Հա

Քաղաքական

17/05/2018 - 14:00

Եւրոպան պէտք է ընտրութիւն կատարի Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ

Մայիսի 14-ին Երուսաղէմում կայացաւ ԱՄՆ դեսպանատան հանդիսաւոր բացումը: Նոյն օրը երեկոյեան Գազայի հատւածի եւ Հրեական պետութեան սահմանին պաղեստինցիների բազմահազարանոց ցոյցերը, որոնք վերաճեցին անկարգութիւնների, հանդիպեցին Իսրայէլի Պաշտպանութեան բանակի կոշտ դիմադրութեանը:

Վլադիմիր Մարտիրոսեան

 

Մայիսի 14-ին Երուսաղէմում կայացաւ ԱՄՆ դեսպանատան հանդիսաւոր բացումը: Նոյն օրը երեկոյեան Գազայի հատւածի եւ Հրեական պետութեան սահմանին պաղեստինցիների բազմահազարանոց ցոյցերը, որոնք վերաճեցին անկարգութիւնների, հանդիպեցին Իսրայէլի Պաշտպանութեան բանակի կոշտ դիմադրութեանը:

Հաղորդումներ կան, որ անկարգութիւնների մասնակիցների կողմից այրւող օդապարուկներ են բաց թողնւել Իսրայէլի ուղղութեամբ՝ այդ երկրի տարածքում անկանոն հրդեհներ առաջացնելու նպատակով: Պաղղեստինցիները նաեւ ինքնաշեն պայթուցիկ սարքեր եւ դիւրավառ հեղուկով շշեր են նետել սահմանի ուղղութեամբ, այրել են անւադողեր եւ սահմանային արգելապատնեշները կոտրելու փորձեր կատարել:

Պաղեստինցիների, այդ թւում նաեւ կանանց եւ անչափահասների դէմ օգտագործւեցին յատուկ միջոցներ, ընդհուպ մինչեւ հրազէն: Պաղեստինի առողջապահութեան նախարարութեան տւեալներով՝ ԻՊԲ բախման հետեւանքով զոհւել է 59 պաղեստինցի, որոնց թւում մանկահասակ երեխայ, որը շնչահեղձ է եղել արցունքաբեր գազից: Վիրաւորների թիւը հասնում է 2.5 հազարի:

Այս միջադէպից գրեթէ անմիջապէս յետոյ իսրայէլական կողմի հասցէին բաւական զուսպ քննադատութիւն հնչեց Փարիզից եւ Լոնդոնից, իսկ Թուրքիան ուղղակիօրէն «զանգւածային սպանդ» որակեց կատարւածը եւ յետ կանչեց Իսրայէլում եւ ԱՄՆ-ում իր դեսպաններին՝ խորհրդակցութեան նպատակով:

Իսրայէլի վարչապետ Բինիամին Նեթանեահուն ողջ մեղաւորութիւնը բարդեց «Համաս» կազմակերպութեան վրայ, իսկ ԻՊԲ գործողութիւնները որակեց որպէս «սեփական երկրի սահմանների պաշտպանութիւն»: Թրամփի վարչակազմը կիսեց այդ մօտեցումը եւ, ըստ էութեան, վերջին շրջանում արդէն երկրորդ անգամ հակադարձեց եւրոպական դաշնակիցների մօտեցմանը:

ԱՄՆ եւ Եւրոպայի դիրքորոշումների նախորդ լուրջ տարբերութիւնը վերաբերւում էր Իրանի հետ կնքւած միջուկային համաձայնագրին: Համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուց յետոյ եւրոպական երկրները, Չինաստանն ու Ռուսաստանը իրենց հաւատարմութիւնը յայտնեցին համաձայնագրում առկայ դրոյթներին եւ դրանց հետեւելու պատրաստակամութիւն յայտնեցին: Իրանը եւս կողմ է ներկայ համաձայնագրի պահպանմանը: Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Աբաս Արագչին մայիսի 14-ին յայտնեց, թէ որքան ժամանակ Իրանը կը սպասի Եւրոպայի վերջնական դիրքորոշմանը եւ կոնկրետ քայլերին:

«Եւրոպացիներն ունեն 45-ից 60 օր՝ Իրանի հետաքրքրութիւնը բաւարարող անհրաժեշտ երաշխիքներ ապահովելու եւ ԱՄՆ-ի՝ համաձայնագրից դուրս գալու հետեւանքով պատճառած վնասները հատուցելու համար», - ասել է Արագչին:

