեղադրանքները սադրանքներ են թշնամիների կողմից, իսկ Ապշերոնում իրականում ամէն ինչ մաքուր է։ Գրում է «Sputnik» Արմենիայի սիւնակագիր Ռուբէն Գիւլմիսարեան:

Սակայն, այ քեզ տհաճութիւն, կարծես թէ ճշմարտութեան պահն է հասունացել։

ԵԽԽՎ զեկուցող տիկին Պետրա դէ Սուտէրը, հինգշաբթի յայտնել է, որ անկախ հետաքննութեան արդիւնքների հիման վրայ կազմւած զեկոյցում ներկայացւած ԵԽԽՎ-ում արձանագրած կոռուպցիայի փաստերը պէտք է անհերքելի ճանաչւեն։

ԵԽԽՎ-ում քննարկումներ են տեղի ունենում այդ զեկոյցի վերաբերեալ, բացի այդ, թեման հետաքրքրութիւն է առաջացրել եւրոպական ԶԼՄ-ների շրջանում։ Բանն այն է, որ օրեր առաջ այդ զեկոյցը ներկայացւել էր կոռուպցիան հետաքննող փորձագիտական խմբի կողմից եւ նրանում հաստատւել էին Ադրբեջանի լոբբիստական գործունէութեան վերաբերեալ կասկածները։ Հրապարակւել է նաեւ վարքագծի կանոնները խախտած եւրոպատգամաւորների ցանկը։

Զեկոյցի վերաբերեալ մամուլի հաղորդագրութեան մէջ գրւած է. «Խումբը նաեւ պարզել է, որ լուրջ կասկածներ կան ԵԽԽՎ որոշ ներկայիս եւ նախկին անդամների վերաբերեալ առ այն, որ նրանք կոռուպցիոն բնոյթի գործունէութիւն են վարել ի օգուտ Ադրբեջանի»։ Այն ժամանակ ԵԽԽՎ ղեկավար Միկելէ Նիկոլէտին անուն առ անուն նշեց այն խորհրդարանականների անունները, որոնք ընդգրկւած էին զեկոյցում, եւ առաջարկեց նրանց ինքնակամ դուրս գալ Վեհաժողովում ընթացող քննարկումներից։

«Ակնյայտ է, որ կոռուպցիոն մեղադրանքները պարզապէս մեղադրանքներ չեն ոչ առեւտրային կազմակերպութիւնների կամ մեդիայի կողմից, այժմ փաստեր կան, անհերքելի փաստեր… Արդար է նաեւ այն, որ զեկոյցը հիմնականում վերաբերում է Ադրբեջանի հետ կապւած մեղադրանքներին եւ փաստերին»,- այսօր ասել է Սուտերը` նշելով, որ վերահսկման նոր մեխանիզմը, որը նախատեսւած է ԵԽԽՎ անդամի վարքագրքում, թոյլ է տալիս արագացնել խախտումների վերաբերեալ մեղադրանքների հետաքննութիւնը։

Անկախ իրաւական փորձագէտների խմբի հաշւետւութիւնը բաղկացած է 200 էջից, այնտեղ պատմւում է ԵԽԽՎ-ի գործող եւ նախկին անդամների խարդախութիւնների մասին, իսկ գումարային հաշւարկով խօսքը 2.4 մլն. եւրօ կաշառքի մասին է։ Հաշւետւութիւնների համաձայն` եւրոպատգամաւորները, որոնք պատասխանատու են Ադրբեջանի վերաբերեալ աշխատանքների համար, մեծ գումարներ, ինչպէս նաեւ թանկարժէք նւէրներ էին ստանում` ժամացոյցներ, գորգեր, սեւ խաւիար։ Այդ ամէնը նրանց էր հասնում ապշերոնեան ափերից, որպէսզի նրանք եւրոպական կառոյցներին քննադատական հաշւետւութիւններ չներկայացնեն այդ երկրում ընտրութիւնների եւ մարդու իրաւունքների խախտումների վերաբերեալ։

Խաւիարով եւ այլ բարիքներով կաշառւած եւրոպական պատգամաւորների մասին խօսակցութիւնները վաղուց էին գնում։ Պատգամաւորները, ինչպէս նաեւ բաքւեցի կաշառք տւողները, իհարկէ, ամէն ինչ հերքում էին` ազնւօրէն վրդովմունք յայտնելով։ Ընդ որում` ազնւութեան հարցում դերասանական խաղը չափազանցւած էր, ինչը աւելի մեծ կասկածներ էր ծնում։

