Հա

Քաղաքական

16/05/2018 - 11:10

Խռովութիւն եւրոպական նաւում. արդեօ՞ք Իրանն այդքան սարսափելի է, որքան ներկայացնում են

Մերձաւոր Արեւելքում ընթացող իրադարձութիւնները, որոնք, անկասկած, դիտաւորեալ թէժանում են ԱՄՆ-ի նախագահի անխոհեմութեան հետեւանքով, շատ վտանգաւոր սահմանագծի են հասնում։ Ժամանակը ցոյց կը տայ` ինչ կը լինի, իսկ իրավիճակի լրջութիւնն ապացուցում է այն փաստը, որ «հիւսիսատլանտյան համերաշխութիւնը» սկսում է փլուզւել:

«alikonline.ir» - Իսրայէլը եւ ԱՄՆ-ն՝ ի դէմս նախագահ Թրամփի եւ նրա մի քանի համախոհների, Մերձաւոր Արեւելքում ում ասես հրահրում են իսկական պատերազմի։ Սիրիայի ռմբակոծութիւնները, Իրանի հետ միջուկային համաձայնութիւնից դուրս գալը, Իսրայէլում ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Աւիւից Երուսաղէմ տեղափոխելը մի շղթայի օղակներ են։ Գրում է «Sputnik» Արմենիայի սիւնակագիր Ռուբէն Գիւլմիսարեանը:

Թուրքիան, որը երկար ժամանակ յոխորտում է ՆԱՏՕ-ի դաշնակիցների վրայ, Թել Աւիւից ու Վաշինգտոնից յետ է կանչում դեսպաններին։ Գազայի հատւածում վերջին զոհերը համարւել են այդ դեմարշի պաշտօնական պատճառը, բայց, իհարկէ, այն հանգամանքը, որ Իսրայէլում ԱՄՆ-ի դեսպանատունը տեղափոխւել է Երուսաղէմ, նոյնպէս կարեւոր դեր է խաղացել։ Թուրքիան նախազգուշացրել է, պէտք է նրան արժանին մատուցել։

Եւրոպական քաղաքական գործիչները՝ Գերմանիայի կանցլեր Մերկէլի գլխաւորութեամբ, նոյնպէս աւելի կտրուկ ու բարձր են արտայայտւում անդրովկիանոսեան գերապետի հասցէին։ Առայժմ սա ընդամենը հռետորութիւն է, բայց արդէն հնչում են Եւրոպայի հնարաւոր պատասխան քայլերը, որոնց ընտրութիւնն աւելի հարուստ կը լինէր, իսկ ազդեցութիւնը՝ աւելի զգալի, եթէ Հին աշխարհը ժամանակին չդառնար ԱՄՆ-ի կամաւոր քաղաքական կցորդը։

«Անցել է այն ժամանակը, երբ ԱՄՆ-ն ուղղակի պաշտպանել է մեզ։ Ուստի Եւրոպան պէտք է իր ձեռքը վերցնի սեփական ճակատագիրը, եւ դա է ապագայի մեր խնդիրը»,- ասել է Մերկէլը իրանական ատոմի վերաբերեալ համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու կապակցութեամբ։

«Ես կարծում եմ, որ սխալ է միակողմանի խզել համաձայնագիրը, որը համաձայնեցւել եւ միաձայն ընդունւել է ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի կողմից»,- շարունակում է Մերկէլը՝ իսկոյն նշելով, որ իր ասածը «հիմք չէ՝ տրանսատլանտեան համագործակցութիւնը հարցականի տակ դնելու համար»։ Իւրայատուկ ռեւերանս ՆԱՏՕ-ին, որպէսզի չքննադատեն, քանզի երկու յայտարարութիւնները միմեանց կապող տրամաբանութիւնն անհասկանալի է։

Գերմանիայի կանցլերին աջակցել են Ֆրանսիայում։ Երկրի ֆինանսների նախարար Բրունօ Լէ Մէրը «Europe-1» ռադիոկայանի հաղորդման ընթացքում ասել է. «Ցանկանու՞մ ենք արդեօք լինել վասալներ, որոնք ենթարկւում են ԱՄՆ-ի ընդունած որոշումներին՝ կառչելով նրանց տաբատից»։ Նոյնպէս համարձակ եւ անսպասելի յայտարարութիւն է եւրոպացի քաղաքական գործչի շուրթերից։

Ճիշտ է` եթե յիշենք, որ Լէ Մէրը ներկայացնում է ֆրանսիական տնտեսութիւնը, ապա հասկանալի է, որ դա նրան հանում է ափերից։ Նա չի էլ թաքցնում։ Նրա կարծիքով՝ Եւրոպային պէտք է ասել սեփական տնտեսական շահերի եւ այն մասին, որ նա ցանկանում է շարունակել Իրանի հետ առեւտուրը։ Հնարաւոր է` Եւրոպան ուզում է դա, բայց կարո՞ղ է արդեօք՝ հաշւի առնելով, որ եւրոպական ընկերութիւնները Իրանի հետ համագործակցութիւնը շարունակելու դէպքում իսկոյն կընկնեն ամերիկեան պատժամիջոցների հզօր թափի տակ։

Կարծում ենք, որ եւրոպացիների որոշումը, որը նրանք կընդունեն այդ առիթով, կը թելադրւի ոչ միայն տնտեսական եւ քաղաքական պաշարների բաւականութեան կամ պակասի գնահատականով՝ ԱՄՆ-ին յաջող կերպով դիմակայելու համար։ Այդ որոշման վրայ ազդեցութիւն կունենայ նաեւ ուժեղ հոգեբանական գործօնը, պէտք է կոտրել ԱՄՆ-ի անփոխարինելիութեան եւ ամենազօրութեան մասին տասնամեակներով փայփայած կարծրատիպը։

Կարծրատիպը կոտրելը բարդ է, եւ Աստւած տայ, որ արիւնալի չլինի։ Գործնականում ամէն ինչ բաւական պարզ է։

Դա, իհարկէ, Թրամփին մտահոգող պահւածքի պատճառներից միայն մէկն է, որը շատ կարեւոր է։ Երբ աշխարհում տեղի է ունեցել լարւածութեան լիցքաթափում, երբ զրոյացւել են մեծ պատերազմ առաջացնելու վտանգները, ամերիկեան ռազմական կորպորացիաների եկամուտները կտրուկ նւազել են։ Երբ Ամերիկան իր ռազմական թեւի տակ է վերցրել Եւրոպան, այդ եկամուտները սկսել են աճել, բայց անվերջ չես կարող սուր ճոճել, իսկ եթէ չկայ պատերազմի սպառնալիք, ապա չկան նաեւ համապատասխան պատւէրներ։

Նշանակում է, որ պէտք է կրկին թշնամի ստեղծել, ցանկալի է՝ մի քանի, վախեցնել սպառնալիքներով ռուս, իրանցի, չինացի եւ նոյնիսկ հիւսիսկորէացի ժողովուրդներին։ Որպէսզի նոր զէնք առաքել խնդրահարոյց տարածաշրջաններ եւ դաշնակիցներին։ Խօսքը փոքր գումարների մասին չէ։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։