Նշւած ժամկէտները պատահական չեն: Մայիսի 8-ին ԱՄՆ գանձապետարանը յայտարարեց, որ 90 օր անց կարգելի Իրանի կառավարութեան կողմից ամերիկեան դոլարի ձեռքբերումը եւ զգալիօրէն կը բարդացնի Իրանի միջազգային առեւտուրը:

Իրանի տրամաբանութիւնը հետեւեալն է՝ եթէ Եւրոպան երկու ամսւայ ընթացքում չկարողանայ երաշխիքներ ապահովել, ապա Թեհրանը դեռեւս մէկ ամիս կունենայ Եւրոպական երկրներին մտքափոխ անելու եւ զուգահեռաբար իրանական տնտեսութիւնում եւրոպական եւ ամերիկեան մասնակցութեանը այլընտրանք գտնելու համար:

Եւրոպական երկրները գտնւում են, ըստ էութեան, երկու ուլտիմատումների միջեւ: Աւելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեօն ուղղակիօրէն յայտարարել էր, որ եւրոպական երկրներն ունեն 90 օր՝ Իրանի հարցով ԱՄՆ-ի հետ համաձայնութեան գալու: Իսկ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգութեան գծով խորհրդական Ջոն Բոլթոնը յոյս էր յայտնել, որ «եւրոպացիները կը տեսնեն, որ վերջին հաշւով իրենց շահը կայանում է Իրանի հարցով ԱՄՆ-ի հետ համաձայնւելու մէջ»:

Իրանը աւելի հետաքրքիր քաղաքականութիւն է վարում այս հարցով: Աւելի վաղ իսլամական հանրապետութեան նախագահ Հասան Ռուհանին ֆրանսիացի գործընկերոջ հետ զրոյցում նշել էր, որ Իրանի կառավարութեան վրայ ուժեղ ճնշում է գործադրւում «ազդեցիկ քաղաքական ուժերի կողմից»՝ միջուկային ծրագիրը վերականգնելու նպատակով: Ըստ էութեան սա նշանակում է, որ Իրանի ներկայիս վարչակարգը միջուկային ծրագիրը զսպող միակ ուժն է եւ Իրանի Իսլամական հանրապետութեան կործանումը յաւելեալ խնդիրներ կառաջացնի Եւրոպայի համար: Հաշւի առնելով այն, որ ԱՄՆ իշխող շրջանակներն այլեւս չեն էլ թաքցնում Իրանում վարչակազմի փոփոխութեան ցանկութիւնը՝ Ռուհանիի այս յայտարարութիւնը նշանակում է, որ Եւրոպական Միութիւնը երկընտրանքի առջեւ է կանգնած՝ կա՛մ Վաշինգտոն, կա՛մ Թեհրան:

Եւրոպական Միութեան ներսում արդէն վաղուց է կարծիք հնչում առ այն, որ սեփական ճակատագիրը ինքնուրոյն տնօրինելու ժամանակն է եկել: Եւրոպական եւ ամերիկեան մօտեցումների ու հետաքրքրութիւնների տարբերութիւնը արաբա-իսրայէլական հակամարտութեան եւ Իրանի միջուկային ծրագրի հարցերում կարող է միացեալ Եւրոպայի՝ որպէս ինքնուրոյն քաղաքական եւ քաղաքակրթական միաւորի ձեւավորման կատալիզատոր հանդիսանալ: Այսօր դա բարդ է պատկերացնել, սակայն վերջին շրջանում տեղի ունեցող քաղաքական զարգացումները թոյլ են տալիս կարծել, որ անհնարին ոչինչ չկայ:

Ինչ վերաբերւում է Իրանին, ապա կարելի է ենթադրել, որ նրանք արդէն իսկ փնտրում են ԱՄՆ պատժամիջոցների հետեւանքով իրանական տնտեսութեան առաջիկայում սպասւող բացերը լրացնելու այլընտրանքային տարբերակները: Չի բացառւում, որ այլընտրանքը գտնւի Ռուսաստանում, եթէ իհարկէ վերջինս ի զօրու լինի ապահովել Իրանի պահանջների գոնէ մի մասը: Եթէ ոչ՝ հոգ չէ, դա կանեն այն երկրները, որոնք չեն կիսում Միացեալ Նահանգների մօտեցումը: ԱՄՆ-ն միայնակ չի կարող տնտեսական, ռազմական կամ քաղաքական ճնշումներով Իրանին որեւէ բան ստիպել. Իրանը Հիւսիսային Կորէա չէ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։