Հա

Քաղաքական

05/05/2018 - 14:20

Երեւանի ճգնաժամը Իրանի համար պակաս կարեւոր չէ, որքան հակամարտութիւնն Արեւմուտքի հետ

Փաստացի այնպէս է ստացւում, որ առաջիկայ տասնօրեակը (մայիսի 8-ից 17-ը) Իրանի համար լինելու է աւելի քան ծանր ու իրադարձութիւններով յագեցած:

«alikonline.ir» - Քաղաքական Ֆորտունայի անիւն անսպասելիօրէն շրջւեց այնպէս, որ առաջիկայ տասնօրեակի երեք իրադարձութիւնները չափազանց կարեւոր էին մեր Իրանի համար։ Գրում է «Sputnik» Արմենիայի քաղաքական վերլուծաբան Արման Վանեսքեհեանը:

Թեհրանը այժմ ստիպւած է գրեթէ միաժամանակ կողմնորոշւել երեք ճակատագրական հարցերով որոշումներ կայացնելու համար՝ տարածաշրջանային քաղաքականութեան (Հայաստան), գլոբալ (Արեւմուտք) եւ տնտեսական (ԵԱՏՄ)։

Ե՛ւ հայաստանեան ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծումը, որը պէտք է տեղի ունենայ Երեւանում մայիսի 8-ին, ե՛ւ իրանական միջուկային գործարքի շուրջ ամերիկեան 120 օրեայ վերջնագրի սպառումը (մայիսի 12-ին) ե՛ւ Իրանի ու ԵԱՏՄ-ի միջեւ Ազատ տնտեսական գօտու ստեղծման մասին փաստաթղթի ստորագրումը (մայիսի 17-ին), սրանք ամբողջ տարածաշրջանի համար կարեւոր իրադարձութիւններ են։

Սակայն Իրանի համար, իհարկէ, ամէն ինչ շատ աւելի լուրջ է, քան Հարաւային Կովկասի ու Մերձաւոր Արեւելքի այլ խաղացողների համար։

Ինչ վերաբերում է Երեւանում տեղի ունեցող իրադարձութիւններին` Թեհրանը հանդէս է գալիս մի փոքր հեռաւոր (բայց ուշադիր, շատ ուշադիր) դիտորդի դերում, սակայն այլ հարցերում այն գործընթացների անմիջական մասնակից է։

Դա ամենեւին չի նշանակում, որ Իրանը Հայաստանում տեղի ունեցող իրադարձութիւնները չի կարեւորում։ Այդպիսի բան ի սկզբանէ չի կարող լինել, քանի որ Հայաստանի հետ կապւած իրանցիների շահերը չեն սահմամափակւում սահմանի մի փոքր հատւածով կամ այն հանգամանքով, որ Իրանն աւելի մեծ սահման ունի Արցախի հետ։

Թեհրանը մեծ ուշադրութեամբ էր հետեւում Երեւանում տեղի ունեցող գործընթացներին նաեւ այն պատճառով, որ Արեւմուտքի (առաջին հեթին` ԱՄՆ-ի) հետ օրօրի սրւող հակասութիւնները ստիպում են իրանցիներին հաշւարկել հարեւանների գործողութիւնների հնարաւոր զարգացումները։

Յեղափոխական վերափոխութիւններից յետոյ ի՞նչ ուժեր կը գան իշխանութեան։ Ինչպէ՞ս են այդ ուժերը համագործակցելու Արեւմուտքի ու Ռուսաստանի հետ։ Որքանո՞վ են նրանք ունակ դիմադրել ամերիկացիների ճնշմանը, եթէ նրանք որոշեն վերադառնալ Իրանի հանդեպ խիստ պատժամիջոցների կիրառման քաղաքականութեանը, ու չի բացառւում ու Իրանի հարեւաններից էլ նոյն մօտեցումը պահանջեն։ Սրանք հարցեր են, որոնց Թեհրանում կուզենային օր առաջ լիարժէք ու յստակ պատասխաններ ստանալ։

Պատահական չէ, որ ընդդիմութեան առաջնորդ, Հայաստանի վարչապետի պաշտօնին յաւակնող Նիկոլ Փաշինեանի հանդիպումը Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան փոխդեսպան Ալի Նասեր Սոբհանիփուրի հետ արդէն կայացել է վեջնական հանգուցալուծումից` մայիսի 8-ից չորս օր առաջ։

 

Արդեօ՞ք իրանական միջուկային պայմանագրի վերջնագիրը կապ ունի Իրանի ու ԵԱՏՄ-ի պայմանագրի հետ

Իրանը պէտք է հասկանայ՝ ինչպէս է Հայաստանի նոր ղեկավարութիւնը վերաբերւելու նրան, որ նա մայիսի 17-ին ԵԱՏՄ-ի հետ Ազատ տնտեսական գօտու ստեղծման մասին պայմանագիր է ստորագրելու։ Հայերն այդ պայմանագրում բաւականին կարեւոր դերակատարութիւն ունեն։

