Հա

Քաղաքական

14/05/2018 - 12:40

Սելինա Դողան. «Հայերը Թուրքիայում վերջապէս ընկալւեցին որպէս հասարակութեան մի մաս, որը սպասում է իր խնդիրների լուծմանը»

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութեան անդամ, խորհրդարանի հայազգի պատգամաւոր Սելինա Դողանը յունիսի 24-ին կայանալիք խորհրդարանական ու նախագահական ընտրութիւններին ընդառաջ պատասխանել է թուրքական «gazeteduvar.com.tr» կայքի հարցերին՝ գնահատելով երկրում ստեղծւած քաղաքական իրավիճակը, ընտրութիւններից ունեցած սպասումները։

«alikonline.ir» - Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութեան անդամ, խորհրդարանի հայազգի պատգամաւոր Սելինա Դողանը յունիսի 24-ին կայանալիք խորհրդարանական ու նախագահական ընտրութիւններին ընդառաջ պատասխանել է թուրքական «gazeteduvar.com.tr» կայքի հարցերին՝ գնահատելով երկրում ստեղծւած քաղաքական իրավիճակը, ընտրութիւններից ունեցած սպասումները։ Գրում է «tert.am»-ը:

Դողանը փաստել է, որ արտահերթ ընտրութիւնների որոշումն իրենց կուսակցութեան համար անակնկալ չէր, քանի որ երկրում տիրող իրավիճակն ինքնին թելադրել է իրադարձութիւնների նման զարգացում։

«Վերջին երկու-երեք տարւայ ընթացքում եւ գլխաւորապէս երկրում արտակարգ դրութեան ռեժիմ մտցւելուց յետոյ, իշխանութիւնն առանց բացառութեան հասարակութեան բոլոր խաւերի ու բոլոր քաղաքական ուժերի դէմ է բռնաճնշումներ կիրառել։ Տեսէք, մարդիկ անգործ մնացին, մարդիկ սոված մնացին, մարդանց միմեանց դէմ թշնամացրին։ Տնտեսութեան ծանր վիճակն էլ, ինչպէս գիտէք, նորից արտակարգ դրութեան ռեժիմի հետ անմիջական կապ ունի․ օտարերկրեայ ներդրողները լքեցին երկիրը, նոյնիսկ մեր մարդիկ լքեցին երկիրը, «ուղեղների արտահոսք» տեղի ունեցաւ։ Հետեւաբար՝ մենք միշտ ասել ենք, որ նման մթնոլորտը չի կարող երկար ձգւել եւ, իհարկէ, արտահերթ ընտրութիւնների որոշումն անակնկալ չէր, սպասում էինք»,- նշել է Դողանը։

Հայազգի պատգամաւորը նաեւ անդրադարձել է նախագահական ընտրութիւններում ընդդիմութեան կազմած դաշինքին, որից դուրս մնացին քրդամէտ ժողովրդադեմոկրատները։

Ըստ Դողանի՝ քրդամէտների՝ դաշինքից դուրս մնալը երկրում ստեղծւած քաղաքական իրավիճակի որոշակի թելադրանք էր, մինչդեռ իրենք ցանկանում են տեսնել քրդամէտ գործիչներին Մեջլիսում եւ կողմ են, որպէսզի նրանց առաջադրած նախագահի թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշն ազատ արձակւի բանտից՝ նախընտրական քարոզարշաւին արդար ու հաւասար պայմաններում մասնակցելու համար։

Մէջբերելով իր կուսակցութեան առաջադրած նախագահի թեկնածու Մուհարրեմ Ինջէի խօսքը՝ Դողանը շեշտել է, որ քրդական հարցը Թուրքիայի համար ամենից զատ բարոյականութեան հարց է։

Հայազգի պատգամաւորը վերահաստատել է, որ այս անգամ եւս ինքն առաջադրւած է որպէս Ստամբուլից պատգամաւորի թեկնածու եւ յոյս ունի շարունակել աշխատանքը Մեջլիսում։

«Մեզ բաժին հասաւ պատգամաւոր դառնալ Թուրքիայում շատ ճգնաժամային շրջանում, երեւի թէ պատգամաւոր լինելու համար ամենավատ շրջանն էր։ Դժւարանում եմ հաշւել, թէ որքան կոտորածներ իրականացւեցին երկրում այս ընթացքում, հարաւ-արեւելքում, Սուրում, Ջիզրէում, բախումների ամենասրւած շրջանն էր, յեղաշրջման փորձի ժամանակ Մեջլիսում մեր գլխաւերեւում ռմբակոծութիւն վերապրեցինք, եւ արտակարգ դրութեան ռեժիմի պայմաններում իսկապէս «արտակարգ» պատգամաւորութիւն ստիպւած եղանք անել։ Հետեւաբար` բոլորիս մօտ կայ այն զգացողութիւնը, որ մինչեւ վերջ չենք կարողացել աւարտին հասցնել մեր պարտքը, այն ամէնը, ինչ ցանկանում էինք անել»,- նշել է հայազգի պատգամաւորը՝ միեւնոյն ժամանակ շեշտելով, որ իր պատգամաւորութիւնը մեծ հետաքրքրութիւն առաջացրեց երկրում՝ որպէս հանրապետութեան շրջանում Մեջլիսում առաջին հայ կին պատգամաւորի ընտրութիւն։

«Կարող եմ փաստել, որ հայերը Թուրքիայի քաղաքական դաշտում որպէս բազմազգ խճանկարի մի «գոյն» ներկայացւելուց զատ սկսեցին վերջապէս ընկալւել որպէս հասարակութեան մի մաս, որն ունի իր խնդիրներն ու սպասում է դրանց լուծմանը։ Այս ընտրութեան արդիւնքները, ինչպիսին էլ որ լինեն, ակնկալում եմ, որ կը նպաստեն Թուրքիայի ընդհանուր վիճակի բարելաւմանը»,- եզրափակել է Դողանը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։