Հա

Քաղաքական

15/05/2018

Թրամփն Իրանից ուզում է ամէն ինչ եւ միանգամից. տարածաշրջանի համար հետեւանքներն ակնյայտ

Թրամփն Իրանին «նեղն է գցում», որպէսզի նրան շուռ տայ դէպի Արեւմուտքը:

«alikonline.ir» - Իրավիճակը Մերձաւոր Արեւելքում, այն է` Սիրիայում, աստիճանաբար սկսում է ձեռք բերել անկառավարելի քաոսի գծեր, որում իւրաքանչիւրն անում է այն, ինչ խելքին փչում է։ ԱՄՆ-ի դուրս գալը Իրանի «միջուկային գործարքից» առանց այդ էլ բարդ գործընթացը վերածել է քաոսի։ Ամէն ինչ խորանում է եւ բոլորովին անհասկանալի են Թրամփի վերջնական նպատակներն Իրանի նկատմամբ։ Գրում է «Sputnik» Արմենիայի սիւնակագիր Ռուբէն Գիւլմիսարեանը:

Իրանական ղեկավարութիւնը «միջուկային համաձայնութիւնից» ԱՄՆ-ի դուրս գալն անւանում է քաղաքական էթիկայի խախտում։ Միաժամանակ, Իրանի կարծիքով, ամերիկացիների գործընկերներն հնարաւորութիւն ունեն փրկել այդ պայմանաւորւածութիւնները։ Երեւում է, որ ԱՄՆ-ի գործընկերները գիտակցում են իրանական ատոմի համաձայնագրերը չեղեալ յայտարարելու ամբողջ վտանգը եւ պատրաստւում են ձեռնարկել անյապաղ միջոցներ։ Յամենայն դէպս, Գերմանիայի կանցլեր Մերկէլը լի է դրանք պաշտպանելու վճռականութեամբ։

Ստեղծւած իրավիճակում թէկուզ ինչ-որ դրական բանի հնարաւորութեան առջեւ դրւում է անյաղթահարելի պատ, նոր չափազանց կոշտ ամերիկեան տնտեսական պատժամիջոցներ` ուղղւած Իրանի դէմ։ Պատժամիջոցները ներառում են երկրի բոլոր հնարաւոր միջազգային տնտեսական շահերը` ցանկացած պայմանագիր, նաւթի ու նաւթամթերքի, գազի, քիմիայի առաքումներ։ Դժւար չէ գուշակել, որ նման մօտեցումը կը զրկի Իրանին ատոմի շուրջ պայմանաւորւածութիւններին հետեւելու խթաններից։

Թրամփի երկաթբետոնէ, դիտաւորեալ սադրիչ դիրքորոշումը մի շարք հարցեր է ծնում։ Ընդ որում, հէնց Թրամփի դիրքորոշումը, այլ ոչ թէ ընդհանրապէս ԱՄՆ-ի, քանի որ Վաշինգտոնում շատ քննադատներ կան եւ նոյնիսկ հակառակորդներ` նման արգելիչ դրակոնեան միջոցների։

Թրամփի նկատմամբ հարցերը ծնում են անորոշութեան մթնոլորտ։ Չէ՞ որ բոլորովին հասկանալի չէ, թէ նա արդիւնքում ինչի է հասնում։ Հասկանալի է, որ այստեղ խառնւում է Իսրայէլի չափազանց թշնամական տրամադրւածութիւնը, բայց ամէն դէպքում ի՞նչն է նման դաժանութեան պատճառը։

Քաղաքական գործիչները եւ փորձագէտները հէնց ԱՄՆ-ում փորձում են ենթադրութիւններ անել, թէ պէ՞տք է արդեօք Ամերիկային եւ Իսրայէլին առեւտուր միջուկային համաձայնագրի հարցով եւ որպէս այդ առեւտրի արդիւնք` նորի ստորագրում։ Կամ միգուցէ դրւում է Իրանում ցանկացած միջուկային հետազօտութիւնների լիակատար ոչնչացման նպատակ, ներառեալ ատոմային էներգետիկայի, իսկ արդիւնքում` իշխող ռեժիմի փոփոխութիւն։

Ահա թէ որտեղ է թաղւած շան գլուխը։ ԱՄՆ-ն Իսրայէլի հետ Իրանում ցանկանցում է հասնել իշխանափոխութեան, իսկ Իրանն արեւմտամէտ դիրքերին վերադարձնելը գլխաւոր ու վերջնական նպատակն է։ Դրա համար ամենագործուն եւ զգայուն ուղին տնտեսութիւնը կոլապսին մօտ իրավիճակի հասցնելն է:

Ուրեմն` պէտք է Սիրիայում եւ այլ վայրերում` ինչպիսիք են Եմէնը եւ Լիբանանը, չէզոքացնել իրանական առկայութիւնը։ Եւ շարժումն արդէն սկսւել է, բաւական է տեսնել, թէ ինչպէս են տատանւում նաւթի գները։

Թէ՛ Իրանը, թէ՛ Իսրայէլը հանդէս են գալիս ռազմատենչ յայտարարութիւններով, որոնք պէտք է ցոյց տան, որ նրանք կանգ չեն առնի ոչ մի բանի առաջ իրենց դիրքերը պաշտպանելու համար` ռազմական, քաղաքական եւ տնտեսական։ Յայտարարութիւնը յայտարարութիւն, Թել Աւիւը կամ Թեհրանը փոշիացնելու խոստումը խոստում, բայց, փառք Աստծոյ, հռետորութիւնն առայժմ մնում է միայն որպէս հռետորութիւն։

Քանզի Իրանի հետ զինւած հակամարտութեան գնալը քիչ հաճոյք կը պատճառի ԱՄՆ-ին եւ Իսրայէլին, իսկ աւելի քիչ` դրական արդիւնքներ։ Ուստի տնտեսական ճնշումն առայժմ դիտարկւում է որպէս գլխաւոր փաստարկ եւ զէնք։

Շատ բան կախւած կը լինի նաեւ ԱՄՆ-ի եւրոպացի դաշնակիցների դիրքորոշումից, կը բաւականացնի՞ արդեօք նրանց վճռականութիւնը, իսկ գլխաւորը` ռեսուրսները (քաղաքական եւ տնտեսական)` հակազդել ամերիկեան ճնշմանը եւ չխառնւել հակաիրանական պատժամիջոցներին։ Գերմանիան եւ Ֆրանսիան, ինչպէս նաեւ ԵՄ ղեկավարութիւնը բանաւոր դէմ է պատժամիջոցներին եւ համաձայնագրից դուրս գալուն, բայց կարո՞ղ է արդեօք Եւրոպան, որը մի ժամանակ համաձայնել է ամերիկեան կցորդի դերին, կեանքի կոչել սեփական մտադրութիւնները, որոնք հակասում են ոչ թէ ԱՄՆ-ին, այլ Թրամփի վարչակազմին։

Քանի դեռ Եւրոպան չի կողմնորոշւել, Իրանի վրայ ճնշումը կաճի, եւ լաւ կը լինի, եթէ Հարաւային Կովկասի վրայ այդ ամէնը չանդրադառնայ կամ նւազագոյն հետք թողնի։ Արդէն մտավախութիւններ են հնչում, որ Իրանի դէմ տարբեր ակցիաների համար կարող է օգտագործւել Ադրբեջանը։

Ինչով է դա յղի տարածաշրջանի համար, եթէ չմոռանանք լուրջ պատասխան տալու Իրանի վճռականութիւնն ու կարողութիւնը, կարծում ենք` հասկանալի է բոլորին։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։