Հա

Քաղաքական

10/06/2018 - 12:00

Լաւրովի փոխզիջումային բանաձեւը. Մոսկւան չի արագացնի՞ արցախեան գործընթացը

Արցախի իրավիճակի քննարկումը Հայաստանի արտգործնախարարի մոսկովեան այցի կարեւորագոյն կէտերից էր:

«alikonline.ir» - Հայաստանի արտգործնախարարն իր նոր կարգավիճակում առաջին աշխատանքային այցով մեկնեց Մոսկւա։ Եթէ կադրային փոփոխութիւնները «սովորական ռեժիմով» իրականացւէին, Մնացականեանի մոսկովեան այցը պակաս ուշադրութեան կարժանանար։ Յատուկ «Sputnik» Արմենիայի համար գրում է Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի արտասահմանեան տարածաշրջանագիտութեան եւ արտաքին քաղաքականութեան ամբիոնի դոցենտ Սերգէյ Մարկեդոնովը:

 

Ինչպէս դիւանագէտը դիվանագէտի հետ

Քաղաքական ու հոգեբանական այս բարդ մթնոլորտում շատ կարեւոր էր հաստատել Երեւանի արտաքին քաղաքականութեան յաջորդականութիւնն ու Հայաստանի նոր կառավարութեան` Մոսկւայի հետ դաշնակցային յարաբերութիւններ զարգացնելու պատրաստականութիւնը։ Հարցերից շատերը պատասխան ստացան Նիկոլ Փաշինեանի` Սոչի կատարած այցից ու Վլադիմիր Պուտինի հետ ԵԱՏՄ գագաթնաժողովում ունեցած բանակցութիւններից յետոյ։

Սակայն երկկողմ յարաբերութիւնների առաջխաղացման համար երկրների առաջնորդների հանդիպումը պէտք է ինստիտուցիոնալ շարունակութիւն ունենար նախարարների ու գերատեսչությունների մակարդակով։ Այդ համատեքստում Մնացականեանի այցը միտւած էր հաստատելու այն վեկտորը, որն աւելի վաղ նախանշել էր Հայաստանի կառավարութեան ղեկավարը։

Նախարարի մոսկովեան այցը խորհրդանշական էր այն առումով, որ նա ժամանակին սովորել է հէնց այս քաղաքում եւ 1990 թւականին աւրտել է Մոսկւայի միջազգային յարաբերութիւնների պետական ինստիտուտը։ Ի դէպ, նա այդ մասին խօսեց Սերգէյ Լաւրովի հետ հանդիպման ժամանակ։

Ռուսական պարբերականներից մէկի հետ հարցազրոյցում Մնացականեանն իր ու ռուս գործընկերոջ մասնագիտական ուղիների նմանութեան մասին հարցը որպէս հաճոյախօսութիւն ընդունեց (երկուսն էլ նախարար են դարձել ՄԱԿ-ում իրենց երկրների մշտական ներկայացուցիչ աշխատելուց յետոյ)։

Հաւանաբար շուտով Մոսկւա կայցելեն նաեւ հայկական կառավարութեան միւս ներկայացուցիչները։ Մնացականեանի ու Լաւրովի բանակցութիւններից ստացած դրական տպաւորութիւնը նրանց կօգնի ռուս գործընկերների հետ կառուցողական շփում հաստատել։

 

Փաշինեանն ու արցախեան նախաձեռնութիւնները

ՀՀ արտգործնախարարի այցը պէտք չէ զուտ արարողակարգային ու ճանաչողական դիտարկել։ Նրա ծրագրի կարեւորագոյն կէտերից մէկն Արցախում տիրող իրավիճակի քննարկումն էր։

Հայկական դիւանագիտութեան համար սա նոր հարց չէ, բայց պէտք է որոշ նրբութիւններ հաշւի առնել։ Հայաստանի կառավարութեան ղեկավարը բազմիցս խօսել է այն մասին, որ պէտք է բանակցային գործընթացում ներառել Արցախի ներկայացուցիչներին։

Պաշտօնական Բաքուն էլ սպասւած խստութեամբ արդէն արձագանգել է այդ յայտարարութիւններին։ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդեարովը մայիսի 25-ին յայտարարել է, որ ՀՀ վարչապետի նախաձեռնութիւնը պարզապէս «ծիծաղելի է» ու կարող է սպառնալ խաղաղ կարգաւորմանը։

