Հա

Քաղաքական

14/05/2018 - 14:00

Կարո՞ղ է արդեօք «TANAP»-ը Անկարայի եւ Բաքւի ձեռքից խլել «արցախեան խաղաթուղթը»

Տրանսանատոլիական գազատարի գործարկումը (TANAP) ժամանակացոյցից առաջ ընկնելու հետ միասին ունի բազմաշերտ աշխարհաքաղաքական աստառ։ Այստեղ յատուկ տեղ ունի նաեւ արցախեան խնդիրը։

«alikonline.ir» - Տրանսանատոլիական գազատարի գործարկումը (TANAP) ժամանակացոյցից առաջ ընկնելու հետ միասին ունի բազմաշերտ աշխարհաքաղաքական աստառ։ Այստեղ յատուկ տեղ ունի նաեւ արցախեան խնդիրը։ Այս մասին գրում է «sputnik» Արմենիայի քաղաքական վերլուծաբան Արման Վանեսքեհեանը:

 

Էրդողանի եւ Ալիեւի ծաւալած «PR» արշաւը

Այն մասին, որ Թուրքիան եւ Ադրբեջանը, որոնք ներկայացնում են իրենց որպէս «երկու պետութիւն, մէկ ազգ», ցանկանում են արագացնել «TANAP» գազատարի (Տրանսատլանտեան գազատար) գործարկումը, յայտնի է դարձել այն օրը, երբ Անկարա է այցելել (չորրորդ անգամ) Ադրբեջանի նորընտիր նախագահ Ալիեւը։

Հերթական նախագահական ընտրութիւններից յետոյ դա Ալիեւի առաջին արտասահմանեան այցն էր։ Հասկանալի է, որ վերջերս յաղթանակ տարած նախագահի հիմնական նպատակն է օգնել իր թուրք գործընկերոջն արտահերթ նախընտրական քարոզարշաւում։ Իհարկէ, դժւար է ենթադրել (ծիծաղելի կը լինէր), որ Ալիեւն Անկարա է գնացել, որպէսզի «աւագ եղբայր» Էրդողանին ներկայացնի նախագահի աթոռի համար պայքարի փորձը եւ տեխնոլոգիաները։ Թուրք առաջնորդն այդ ամէնի պակասը չունի։

Մէկ այլ բան է, որ երկու քաղաքական գործիչների միջեւ մտերմութեան եւ եղբայրական փոխյարաբերութիւնների ցուցադրումը իւրայատուկ «PR» գործիք է նախընտրական քարոզարշաւում, առաւելագոյն միաւոր հաւաքելու հնարաւորութիւն եւ, հետեւաբար, քւէարկութեան օրը՝ աւելի շատ ձայներ ապագայ յաղթողի օրինականութեան օգտին։

Եւ յայտարարութիւնն այն մասին, որ 1850 կմ. երկարութեամբ «TANAP» համատեղ գազատարը գործարկելու ժամկէտը տեղափոխւում է, քանի որ «երկու պետութիւն, մէկ ազգը» ժամանակից շուտ են լուծել գազատարի շինարարութեան հարցը, կարճամիտ, պարզունակ «PR» քայլերից է, որը կիրառւում է նախընտրական քարոզարշաւների փորձում ամբողջ աշխարհում։

Ամբոխի հիացմունքը, որ գործընկերներին յաջողւել է ժամկէտից շուտ աւարտել 10-11 միլիարդ դոլար արժողութեամբ նախագծի շինարարական եւ կազմակերպչական աշխատանքները, ենթադրում է, որ ոչ ոք այդ պահին նոյնիսկ չի մտածել այն մասին, որ խօսքը գնում է ժամանակացոյցից ընդամենը մէկ շաբաթ առաջ ընկնելու մասին։ Ծրագրել էին գործարկել յունիսի 19-ին, կը գործարկեն 12-ին։

Դա լուրջ ժամկէտ չէ գլոբալ աշխարհաքաղաքական նշանակութեան լուրջ նախագծի համար, ճի՞շտ է։ Սակայն դա առնւազն դրական զգացումներ է առաջացրել ամբոխի մօտ, որը յունիսի 24-ին կը գնայ ընտրատեղամասեր՝ նախագահին ընտրելու։

 

«Սուպեր նախագահը» սուպեր օրինականութիւն ցուցադրելու կարիք ունի Արեւմուտքի առջեւ

Բացի այդ (եւ դա ամենագլխաւոր գործօնն է) նախագահի ընտրութեանը զուգահեռ Թուրքիան փոխում է իր ներքաղաքական վեկտորը կառավարման խորհրդարանական մեթոդից նախագահականի, իսկ Էրդողանը դառնում է այսպէս կոչւած «սուպեր նախագահ»։ Այդ առումով, իհարկէ, նրա օգտին քւէարկած ձայների քանակը լուրջ նշանակութիւն ունի։ Թէկուզ միայն նրա համար, որ կարելի լինի հիմնաւորել Էրդողանի գործողութիւնների օրինականութիւնը ժողովրդավարական Արեւմուտքի առաջ։

Դա, Ռուսաստանը շրջանցելով, եւրոպացիներին գազ առաքելու խոստումների հետ միասին (այսինքն` փոքրացնել ռուսական գազից կախւածութիւնը), պէտք է աշխատի։ Եւ Եւրոպայում, ըստ էութեան, պէտք է լուռ աչք փակեն աւտորիտար թուրք առաջնորդի արարքների վրայ, որը խախտում է բոլոր եւրոպական արժէքները, ներառեալ` մարդու իրաւունքները։

