Հա

Քաղաքական

16/05/2018

ԵԽԽՎ-ում պատժամիջոցներ են սահմանել ադրբեջանցի Սամեդ Սէիդովի եւ կոռուպցիայի համար կասկածւող եւս 3 պատւիրակի դէմ

Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մշտական յանձնաժողովը պատժամիջոցներ է սահմանել ԵԽԽՎ նախկին նախագահ Պեդրօ Ագրամունտի եւ պատգամաւոր Ժորդի Շուկլայի դէմ: 

«alikonline.ir» - Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մշտական յանձնաժողովը պատժամիջոցներ է սահմանել ԵԽԽՎ նախկին նախագահ Պեդրօ Ագրամունտի եւ պատգամաւոր Ժորդի Շուկլայի դէմ: Յայտնում է «tert.am»-ը:

Այդ մասին «Facebook»-ում յայտնել է ԵԽԽՎ փոխնախագահ, ուկրայինական պատւիրակութեան անդամ, Պիոտր Պորոշենկոյի դաշինքից ժողովրդական պատգամաւոր Վլադիմիր Արեւը:

Հաղորդւում է, որ նրանք երկուսն էլ ռուսական ինքնաթիռով թռել են Սիրիա՝ այդ երկրի նախագահ Բաշշար Ասադի հետ հանդիպման:

«Ագրամունտին եւ Ուկրայինայի գծով նախկին համազեկուցող Շուկլային Ադրբեջանի հետ կապւած կոռուպցիոն սկանդալից յետոյ մեղաւոր են ճանաչել վարքագծի կանոնների լուրջ խախտման համար: Նրանք երկուսն էլ զրկւել են ԵԽԽՎ անդամների համար գործող կանոններով նախատեսւած իրաւունքներից՝ բացի ձայնի եւ բանաձեւեր նախաձեռնելու իրաւունքից:

Ագրամունտի նկատմամբ պատժամիջոցներ են սահմանւել 10 տարով, իսկ Շուկլայի դէմ՝ 2 տարով»,- գրել է նա:

«Եւրոպէյսկայա պրաւդա»-ին տւած մեկնաբանութիւնում Արեւը յստակեցրել է, որ յանձնաժողովը համաձայնել է պատգամաւորներին պատժելու անհրաժեշտութեանը՝ չնայած իրաւաբանօրէն նրանց մեղքը դեռ ապացուցւած չէ: Որոշումը հիմնւել է ԵԽԽՎ-ում համակարգային կոռուպցիայի մասին արտաքին քննչական խմբի զեկոյցի հիման վրայ:

Ագրամունտից եւ Շուկլայից բացի, ուկրայինացի պատգամաւորի խօսքով՝ պատժամիջոցների տակ են յայտնւել նաեւ պատւիրակներ Չեզար Ֆլորին Պրեդան եւ ադրբեջանցի Սամեդ Սէիդովը: Նրանց նկատմամբ սահմանափակող միջոցներ են սահմանւել երկու տարով:

Լուսանկարում՝ Պեդրօ Ագրամունտն ու Սամեդ Սէիդովը

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։