Նախագահ Իլհամ Ալիեւն էլ Երեւանին յորդորել է «իրական, այլ ոչ թէ ձեւական բանակցութիւններ սկսել»։ Ակնյայտ է, որ ներկայիս ստատուս քւոն Բաքւին ձեռնտու չէ, բայց չի էլ ուզում այնպէս լինի, որ ադրբեջանական դիւանագէտները խօսեն հայկական երկու կողմի հետ։

Այս իրավիճակում, երբ հակամարտող կողմերը հերթական անգամ փոխզիջման չեն գնում, շատ կարեւոր է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արձագանքը։ Շատերն էին սպասում Մնացականեանի ու Լաւրովի բանակցութիւններին։ Ի՞նչ կասի ռուս նախարարը։ Միանգամից կը մերժի՞ ՀՀ նոր վարչապետին, թէ՞ ըմբռնումով կը դիմաւորի։

 

Սերգէյ Լաւրովի փոխզիջումային բանաձեւը

Ռուսաստանի արտգործնախարարը փոխզիջումային բանաձեւ գտաւ՝ հրաժարւելով ծայրայեղ դիրքորոշումներից։ Նա նշեց, որ «Ռուսաստանը կը յարգի բանակցային գործընթացում Ղարաբաղի մասնակցութեան վերաբերեալ ցանկացած որոշում, որ կը կայացնեն Երեւանն ու Բաքուն»։ Դրանից յետոյ սոցիալական կայքերում տրամագծօրէն հակառակ դիրքերից սկսեցին խօսել այն մասին, որ Լաւրովը «կանաչ լոյս» է վառել բանակցութիւնների ձեւաչափի փոփոխման համար։

Բայց այդպիսի եզրակացութիւններ անելու հիմքեր չկան։ Ամերիկեան ու եւրոպական քաղաքական գրականութեան համար բնորոշ է այն կարծիքը, որ Ռուսաստանը շահագրգռւած չէ հայ-ադրբեջանական հակամարտութեան շուտափոյթ կարգաւորման հարցում, քանի որ ուզում է իր ազդեցութիւնը պահպանել Բաքւի ու Երեւանի վրայ։ Այդ թեզը կարելի էր ընդունել, եթէ չլինէր մի շատ կարեւոր մանրուք։

Այսօր Հայաստանն ու Ադրբեջանը փոխզիջման հասնելու նշաններ ցոյց չեն տալիս, նրանց արտաքին քաղաքականութիւնը մաքսիմալիստական նշաձողերով է սահմանւում, իսկ բուն Արցախը հայկական ու ադրբեջանական հասարակութեան մէջ ընկալւում է որպէս որոշ չափով սրբազան տարածք։

Այդպիսի պայմաններում խաղաղ գործընթացն արագացնելը, երաշխիքներ ստանձնելու փորձերը (գիտակցելով դրանց գործնական իրագործման անհնարինութիւնը) չարդարացւած ռիսկ կը լինէր։ Այստեղից էլ գալիս է Սերգէյ Լաւրովի սկզբունքային կարեւոր եզրակացութիւնը, որը նա դեռ 2018 թւականի յունւարին էր արել․ «Ռուսաստանի Դաշնութիւնը չի կարող այդ խնդրի լուծման հետ կապւած կոնկրետ նախագծեր ունենալ, քանի որ միայն կողմերը կարող են լուծել այն»։

Փաստօրէն կէս տարի անց նա կրկնեց նոյն բանաձեւը, բայց այս անգամ` Արցախի մասնակցութեան վերաբերեալ։ Եթէ հակամարտութեան կողմերը որոշեն, որ պէտք է այդպէս լինի, Մոսկւան չի խոչընդոտի այդ ճանապարհին։

Աւելին՝ Լաւրովն ընդգծեց, որ Մինսկի խումբն օպտիմալ ձեւաչափ է, որում Ռուսաստանը, որպէս համանախագահ երկիր, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ «ընդհանուր շահագրգռւած, ոչ հակասական գիծ ունի՝ ուղղւած այն պայմանների ստեղծմանը, որոնք թոյլ կը տան Բաքւին ու Երեւանին պայմանաւորւածութեան հասնել»։

Աւելի վաղ այդ ոգով էր արտայայտւում նաեւ Պուտինը` ընդգծելով, որ Մոսկւայի համար ամենալաւ տարբերակը կը լինէր «երկու կողմերի յաղթանակը» եւ փոխզիջումային որոշումը։

Ռուսական դիւանագիտութիւնը որեւէ գաղափար միանգամից չի մերժում. առաջարկում է դրանք քննարկել բանակցութիւնների սեղանի շուրջ, ոչ թէ «պարտադրւող խաղաղութեան» ձեւաչափով։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։