Հա

Քաղաքական

05/05/2018 - 13:40

Միամիտ սպասումներ, կամ ինչու նոյնիսկ Հայաստանում ստեղծւած ճգնաժամը չի օգնի Բաքւին

Բողոքի ակցիաների 20 օրերի ընթացքում հայ հասարակութեան գիտակցութեան մէջ լիովին տեսանելի էր արցախեան հիմնախնդիրը:

«alikonline.ir» - Արցախի մասին յիշում էին նաեւ այն յեղափոխականները, որոնք ելոյթ էին ունենում ցուցարարների առաջ եւ այն տասնեակ հազարաւոր (նոյնիսկ հարիւր հազարաւոր) մարդիկ, որոնք արգելափակել էին մայրաքաղաքի փողոցները։ Յիշում էին պատգամաւորները, քաղաքական գործիչները, լրագրող-տեսաբանները, որոնք վերլուծում էին երկրում կատարւող իրադարձութիւնները։ Գրում է «Sputnik» Արմենիան:

Արցախա-ադրբեջանական շփման գծում ծառայութեան կանգնած տղաները եռակի ուշադրութեամբ հետեւում էին հակառակորդի բանակային միաւորումների ու զրահատեխնիկայի տեղաշարժին` արդարացիօրէն ենթադրելով, որ Հայաստանի ներքին անկայունութիւնը կարող է Ադրբեջանի համար գայթակղության առիթ դառնալ` երկու տարւայ վաղեմութեան արկածախնդրութիւնը կրկնելու եւ կրկին Արցախի տարածք ներխուժելու համար։

Դրա վտանգն իսկապէս մեծ է եղել, յատկապէս այն ժամանակ, երբ Երեւանում հակադիր քաղաքական ուժերը ոչ մի կերպ չեն կարողացել երկխօսութեան գնալ։

Իսկ երբ մի քանի անգամ բանը հասել է նրան, որ հանրապետական նշանակութեան միջքաղաքային ճանապարհները փակող ցուցարարներն արգելափակել են անգամ բանակային շարասիւները, որոնք ուղեւորւել են մարտական հերթապահութեան վայր, վտանգը ոչ միայն զգալի է դարձել, այլ բառացիօրէն շոշափելի։

Եկէք յիշենք, որ հէնց այդ օրերին են ակտիւացել քաղաքական ուժերը Բաքւում։ Հանրահաւաքներ են կազմակերպել, խնդրագրեր առաջադրել` պահանջելով ռազմական գործողութիւններ սկսել եւ վերադարձնել «իրենց տարածքները»։

Միւս կողմից հասկանալի էր, որ հէնց այդ օրերին ադրբեջանական բանակային միաւորումները եւ զրահատեխնիկան չեն ճեղքի շփման գիծը։ Թէկուզ այն պատճառով, որ յեղափոխական Հայաստանի վրայ (հետեւաբար, նաեւ Արցախի) ուղղւած է հարիւրաւոր տեսախցիկների եւ աշխարհի միլիոնաւոր մարդկանց ուշադրութիւնը։

Իսկ եթէ Ադրբեջանը որոշեր գնալ նման արկածախնդրութեան, ապա դա բաւական բացասական կանդրադառնար արցախեան հակամարտութեան գործընթացում նրա դիրքերի վրայ։ Այդ ժամանակ համաշխարհային հանրութիւնը չէր կարող «լղոզել» այն հարցը (ինչպէս 2016 թ.ի ապրիլին), թէ ամէն դէպքում ով է առաջինը խախտել հրադադարի ռեժիմը, որը գործում է արցախա-ադրբեջանական հակամարտութեան գօտում արդէն 25 տարի։

Բացի այդ, Բաքուն իրեն ուղղակի չէր կարող թոյլ տալ միակողմանի կարգով սկսել ռազմական գործողութիւններ, երբ նախօրէին ադրբեջանական ղեկավարութեան հետ շփւել են միջազգային կազմակերպութիւնները (նոյն ԵԱՀԿ-ը) եւ գերտէրութիւնների ղեկավարները։

Իզուր չէ, որ Լաւրովի հետ Նալբանդեանի չնախատեսւած հանդիպումից յետոյ (Հայաստանի արտգործնախարարը մեկնել էր Մոսկւա), Սերգէյ Վիկտորովիչը հեռախօսով իսկոյն կապւել էր Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Մամեդեարովի հետ։ Նրանք երկար զրուցել են արցախեան խնդրի մասին։

Իզուր չէ, որ ԱՄՆ նախագահ Թրամփն Ալիեւին ուղղւած իր շնորհաւորական հեռագրում (հերթական անգամ ընտրւելու համար) ընդգծել է, որ պատրաստ է օգնել վերջինիս «ղարաբաղեան խնդրի խաղաղ կարգաւորման» գործընթացում։

Սակայն նոյնիսկ այդ պայմաններում ադրբեջանական բանակը շտապել է օգտւել ստեղծւած իրավիճակից եւ փորձել բարոյական ճնշում գործադրել հայկական կողմի վրայ` խոշոր զօրաշարժեր անցկացնելով հայկական առաջապահ դիրքերի տեսանելիութեան գօտում։

Իրականում, մայիսի սկզբին ադրբեջանական բանակն ամէն տարի կազմակերպում է ռազմական ուժի եւ զրահատեխնիկայի ցուցադրութիւն Արցախի տեսանելիութեան գօտում։ Այդպիսով փորձում է «սուր ճոճել» եւ մայիսի 9-ի՝ եռատօնի նախաշեմին լրացնել «թերարժէքութեան բարդոյթը։

Նման դէպքերում սադրանքները, իհարկէ, բաւական հաւանական են, սակայն հէնց այդ օրը հայկական դիրքերին նպատակաուղղւած հարւածելու փորձեր մինչեւ հիմա դեռ չեն եղել։

Ամենագլխաւորը` Ադրբեջանը ներկայ իրավիճակում թոյլ չի տայ իրեն կտրուկ շարժումներ շփման գծում, թէեւ (դատելով ադրբեջանական ԶԼՄ-երում հրապարակումներից) շատ ուշադիր հետեւում է Հայաստանում ստեղծւած իրավիճակին։

Բաքւում հիանալի հասկանում են, որ ցանկացած իրական վտանգ, որը սպառնում է Արցախի անվտանգութեանը, կը նպաստաի հայ հասարակութեան համախմբանը, որը հիմա` յեղափոխական շրջանում, պառակտւած է երկու մասի։

Բաքւում միամտաբար յոյս ունեն, որ այդ պառակտումը ժամանակի ընթացքում կը խորանայ։ Այնքան, որ այդ ժամանակ Արցախը կարելի է հեշտ ու հանգիստ վերցնել։ Հաւանաբար, մոռացել են երկու տարւայ վաղեմութեան դէպքերը, երբ Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողութիւնների առաջին օրը Ստեփանակերտում հաւաքւել էին հարիւր հազարաւոր կամաւորներ Հայաստանի բոլոր մարզերից։

Մարդիկ օր ու գիշեր կանգնած էին Ստեփանակերտի կառավարական շէնքի առջեւ` պահանջելով իրենց զէնք յանձնել եւ ուղարկել սահմանի առաւել վտանգաւոր հատւածներ։

Այնպէս որ, ի սկզբանէ պէտք է հասկանալ, որ ներքաղաքական ցանկացած դասաւորութեան դէպքում, որը կը ստեղծւի Երեւանում մայիսի 8-ից յետոյ, մեր արեւելեան հարեւանին ռազմական առումով ոչինչ բաժին չի ընկնի։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։