Հա

Քաղաքական

07/05/2018 - 09:10

Թրամփն իշխանափոխութիւն է ուզում Իրանում, Իսրայէլը պատրաստ է Թեհրանի հետ պատերազմի

Իսրայէլի վարչապետ Բենիամին Նեթանիահուն, անդրադառնալով Սիրիայում Իրանի ռազմական ներկայութեանը, նախարարների կաբինետի նիստի ժամանակ յայտարարել է, որ Իսրայէլն իր հիւսիսային սահմանների մօտ չի հանդուրժի իրանական թշնամական ռազմական ներկայութեան ամրապնդումը:

«alikonline.ir» - Իսրայէլի վարչապետ Բենիամին Նեթանիահուն, անդրադառնալով Սիրիայում Իրանի ռազմական ներկայութեանը, նախարարների կաբինետի նիստի ժամանակ յայտարարել է, որ Իսրայէլն իր հիւսիսային սահմանների մօտ չի հանդուրժի իրանական թշնամական ռազմական ներկայութեան ամրապնդումը: Գրում է «tert.am»-ը:

Ինչպէս նշում է «ria.ru»-ն, Նեթանիահուն Թեհրանի ռազմական ներկայութեան ամրապնդումը որակել է որպէս Իսրայէլի դէմ ուղղւած գործողութիւն:

Վարչապետի խօսքով՝ վերջին ամիսներին Իրանի իսլամական յեղափոխութեան պահապանների էլիտար կորպուսի ուժայինները Սիրիայի տարածքում տեղակայում են յարձակողական ու պաշտպանական զինատեսակներ՝ այդ թւում նաեւ հարւածային անօդաչու թռչող սարքեր, հակաօդային պաշտպանութեան միջոցներ, «երկիր-երկիր» դասի հրթիռներ:

«Մենք լի ենք վճռականութեամբ՝ մեր դէմ ուղղւած իրանական ագրեսիային վերջ տալու հարցում՝ նոյնիսկ եթէ դա կոնֆլիկտ ենթադրի:

Աւելի լաւ է հիմա, քան աւելի ուշ»,- ասել է Նեթանիահուն՝ ընդգծելով, որ թէպէտ Իսրայէլը չի սրում իրավիճակը, սակայն պատրաստ է դէպքերի ցանկացած զարգացման:

Նեթանիահուն շեշտել է, որ այն երկրները, որոնք  ճիշտ ժամանակին չեն գործում,  յետոյ իրենց սխալների համար շատ թանկ են վճարում:

Մինչդեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օգնական Ռուդի Ջուլիանին Իրանում ժողովրդավարական նորմերի հաստատման թեմայով միջոցառման ժամանակ յայտարարել է, որ Թրամփն ուզում է իշխանափոխութիւն անել Իրանում, գրում է «Politico»-ն:

Վաշինգտոնում կազմակերպւած միջոցառման ժամանակ Ջուլիանին ընդգծել է, որ նախագահ Թրամփը յանձնառու է այդ գործին:

«Դա Մերձաւոր արեւելքում խաղաղութեան հասնելու միակ տարբերակն է ու աւելի կարեւոր է քան իսրայէլա-պաղեստինեան հակամարտութեան կարգաւորումը»,- լրագրողներին ասել է ԱՄՆ  նախագահի խորհրդականը:

Յիշեցնենք, որ աւելի վաղ Թրամփն Իրանն անւանել էր «աշխարհի թիւ մէկ ահաբեկչական պետութիւնը» ու մեղադրել նրան՝ Մերձաւոր արեւելքում ահաբեկիչներին ֆինանսաւորելու համար:

Այժմ ԱՄՆ նախագահը սպառնում է չեղարկել 2015 թւականին Թեհրանի ու «միջնորդ վեցեակ»-ի (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) միջեւ կնքւած պատմական միջուկային համաձայնագրին:

Թրամփն աւելի վաղ յայտարարել էր, որ եթէ մինչ մայիսի 12-ը եւրոպացի գործընկերները չվերացնեն փաստաթղթում եղած թերութիւնները, Վաշինգտոնը դուրս կը գայ համաձայնագրից:

Դրան ի պատասխան Իրանի նախագահ Հասան Ռոհանին մայիսի 6-ին յայտարարել է, որ միջուկային համաձայնագրից դուրս գալու դէպքում, ԱՄՆ-ն շատ կը զղջայ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։