Իրանական միջուկային համաձայնագրի հետ կապւած եւրոպական դաշնակիցներին ներկայացրած Թրամփի վերջնագրի պատմութիւնը իսկապէս երեւելի իրադարձութիւն է նոյնիսկ գլոբալ քաղաքականութեան մէջ։ Եւ այն պարզապէս չի կարող չանդրադառնալ Մերձաւոր Արեւելքի ու Հարաւային Կովկասի տարածաշրջանների վրայ։

Իրանը կարող է վերականգնել միջուկային օբեկտների աշխատանքը

Վերջնագրի ժամկէտը շուտով լրանում է (մայիսի 12-ին), իսկ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի մօտեցումները դեռ պարզ չեն։ Եթէ աւելի յստակ խօսենք, ապա Ֆրանսիան ու Գերմանիան դեռ յոյս ունեն համոզել ովկիանոսից այն կողմ գտնւող իրենց դաշնակցին պահպանել պայմանագրի պայմանները։ Սակայն, դատելով Վաշինգտոնից հնչող արտայայտութիւններից, նման բանի գրեթէ յոյս չկայ։

Աւելին` արդէն յայտնի է, որ Թեհրանը, չսպասելով եւրոպական երկրների արձագանգին, ինքն է միջուկային պայմանագիրը չեղարկւած համարելու, իսկ ձեռքերն` ազատ որեւէ պարտականութիւններից։ Այսինքն՝ նորի՞ց է սկսելու միջուկային զէնք արտադրել։

Հարկ է նաեւ ենթադրել, որ Միացեալ Նահանգները կը յայտարարի պատժամիջոցային քաղաքականութեան մասին, որից կարծես թէ երեք տարի առաջ հրաժարւել էր։ Չի բացառւում, որ նա կը ստիպի նման քաղաքականութեանը հետեւել ոչ միայն իր եւրոպական դաշնակիցներին, այլեւ մնացած երկրներին։

Օրինակ՝ Հայաստանին, որն Իրանի հետ տնտեսական, էներգետիկ ու լոգիստիկ նախագծեր է իրականացնում։ Էլ չենք խօսում այն նախագծերի մասին, որոնք մշակման փուլում են։

Ինչ վերաբերում ԱՄՆ-ի ամենամօտ բարեկամ ու դաշնակից Իսրայէլի վերջերս հրապարակած իրանական միջուկային մշակումների մասին փաստաթղթերին, ապա այդ հանգամանքը կարող է Իսրայէլի ու Իրանի միջեւ իսկական պատերազմի պատճառ դառնալ։

Եւ ի՞նչ։ Երկու տարածաշրջանային գերտէրութիւնների պատերազմում երկու համաշխարհային գերտէրութիւնները (Ռուսաստանն ու Ամերիկան) բացայայտօրէն աջակցելու են իրենց հովանաւորեալներին։

Իրադարձութիւնների այսպիսի զարգացումը պատկերացնելիս մարմնովս սարսուռ է անցնում։ Իսկ ամերիկացիների մօտեցումներն այդպիսի հարցերին բոլորին յայտնի են` յիշէք «Փաուելի փորձանոթը», որին հետեւեց ներխուժումը Իրաք։ Իրանը, իհարկէ, Իրաք չէ, բայց այնուամենայնիւ…

 

Ամենախոշոր խաղադրոյքն է լինելու

Այդ դէպքում Իրանի ու ԵԱՏՄ-ի մինչեւ ի՞նչ ազատ տնտեսական գօտու ստեղծման մասին կարող է խօսք լինել։ Ու ինչ արտօնութիւնների յոյս կարող է ունենալ Հայաստանը, որը մեծ հաշւով յոյս ունի դառնալ Իրանն ու ԵԱՏՄ երկրները կապող փոքր կամուրջ։

Կամ էլ Իրանի ու եւրոպական երկրների միջեւ, որոնք երազում են, որ Միացեալ Նահանգները հանգիստ թողնի Իրանին ու առեւտուր անելու հնարաւորութիւն տայ։ Որպէսզի հնարաւոր լինի էներգակիրներ ու գիւղատնտեսական մթերք գնել, Թեհրանին բարձր տեխնոլոգիաներ, ինքնաթիռներ, աւտոմոբիլներ, հաստոցներ վաճառել։

Իսկ այդ ամէնը կարող է անցնել Հայաստանով, այդ թւում` Մեղրիի Ազատ տնտեսական գօտու հարաւային սահմանով։

Իրականում այնպիսի տպաւորութիւն է, որ Միացեալ Նահանգներն անում է ամէն բան, որպէսզի ճնշի Իրանին Թեհրանի ու Մոսկւայի չափազանց սերտ փոխյարաբերութիւնների պատճառով ու ընդհանրապէս Եւրասիական տնտեսական տարածք ստեղծելու պատճառով (Կրեմլն ակտիւօրէն առաջ է տանում այդ գաղափարը)։

Ընդհանուր առմամբ Իրանի համար բոլոր այս միտումներն ու գործընթացները միաձուլւել են ոչ միայն քաղաքական ու գաղափարախօսական առումներով, այլեւ ժամանակային։ Այնպէս որ, առաջին տասօրեակը` մայիսի 8-ից 17-ը, իսկապէս չափազանց ծանր կը լինի ոչ միայն Թեհրանի համար, այլեւ Հարավային Կովկասի ու Մերձաւոր Արևելքի մեծ ու փոքր խաղացողների համար։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։