Հա

Քաղաքական

23/05/2018 - 12:10

«ՏՈՌ»-ն ընդդէմ ալիեւեան հրթիռների. ինչո՞ւ Բաքւին ձեռնտու չէր շահարկւած խաղաքարտը

Բաքուն յայտարարել է, որ Նախիջեւանում բարձր ճշգրտութեան հրթիռներ ունի. ի պատասխան` Երեւանը յայտնել է զինուժը «Տոռ» համալիրներով համալրելու մասին:

«alikonline.ir» - Ադրբեջանը որոշել է կրկին խաղարկել Նախիջեւանի գործօնը, իսկ հայկական կողմը չի ուշացրել պատասխանը` յայտնելով ռուսական «Տոռ» զենիթահրթիռային համալիրների մատակարարման մասին։

Ինչպէ՞ս է զարգանալու իրավիճակը Նախիջեւանի սահմանին, եւ ի՞նչ է իրենից ներկայացնում «Տոռ» համալիրը. «Sputnik» Արմենիային պարզել է փորձագէտներից։

Նախեւառաջ յիշեցնենք, որ մայիսի առաջին կէսին Նախիջեւան կատարած այցի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը յայտնել է, որ ինքնավար Հանրապետութեան տարածքում հզօր բանակ եւ հեռահար հրթիռային համակարգեր կան, որոնք ընդունակ են «խոցել ցանկացած թիրախներ հակառակորդի տարածքում»։

 

Նախիջեւանեան խաղաքարտի շահարկումը չի բխում Ադրբեջանի շահերից

«Նախիջեւանում իրավիճակը սկսեց սրւել Իլհամ Ալիեւի խօսքերից։ Այդ խաղաքարտի շահարկումն անսպասելի էր, նման հարց բարձրացւած չէր»,- ասաց Երւանդ Բոզոյեանը` ուշադրութիւն դարձնելով, որ Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութիւնն իրենց զինւորի մահը կապել է ՀՀ պաշտպանութեան նախարարի ու արտգործնախարարի` սահման կատարած այցի հետ, թէեւ իրականութեան հետ դա ոչ մի կապ չունի։

Նրա կարծիքով` իրավիճակի լարումը Հայաստան-Նախիջեւան սահմանում Ադրբեջանի շահերից չի բխում, քանի որ դա կարող է լուրջ ճգնաժամի պատճառ դառնալ, այդ թւում` ՀԱՊԿ հնարաւոր մասնակցութեամբ։

«Օբիեկտիւօրէն` դա Ադրբեջանի շահերից չի բխում։ Ամենայն հաւանականութեամբ` նրանք փորձում են քաղաքական գործօնն օգտագործել եւ մկաններ ցուցադրել։ Սակայն կարծում եմ` նրանք անյաջող ժամանակ են ընտրել»,- ասաց Բոզոյեանը։ Նա չի կարծում, թէ հետագայում Նախիջեւանի գործօնը նոյնքան ակտիւօրէն է օգտագործւելու։

Ինչ վերաբերում է Հայաստանին «Տոռ» համալիրների մատակարարմանը` ապա նման լարւած իրավիճակում դա սովորական է, նոր սպառազինութեան գործօնն օգտագործւում է ինչպէս Ադրբեջանում, այնպէս էլ Հայաստանում։

«Այստեղ որոշակի տրամաբանութիւն կայ։ Եթէ մի կողմը սկսում է շահարկել որեւէ թեմա, միւսը պատասխանելու է։ Կարծում եմ` սա հէնց այդպիսի դէպքերից է»,- ասաց Բոզոյեանը։

 

Ու՞մ դէմ ու ինչպէ՞ս է պայքարում «Տոռ» զենիթահրթիռային համալիրը

Մայիսի 21-ին Հայաստանի հանրային հեռուստատեսութեան «Զինուժ»-ի հերթական թողարկման ժամանակ յայտարարւեց, որ առաջիկայ ամիսներին Հայաստանը «Տոռ» զենիթահրթիռային համալիրներ կը ստանայ։

«Արսենալ Օտեչեստւա» ամսագրի տնօրէն Ալեքսէյ Լէոնկովը մեր հետ զրոյցում ներկայացրեց համալիրի հնարաւորութիւնները։ Ըստ նրա` խօսքը «Տոռ-Մ2Է»-ի մասին է։ Դա փոքր հեռահարութեան նոր համալիր է, որը 15 կիլոմետր շառաւղով կարող է խոցել թիրախներին։

«Օդային յարձակման միջոցներից (ինքնաթիռներ, ուղղաթիռներ, հրթիռներ) բացի, «Տոռ» զենիթահրթիռային համալիրները կարող են գործել նաեւ փոքր հեռահարութեան օպերատիւ տակտիկական հրթիռային ստոռաբաժանումների հետ համատեղ։ Եթէ խօսենք թիրախի արագութեան մասին, ապա «Տոռ»-ը կարող է խոցել մինչև 700 մ/վ արագութիւն ունեցող օբեկտներ»,- ասաց Լէոնկովը։ Ըստ նրա` արագութեան այդ միջակայքում գործում են օդային յարձակման միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները։

Միաժամանակ «Տոռ»-ն առանձնանում է նրանով, որ կարող է թիրախաւորել բարդ յետագիծ ունեցող ցածր թռչող օբիեկտներ (օրինակ` թեւաւոր հրթիռներ)։ Իւրաքանչիւր «Տոռ» համակարգ կարող է միաժամանակ հրթիռակոծել մինչեւ չորս տարբեր թիրախներ։

