Հա

Քաղաքական

12/06/2018 - 09:20

Պատմական պահ. Կայացել է Թրամփ-Ըն հանդիպումը

Սինգապուրում, այսօր՝ առաւօտեան տեղական ժամանակով ժամը 09:30-ին (Թեհրանի ժամանակով ժամը 05:30) կայացել է այնքան սպասւած, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հիւսիսային Կորէայի առաջնորդ Կիմ Չէն Ընի պատմական հանդիպումը:

«alikonline.ir» - Սինգապուրում, այսօր՝ առաւօտեան տեղական ժամանակով ժամը 09:30-ին (Թեհրանի ժամանակով ժամը 05:30) կայացել է այնքան սպասւած, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հիւսիսային Կորէայի առաջնորդ Կիմ Չէն Ընի պատմական հանդիպումը:

Ձեռքսեղման արարողութիւնից յետոյ, երկու առաջնորդներն առանձնացել են, եւ տեղի է ունեցել նրանց դէմ առ դէմ՝ գաղտնի հանդիպումը, որին նրանցից բացի ներկայ են եղել միայն թարգմանիչները:

Երկու ղեկավարների առանձնազրոյցը տեւել է 38 րոպէ, որից յետոյ նիստը շարունակւել է ընդլայնւած կազմով՝ երկու երկրների բարձրաստիճան պաշտօնեաների մասնակցութեամբ:

Թէեւ կայացած բանակցութիւնների բովանդակութեան մասին դեռեւս որեւէ տեղեկութիւն չի հաղորդւել, այդուհանդերձ, յստակ է, որ այն ընթացել է Հիւսիսային Կորէայի ապամիջուկայնացման թեմայի առանցքի շուրջ:

Ակնյայտ է, որ բանակցութիւնների արդիւնքում պաշտօնական Վաշինգտոնը ձգտում է հասնել Հիւսիսային Կորէայի վերջնական եւ ամբողջական ապամիջուկայնացման, իսկ Փհենեանն էլ իր հերթին փորձում է հնարաւորինս նւազեցնել ԱՄՆ ճնշումները եւ հասնել իր դէմ սահմանւած որոշակի պատժամիջոցների չեղարկման:

Թէեւ հանդիպման նախօրէին երկու առաջնորդներն էլ յայտարարել են, որ լաւատեսօրէն են տրամադրւած բանակցութիւնների հեռանկարի նկատմամբ, այնուամենայնիւ, կասկածից վեր է, որ դրանք լինելու են չափազանց բարդ, որոնց արդիւանւորման համար կողմերից պահանջւելու է փոխզիջումների հասնելու քաղաքական բարձր կամքի դրսեւորում:

Յիշեցնենք, որ Թրամփը յայտարարել է, թէ լաւատեսօրէն է տրամադրւած. «Շատ լաւ զգացողութիւն ունեմ: Արդիւնաւէտ բանակցութիւններ ենք ունենալու, որոնք, կարծում եմ, թէ չափազանց յաջող են լինելու: Հպարտութեան առիթ, եւ ես չեմ կասկածում, որ հիանալի յարաբերութիւններ ենք ձեւաւորելու»,- ասել է նա:

Կիմ Չէն Ընն էլ իր հերթին նշել է. «Այստեղ հասնելը դիւրին գործ չէր: Անցեալը եւ նախկին դատողութիւնները լուրջ խոչընդոտ էին հանդիսանում, սակայն մեզ յաջողւեց յաղթահարել դրանք եւ հիմա այստեղ ենք»:

Երկու առաջնորդների հանդիպմանը հետեւող փորձագէտները չափազանց կարեւորում են այն փաստաթուղթը, որը հրապարակւելու է բանակցութիւնների աւարտին:

Ըստ նրանց՝ դա կարող է համարւել բանակցութիւնների արդիւնաւորման ցուցանիշը:

Եթէ կողմերը հանդէս գան համատեղ յայտարարութեամբ կամ հրապարակեն փոխըմբռնման յուշագիր, դա կը նշանակի, թէ բանակցութիւնները դրական ելք են ունեցել:

Մամլոյ հաղորդագրութիւնը չի կարող այնքան էլ ոգեւորիչ հանդիսանալ: Դա կը վկայի առկայ որոշակի տարաձայնութիւնների մասին, որոնց դեռեւս չի յաջողւել կարգաւորել բանակցութիւնների արդիւնքում:

Իսկ վատագոյն տարբերակն անկասկած կողմերի առանձին հրապարակած յայտարարութիւնները կարող են լինել, ինչն էլ կը վկայի բանակցութիւնների ձախողման մասին:

Այս համատեքստում, փորձագէտները կարեւորում են հնարաւոր բոլոր տարբերակներում օգտագործւող ցանկացած բառի, տառի կամ ստորակէտի նշանակութիւնը:

Բանակցութիւններն ընթանալու են ողջ օրւայ ընթացքում: Այս պահին երկու երկրների պատւիրակութիւնները ճաշում են:

Ճաշի մենիւն կազմել է հարաւկորէացի յայտնի շեֆ խոհարարը: Որպէս նախուտեստ նախատեսւած է ծովախեցգետնի սալադ եւ աւոկադօ, ինչպէս նաեւ Քրաբօ սալադ եւ թարմ ութոտնուկ:

Որպէս հիմնական ուտեստ, ըստ ցանկութեան՝ մատուցւելու է հորթի, խոզի կամ ձկան թարմ միս՝ բանջարեղէններով համեմւած, իսկ աղանդերը լինելու են շոկոլադէ քաղցրաւենիք՝ վանիլային պաղպաղակով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։