Հա

Քաղաքական

18/06/2018 - 11:00

Խիստ նախընտրական մրցավազք Թուրքիայում. ի՞նչն է մտահոգում Էրդողանին

Թուրքիայի նախագահի համար իրավիճակը վտանգաւոր է, քանի որ ինչ-որ պահի քրդամէտ «Ժողովրդների դեմոկրատական» կուսակցութիւնն ու քեմալական «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութիւնը կարող են ոչ ֆորմալ կոալիցիա կազմել խորհրդարանում։

«alikonline.ir» - Թուրքիայի նախագահի համար իրավիճակը վտանգաւոր է, քանի որ ինչ-որ պահի քրդամէտ «Ժողովրդների դեմոկրատական» կուսակցութիւնն ու քեմալական «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութիւնը կարող են ոչ ֆորմալ կոալիցիա կազմել խորհրդարանում։

խիստ պայքար է սկսւում ընտրողների ձայների համար։ Յունիսի 24-ին կայանալիք արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրութիւնները խոստանում են կարեւոր ուղենիշ դառնալ, քանի որ պարզ կը դառնայ, թէ որ ուղղութեամբ կը շարժւի երկիրը առաջիկայ տարիների ընթացքում։

Նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի եւ նրա գլխաւորած «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան նախընտրական արշաւն ընթանում է խիստ հակաարեւմտեան կարգախօսներով։ Եւրոպայի հետ առճակատումն ուժեղացնելով` Էրդողանը միաժամանակ ուժեղացնում է իր քաղաքականութեան պանթուրքական տարրը` դաշինք կազմելով ուլտրաազգայնականների հետ։

Էրդողանի հետ մի կողմից հակազդման մէջ է գտնւում քեմալական «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութիւնը, որը կոալիցիա կազմեց վերջերս ստեղծւած «Լաւ» կուսակցութեան հետ, միւս կողմից` քրդամէտ «Ժողովրդների դեմոկրատական» կուսակցութիւնը, որի առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը բանտում է։

Հայաստանի ԳԱԱ արեւելագիտութեան ինստիտուտի տնօրէն Ռուբէն Սաֆրաստեանի կարծիքով` Էրդողանի գլխաւորած դաշինքը, ամենայն հաւանականութեամբ, խորհրդարանում կը ստանայ տեղերի մեծամասնութիւնը։ Ինչպէս «Sputnik» Արմենիայի հետ զրոյցում նշեց փորձագէտը, սոցհարցման արդիւնքները ցոյց են տալիս, որ Էրդողան-ազգայնականներ դաշինքի համար պատրաստ են իրենց ձայները տալ ընտրողների 46-49%-ը։ Ինչը մօտաւորապէս 270 պատգամաւորական մանդատ է։ Երկրորդ տեղը, նոյն հարցումների համաձայն` կարող է զբաղեցնել «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութեան եւ «Լաւ» կուսակցութեան կազմած կոալիցիան, որը մօտ 230 տեղ է ապահովում խորհրդարանում։

Քրդամէտ կուսակցութեանը խորհրդարանում  կարող է բաժին ընկնել մօտ 100 տեղ. դա աւելի մեծ թիւ է, քան այսօր կայ, կանխատեսում է  Սաֆրաստեանը։

Յետընտրական ցնցումներն ու բողոքի ակցիաները նա քիչ հաւանական է համարում։ Թուրքիայում քաղաքական մշակոյթն այնպիսին է, որ ընտրութեան արդիւնքներն ընդունում են բոլոր ուժերը։

Ո՞րն է Էրդողանի յաջողութեան գաղտնիքը` տնտեսութեան մէջ առկայ ծանր վիճակի, Արեւմուտքի հետ յարաբերութիւնների վատթարացման, քրդական խնդրի սրացման պայմաններում։

Որքան էլ պարադոքսալ է, նշւած խնդիրները, ինչպէս նկատեց փորձագէտը, միայն հաւաքում են ընտրազանգւած նախագահի շուրջ։

«Էրդողանը խարիզմատիկ քաղաքական գործիչ է, նա արդիւնաւէտ կերպով մանիպուլեացիաների է ենթարկում ժողովրդի տրամադրութիւնները` իրեն ներկայացնելով որպէս միակ առաջնորդ, որը կարող է լուծել երկրի առջեւ ծառացած խնդիրներն ու մարտահրաւէրները»,- ասաց նա։

Բացի այդ, արեւելագէտի տեսանկիւնից, Թուրքիայի նախագահը խաղարկում է հակաարեւմտեան եւ հակաեւրոպական խաղաքարտը` սեփական վարկանիշը պահպանելու համար տարբեր հնարքները կիրառելով։

Էրդողանի հիմնական նպատակն է թոյլ չտալ, որպէսզի «Ժողովրդա-դեմոկրատական» կուսակցութիւնն անցնի խորհրդարան, քանի որ ակնյայտ է, որ 100 քրդամէտ պատգամաւորը լուրջ գլխացաւանք կը դառնան նախագահի համար։ Այդ առումով չի բացառւում, որ «Ժողովրդա-դեմոկրատական» կուսակցութեանը ճնշումների կը ենթարկեն, թէեւ ակնյայտ բռնաճնշումների գործը չի հասնի։

«Հաշւի առնելով, որ Թուրքիայի արեւելեան շրջանները մեծապէս բնակեցւած են քրդերով, տեղի իշխանութիւններն այդ շրջաններում  հիմնականում «Ժողովրդա-դեմոկրատական» կուսակցութեան ներկայացուցիչներն են։ Նրանց ձեռքերում է վարչակազմը, ինչն, իհարկէ, մեծացնում է խորհրդարան անցնելու նրանց հնարաւորութիւնները»,- կարծում է արեւելագէտը։

Թուրքիայի նախագահի համար իրավիճակը վտանգաւոր է նրանով, որ ինչ-որ պահի քրդամէտ «Ժողովրդա-դեմոկրատական» կուսակցութիւնն ու քեմալական «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութիւնը կարող են ոչ ֆորմալ կոալիցիա կազմել խորհրդարանում։ Եւ այդժամ «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութիւնը կարող է անյաջողութեան մատնւել։ Եթէ քրդամէտ կուսակցութիւնը կարողանայ պայմանաւորւածութիւն ձեռք բերել «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութեան հետ, ապա Էրդողանը, փաստօրէն, կը կորցնի մեծամասնութիւնը խորհրդարանում։ Այդ պատճառով էլ խիստ պայքար է ընթանում հէնց երկրի արեւելեան գաւառներում։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։