Զարմանալի բան չկայ. Բաքւի արտաքին քաղաքական իմիջը ստեղծելու մարտավարութիւնն ու ռազմավարութիւնը գրեթէ կառուցւում է բանջարեղէնի շուկայում յարաբերութիւնների մակարդակով, որտեղ ապրիորի ենթադրւում է, որ բոլորին եւ ամէն ինչ կարելի է գնել ու վաճառել։ Բնականաբար, միշտ էլ կը գտնւեն մարդիկ, որոնք պատրաստ են դա անել, իսկ եթէ դա չի պատժւում, ապա անպատժելիութեան մթնոլորտ է ձեւաւորւում։

Լուրջ սկանդալի առաջին նշանները յայտնւեցին 2012 թւականին, երբ «European Stability Initiative» (ESI) անկախ վերլուծական կենտրոնից փաստաթուղթ եկաւ։ Այն կոչւում էր «Caviar diplomacy» («Խաւիարային դիւանագիտութիւն») եւ նրանում յստակ ասւում էր այն մասին, թէ ինչ կաշառքների օգնութեամբ է Բաքուն փորձում ստանալ եւրոպական կառոյցների, եւ մասնաւորապէս` ԵԽԽՎ-ի բարեհաճութիւնը։

Գերմանական ԶԼՄ-ները մի շարք քաղաքական գործիչների անուններ են տալիս, որոնք կապւած են այս սկանդալի հետ։ Դա, օրինակ, ՔԴՄ-ից Կարին Շտրենցն է, որը, Ադրբեջանի ընտրութիւնների դիտորդ էր եւ ոչ մի խօսք չի ասել խախտումների մասին` կատարեալ պատկեր ներկայացնելով։ Այժմ Շտրենցը պատասխան կը տայ ոչ միայն կոռումպացւած լինելու, այլեւ հետաքննութեան հետ համագործակցելուց խուսափելու համար։

Շտրենցից բացի, մեղադրանքների էպիկենտրոնում են նաեւ Բունդեսթագի նախկին պատգամաւոր Էդւարդ Լինտները (ՔՍՄ) եւ իտալացի քրիստոնեայ դեմոկրատ Լիւկա Վոլոնտէն։ Առաջինը` երկու տարւայ ընթացքում` 2012-2014 թւականներին, Բաքւից 820 հազար եւրօ էր ստացել, իսկ Վոլոնտէն` ԵԽԽՎ-ում Քրիստոնեայ-դեմոկրատական ժողովրդական կուսակցութեան խմբակցութեան ղեկավարը, պնդել է, որ Վեհաժողովի փաստաթղթերից հանեն քաղբանտարկեալների վերաբերեալ Ադրբեջանի հասցէին ուղղւած քննադատութիւնները։

Հաշւետւութեան մէջ նաեւ խօսւում է կոռուպցիոն սխեմաներին Պեդրօ Ագրամունտի` ԵԽԽՎ նախկին նախագահի, մասնակցութեան մասին։ Ընդհանուր առմամբ ադրբեջանական կաշառակերի 50 անուն է յիշատակւում, իսկ դա շատ տհաճ բիծ է Եւրոխորհրդի կերպարի վրայ։ Բիծ, որը յուսով ենք այնպէս կը մաքրեն, որ հետքն էլ չի մնայ։

Եւրոխորհուրդը տգեղ պատմութիւնից անհրաժեշտ հետեւութիւնները կանի, դրանում կարելի է չկասկածել։ Հազիւ թէ ինչ-որ հետեւութիւններ արւեն Ապշերոնում, որտեղ որքան ընտրութիւններում «թեկնածուները» շատ են, այնքան աւելի մեծ տոկոս է «հաւաքում» միակն ու անկրկնելին։

Սակայն, դա մեզ չպէտք է հետաքրքրի։ Համընդհանուր ծախւածութեան մէջ համոզւած լինելը բնական է այն պայմաններում, որոնք ձեւաւորւել են Հայաստանից դէպի արեւելք։ Թող այդպէս էլ մնայ, մինչեւ չհասկանան, որ նման պատկերացումները յարգի չէին դեռ վաղ միջնադարում, թէեւ բոլոր ժամանակներում կային մարդիկ, որոնք վաճառում էին հնարաւոր ամէն ինչ` ընդհուպ մինչեւ սեփական համոզմունքները։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։