Չէ՞ որ իրականում Էրդողանը շատ լուրջ խնդիր է լուծում՝ իր ձեռքերում կենտրոնացնելով 80 միլիոն բնակչութեամբ երկրի ամբողջ իշխանութիւնը։ Երկրում, որտեղ համատարած խախտւում են մարդու իրաւունքները։ Որտեղ հարաւ-արեւելքում, ուր բազմաթիւ քրդեր են բնակւում, ոչ մի րոպէ չի դադարում քաղաքացիական պատերազմը։

Եւ յետոյ չպէտք է մոռանալ, որ խօսքը մի երկրի մասին է, որը բռնազաւթել է իր հարեւանի՝ Սիրիայի տարածքի մի մասը, զօրքեր մտցրել Աֆրինի շրջան, իսկ հիմա մտադիր է (եւ Էրդողանը դա չի թաքցնում) շարունակել իր յաղթարշաւը արեւելք՝ մինչեւ Մանբիջ եւ քրդաբնակ իրանական տարածք։

Եւ դառը հաբը, որը պէտք է կուլ տայ արեւմտյան քաղաքակրթութիւնը, կարող են քաղցրացնել ադրբեջանական գազի տարեկան 10 միլիարդ խորանարդ մետրերը, որոնք նախագծի համաձայն` Թուրքիայի տարածքով առաքւելու են «TAP» (Տրանսատլանտեան գազատար՝ Յունաստան-Ալբանիա-Իտալիա)՝ սկսած 2020-ից։

Յունիսի 12-ից սկսած բացառապէս թուրք սպառողների համար «TANAP»-ով տարեկան կանցնի 6 միլիարդ խմ. գազ։ Էրդողանի վարչակազմի եւս մէկ «PR» քայլ, որը ընտրութիւնների նախաշեմին լայնօրէն կը տարածւի։ Եւ քարոզչական միջոցառումների այդ մէկ աւելորդ շաբաթը շատ կօգնի Էրդողանին։

 

Երբ «TANAP» գազատարն անցնում է Արցախի «քթի տակով»

«TANAP» նախագիծն ունի նաեւ մեդալի հակառակ երեսը, որը դուր չի գալիս Ադրբեջանին։ Թուրքիայում լուրջ փոփոխութիւնների նախօրէին այդ երկրների ԶԼՄ-ները փորձում են չխօսել այդ մասին։ Սակայն գլոբալ աշխարհաքաղաքական գործօնները, որոնք այս տարիներին կախւել են նախագծի գլխին, չեն անհետացել։

Բանն այն է, որ գազատարի որոշ հատւած անցնում է Արցախի սահմանի մօտով՝ Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշ գիւղից 30 կմ. հեռաւորութեան վրայ։

Եւ այն պահին, երբ գազատարով իսկապէս գազ կանցնի, կարելի է վստահօրէն ասել, որ այսուհետեւ արցախեան հակամարտութեան կողմերից իւրաքանչիւրը հակամարտութեան զինւած թեժացման գնալուց առաջ պէտք է մտածի ոչ թէ եօթ կամ տասնեօթ անգամ, ինչպէս եղել է մինչեւ վերջերս, այլ 77 կամ 777։ Եւ, ամենայն հաւանականութեամբ, կը հրաժարւի այն արկածախնդրութիւնից, որը սադրել են հէնց այս վայրում 2016 թ.-ի ապրիլին։

Վերջին հաշւով հայկական կողմին ձեռնտու է նման տարբերակը։ Երեւանը շատ վաղուց ձգտում է արցախեան գործընթացին ամրագրել խաղաղ կարգաւորման այլընտրանք չունեցող տարբերակ։

Ինչ վերաբերում է Բաքւին, որը շարունակում է սպառազինւել մինչեւ ատամները եւ ներքաղաքական դաշտում մշտապէս խօսում է իր տարածքային ամբողջականութեան, Արցախը վերադարձնելու եւ ցանկացած գնով Երեւանը նւաճելու մասին, գաղափարախօսական առումով նման դասաւորութիւնն այդքան էլ ձեռնտու չէ։

Նոյնը վերաբերում է նաեւ Թուրքիային։ Յիշենք, որ 2016 թ.-ին բաւական լուրջ կասկածներ են եղել, որ հէնց Անկարան է զինւած թէժացում սադրել ապրիլի սկզբին, քանի որ այդ ժամանակ ռուս-թուրքական յարաբերութիւնների սրման շրջանն էր Լաթաքիայում ռուսական ռազմատիեզերական ուժերի «Սու-24» ռմբարկուի կործանումից յետոյ։

Անկարան պէտք է շեղէր Կրեմլի ուշադրութիւնը, եւ արցախեան սահմանին զինւած առճակատումն այդ ժամանակ թուրքերին փայլուն տարբերակ է թւացել։ Հիմա, երբ «TANAP»-ը գործարկւի, թանկ կը նստի հերթական զինւած թէժացումը սադրելն այն տեղերում, որտեղով անցնում է գազատարը։

Սակայն այդ դէպքում Բաքուն եւ Անկարան զրկւում են քարոզչական խաղաթղթից, որը (յատկապես Բաքուն) մշտապէս խաղարկում է ներքաղաքական ասպարէզում։ Ժամանակը ցոյց կը տայ, թէ ինչն է նրանց համար աւելի կարեւոր՝ ֆինանսները, թէ գաղափարախօսութիւնը։ Բայց հիմա արդէն կարելի է խօսել այն մասին, որ «TANAP»-ի գործարկումով արցախաադրբեջանական շփման գծում զինւած հակամարտութեան բռնկման հաւանականութիւնը նւազում է։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։