Հա

Քաղաքական

31/05/2018

ԵԽԽՎ համազեկուցողների յայտարարութիւնը Հայաստանում տեղի ունեցած իրադարձութիւնների մասին

Հայաստանի հարցերով ԵԽԽՎ Մոնիթորինգի յանձնաժողովի համազեկուցողներ Ե. Լեովոչկինան եւ Ջ. Գալատին շնորհաւորել են բոլոր քաղաքական ուժերին եւ նախեւառաջ՝ հայ ժողովրդին՝ այն զսպւածութեան եւ քաղաքական հասունութեան համար, որը դրսեւորւեց Հայաստանում վերջերս տեղի ունեցած ցոյցերի եւ իշխանափոխութեան ժամանակ, որոնք տեղի ունեցան խաղաղ ճանապարհով՝ սահմանադրական դրոյթներին եւ սկզբունքներին համաձայն:

«alikonline.ir» - Հայաստանի հարցերով ԵԽԽՎ Մոնիթորինգի յանձնաժողովի համազեկուցողներ Ե. Լեովոչկինան եւ Ջ. Գալատին շնորհաւորել են բոլոր քաղաքական ուժերին եւ նախեւառաջ՝ հայ ժողովրդին՝ այն զսպւածութեան եւ քաղաքական հասունութեան համար, որը դրսեւորւեց Հայաստանում վերջերս տեղի ունեցած ցոյցերի եւ իշխանափոխութեան ժամանակ, որոնք տեղի ունեցան խաղաղ ճանապարհով՝ սահմանադրական դրոյթներին եւ սկզբունքներին համաձայն: Այս մասին գրում է «yerkir.am»-ը:

«Իշխանափոխութեան իրականացման եղանակը եւ վարչապետ Փաշինեանի կողմից ընդգրկուն ու բազմակողմանի կառավարութեան նշանակումը վկայում է քաղաքական համակարգի հասունութեան, ինչպէս նաեւ երկրում ժողովրդավարութեան ամրապնդմանը բոլոր քաղաքական ուժերի յանձնառութեան մասին: Բոլոր քաղաքական ուժերը արժանի են գնահատանքի»,- ասել են համազեկուցողները:

Նրանք նշել են, որ հայ ժողովուրդը նոր իշխանութիւններից երկրում խոր եւ արագ բարեփոխումների չափազանց բարձր ակնկալիքներ ունի: Այդ համատեքստում զեկուցողները ընդգծեցին, որ քաղաքականապէս ընդգրկուն կառավարութեան կազմի նշանակումը, ինչպէս նաեւ նոր վարչապետի՝ կայուն եւ ժողովրդավարական միջավայր ստեղծելու յստակ մտադրութիւնը ստեղծել են անհրաժեշտ պայմաններ շարունակական ժողովրդավարական բարեփոխումների եւ երկրի ազգային անվտանգութեան համար:

«Բացի այդ՝ նոր վարչապետի եւ նրա քաղաքական դաշնակիցների կողմից հնչեցւած ազդանշաններն այն մասին, որ արդարադատութեան համակարգը կը լինի լիովին անկախ եւ գործելու է հրահանգներից ու քաղաքական միջամտութիւնից ազատ, պէտք է չէզոքացնեն քաղաքական հաշւեյարդարի վերաբերեալ մտավախութիւնները, որոնց մասին մենք լսեցինք այցի ընթացքում»,- ասացին համազեկուցողները՝ ընդգծելով, որ քաղաքական գործիչների կողմից կատարւած քրէական գործողութիւնների համար անպատժելիութիւն չի կարող լինել՝ անկախ նրանց քաղաքական պատկանելութիւնից:

Միեւնոյն ժամանակ, նրանք վերահաստատեցին իրենց անհանգստութիւնը նախկին իշխանութեան ներկայացուցիչների դէմ սոցիալական մեդիայում տարածւած «ատելութեան խօսքի» հետ կապակցութեամբ եւ կոչ արեցին բոլոր քաղաքական ուժերին՝ դատապարտել այդ երեւոյթը:

Այցի ընթացքում իշխանութիւնները տեղեկացրեցին համազեկուցողներին արտահերթ ընտրութիւններ անցկացնելու՝ իրենց մտադրութեան եւ անհրաժեշտութեան մասին՝ հէնց իրագործվեն ընտրութիւնների ժողովրդավարական անցկացման համար բոլոր պայմանները: Զեկուցողները տեղեկացան, որ այդպիսի պայմաններ ստեղծելու համար իշխանութիւնները մտադրւած են փոփոխել ընտրական օրէնսգիրքը՝ հիմնւելով բոլոր քաղաքական ուժերի միջեւ լայն կոնսենսուսի վրայ: Լիովին հասկանալով արտահերթ ընտրութիւնների վերաբերեալ կոչը՝ զեկուցողները կարեւորեցին Վենետիկի յանձնաժողովի չափանիշները ընտրութիւնների նախաշեմին կայուն ընտրական օրէնսդրութեան վերաբերեալ, ինչպէս նաեւ ընդգծեցին բոլոր քաղաքական ուժերի կողմից արտահերթ ընտրութիւններին նախապատրաստւելու համար անհրաժեշտ ժամանակի ապահովման կարեւորութիւնը:

Համազեկուցողները ողջունել են երկրում մարդու իրաւունքների ոլորտում օրէնսդրութեան հետագայ զարգացման վերաբերեալ՝ նոր իշխանութիւնների կողմից յստակ արտայայտւած ցանկութիւնը: Այս համատեքստում զեկուցողները յոյս յայտնեցին, որ խտրականութեան դէմ օրէնքի ընդունումը, ինչպէս նաեւ Ստամբուլի եւ Լանսարոտեի կոնվենցիաների վաւերացումը շուտով կընդգրկւի Ազգային ժողովի օրակարգում: Համազեկուցողները հաստատեցին Եւրոպայի խորհրդի եւ Խորհրդարանական վեհաժողովի պատրաստակամութիւնը` աջակցել Հայաստանին ժողովրդավարութեան ամրապնդման ճանապարհին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։