«Սա բաւականին արդիւնաւէտ համալիր է, այն կարող է հրթիռակոծել ոչ միայն կայանւած դիրքից, այլ նաեւ ընթացքի ժամանակ։ Վերջին փորձարկումները ցոյց են տւել, որ համալիրը կարող է կրակ վարել մինչեւ 45 կմ/ժ արագութեամբ ընթանալիս»,- ասաց Լէոնկովը։

Նա նշեց նաեւ, որ «Տոռ»-ը թիմային օգտագործման զինատեսակ է. այն կարելի է միացնել կառավարման աւտոմատացւած համակարգերին ու աշխատացնել միջտեսակային ռադիոլոկացիոն կայանների հետ։

Լէոնկովի խօսքով` եթէ լեռնային տեղանքում «Տոռ»-ը գրագէտ տեղակայւի, այսինքն միջտեսակային ռադիոլոկացիոն կայանները տեղադրւեն այնպէս, որ ունենան մեծ տեսանելիութիւն, ապա համալիրներին կարող է փոխանցել իրավիճակի ճշգրիտ պատկերը, իսկ «Տոռ»-ն այս պարագայում արագ է արձագանգում` 4.8 վայրկեանի ընթացքում։ Նրա խօսքով` այն լաւ է աշխատում «Բուկ-Մ2Է»-ի հետ. այս տանդեմը կապակցման ընդհանուր կայան ունի, այն է` «Ռանժիր» մարտկոցային հրամանատարական կէտը։ Եթէ «Տոռ»-ն ու «Բուկ»-ը կապակցւած լինեն «Ռանժիր»-ի միջոցով, ապա կը տեսնեն ընդհանուր թիրախներն ու կը կարողանան բաշխել դրանք իրար մէջ։

Յարակից լուրեր

  • «Կազանի փաստաթղթի» մոդիֆիկացիան. ի՞նչ են համանախագահներն առաջարկել Երեւանին եւ Բաքւին
    «Կազանի փաստաթղթի» մոդիֆիկացիան. ի՞նչ են համանախագահներն առաջարկել Երեւանին եւ Բաքւին

    Մամեդեարովի յայտարարութիւնները կցկտուր բնոյթ են կրում, Հայաստանի իշխանութիւնը պէտք է բացատրի, թէ կոնկրետ ինչ առաջարկներ կան բանակցութիւնների սեղանին։

  • «Առաջին անգամը չէ, որ ադրբեջանական կողմը պարունակից դուրս է հանում իր առաջադրած կէտը եւ իւրովի մեկնաբանութիւն կատարում». Շահան Գանտահարեան
    «Առաջին անգամը չէ, որ ադրբեջանական կողմը պարունակից դուրս է հանում իր առաջադրած կէտը եւ իւրովի մեկնաբանութիւն կատարում». Շահան Գանտահարեան

    Ադրբեջանի արտգործ նախարար Էլմար Մամեդեարովը Վաշինգտոնեան վերջին հանդիպումից յետոյ ասել էր, որ «համանախագահներն առաջարկել են դուրս բերել զօրքերը եւ խաղաղապահներ տեղակայել, սակայն այդ ուղղութեամբ հարկաւոր է աշխատել»: «Արմէնպրես»-ի խնդրանքով մեկնաբանել է յայտարարութիւնը՝ Լիբանանի «Ազդակ» թերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանը:

  • «ԼՂ բանակցային գործընթացում նոր փաստաթո՞ւղթ կայ»․ «168 Ժամ»
    «ԼՂ բանակցային գործընթացում նոր փաստաթո՞ւղթ կայ»․ «168 Ժամ»

    «168 Ժամ»-ը գրում է․ «Յունիսի 21-ին Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ տեղի ունեցած հանդիպման կարեւոր կողմն այն էր, որ համանախագահները պաշտօնապէս կողմերի քննարկմանն են ներկայացրել փաստաթուղթ»,- երէկ նման յայտարարութիւն է արել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդեարովը:

  • Ինչով աչքի ընկաւ Մնացականեան-Մամեդեարով վաշինգտոնըան հանդիպումը
    Ինչով աչքի ընկաւ Մնացականեան-Մամեդեարով վաշինգտոնըան հանդիպումը

    Վաշինգտոնում յունիսի 20-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդութեամբ կայացաւ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Յունւարին Փարիզում եւ ապրիլին Մոսկւայում կայացած հանդիպումներից յետոյ որոշում էր կայացւել ԱԳ նախարարների միջեւ յաջորդ հանդիպումը երրորդ համանախագահ երկրում` ԱՄՆ-ում անցկացնելու մասին։ Սա բաւական խորհրդանշական էր մի կողմից հաւասարակշռութեան պահպանման, միւս կողմից երկարատեւ պասիւութիւնից յետոյ ամերիկեան կողմի ակտիւացման առումով:

  • Ադրբեջանը սրում է սահմանային իրավիճակը
    Ադրբեջանը սրում է սահմանային իրավիճակը

    Վերջին շրջանում Ալիեւը դարձեալ փորձում է սրել սահմանային իրավիճակը արցախեան ուղղութեամբ։ Դա նախեւառաջ պայմանաւորւած է Հայաստանի ու Ադրբեջանի ներքաղաքական գործընթացներով։ Սահմանային լարւածութեան մեծացման դինամիկան ուղղակիօրէն փոխկապակցւած է նաեւ Արցախեան հակամարտութեան կարգաւորման շուրջ ընթացող բանակցութիւններին, բանակցային գործընթացից կողմերի ակնկալիքներին ու դրանց իրացման հնարաւորութիւններին: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։