Հա

Քաղաքական

30/06/2018 - 13:50

Նաւթային բծեր ԵԽԽՎ-ում. ինչի՞ է յանգեցրել Ադրբեջանի «խաւիարային» դիւանագիտութիւնը

ԵԽԽՎ-ում սկանդալ է ծագել Ադրբեջանի կողմից տարբեր երկրների եւրոպատգամաւորներին կաշառելու առիթով։ Բաքւի «խաւիարային դիւանագիտութեան» մասին հաղորդագրութիւնները վաղուց նորութիւն չեն, բայց այս անգամ ԵԽԽՎ-ի կողմից ստեղծւած անկախ քննչական մարմինը հրապարակել է զեկոյց՝ միանգամից 14 պատգամաւորի անունով (զեկոյցում, ընդհանուր առմամբ, կան 29 կոռուպցիոն սխեմաներ), որոնք «կապոցներ» են ստացել Ադրբեջանից։

«alikonline.ir» - Ադրբեջանը վաղուց եւ ակտիւօրէն զբաղւում է եւրոպատգամաւորներին կաշառելով։ Սա վաղուց է յայտնի փաստ է։ Բայց այս անգամ Ադրբեջանը բաւական լուրջ սխալ է թոյլ տւել։ «Sputnik» Արմենիայում գրում է Դաւիթ Գալստեանը:

ԵԽԽՎ-ում սկանդալ է ծագել Ադրբեջանի կողմից տարբեր երկրների եւրոպատգամաւորներին կաշառելու առիթով։ Բաքւի «խաւիարային դիւանագիտութեան» մասին հաղորդագրութիւնները վաղուց նորութիւն չեն, բայց այս անգամ ԵԽԽՎ-ի կողմից ստեղծւած անկախ քննչական մարմինը հրապարակել է զեկոյց՝ միանգամից 14 պատգամաւորի անունով (զեկոյցում, ընդհանուր առմամբ, կան 29 կոռուպցիոն սխեմաներ), որոնք «կապոցներ» են ստացել Ադրբեջանից։

Զեկոյցում կոռուպցիոն սխեմաների կազմակերպիչներ են անւանւել ադրբեջանցի պատգամաւորներ Մուսլիմ Մամեդովը եւ Էլհան Սուլէյմանովը։

Տւեալ դէպքում կազմակերպութեան լիազօրութիւնները մեծ չեն, աւելի ճիշտ՝ փոքր են։ Նախկին պատգամաւորի մուտքը ԵԽԽՎ-ի շէնք արգելելը հազիւ թէ կարելի է «պատժամիջոց» անւանել։

«Նաւթային բիծ» ունեցող դէմքը փրկելու մտահոգութեամբ պէտք է զբաղւեն ազգային խորհրդարանները, ինչպէս Լուկա Վոլոնտեի դէպքում Իտալիայում։ Առայժմ էթիկայի կանոնները չարամտորեն խախտողներին չեն ցանկանում պատժել Իսպանիայում (օրինակ` Պեդրօ Ագրամունտին) եւ, որքան էլ զարմանալի չէ, նաեւ Ադրբեջանում։

«Sputnik» Արմենիայի հետ զրոյցում ԵԽԽՎ-ում հայկական պատւիրակութեան ղեկավար, ԱԺ փոխխոսնակ Արփինէ Յովհաննիսեանը խոստովանեց՝ դժւար է ասել, թէ որքանով են միւս երկրները պատրաստ հետաքննել այդ գործերն իրենց ազգային օրէնսդրութեան շրջանակում։

«Իւրաքանչիւր երկիր պէտք է ինքը որոշի, թէ ինչպէս պէտք է վարւի այն մարդկանց հետ, որոնք միջազգային ասպարէզում ստւեր են նետում սեփական պետութեան վրայ։ Օրինակ` Ագրամունտը մինչեւ հիմա պատւիրակութեան անդամ է, ուստի պահպանողականների խումբը ստորագրահաւաք է նախաձեռնել, որպէսզի զրկի նրան ԵԽԽՎ անդամի մանդատից»,- ասաց Յովհաննիսեանը։

ԵԽԽՎ նախկին պատգամաւորի վերաբերեալ (ոմանք վայր են դրել լիազօրութիւնները նաեւ սեփական խորհրդարաններում) ընդունւել են որոշակի պատժամիջոցներ։ ԵԽԽՎ գործող անդամների վերաբերեալ դեռ նախատեսւում է քննարկում։

Բանն այն է, որ ԵԽԽՎ-ն դիմում է ազգային խորհրդարաններ՝ խնդրելով հետաքննել պատգամաւորի վերաբերեալ գործը՝ իւրաքանչիւրի դէպքում առանձին։

«Օրինակ` Ալան Դեստեքսը (Բելգիայի նախկին պատգամաւոր) հրաժարական է տւել յայտնի հետաքննութիւնից յետոյ (նրա մասին ստորեւ)։ Նմանատիպ տեղեկատւութեան հրապարակումը, հասարակական ճնշումը տալիս են իրենց արդիւնքները։ Նրանք ինքնակամ են հրաժարական տալիս, կամ նրանց դէմ ձեռնարկւում են ինչ-որ այլ գործողութիւններ։ Բայց ամէն ինչ կախւած է նրանից, թէ ինչպիսի փաստեր են հրապարակւում, հիմքեր կան քրէական հետապնդման համար»,- ասաց Յովհաննիսեանը։

Ինչպէս նշում է ԵԽԽՎ-ում Հայաստանի մէկ այլ ներկայացուցիչ, «Ծառուկեան» դաշինքի պատգամաւոր Նաիրա Զոհրաբեանը, հրապարակւած զեկոյցն աւելի շատ բարոյական հարւած է դրանում յայտնւած պատգամաւորների եւ Ադրբեջանի համար։

«Քննարկւում է հետագայ պատժամիջոցների հարցը, այնպէս որ այդ պատմութիւնը միայն սկսւում է։ Կազմակերպութեան յանձնաժողովների մակարդակում քննարկւում է ոչ միայն նրանց ձայնի իրաւունքից զրկելու, այլ նաեւ ԵԽԽՎ-ում մանդատը վայր դնելու հարցը»,- ասաց Զոհրաբեանը։

Խորհրդարանականն ուշադրութիւն է դարձրել  այն բանին, որ, օրինակ` Լիտւայի սէյմը յայտարարել է` եթէ ներկայացւեն իրենց պատգամաւորների մասնակցութեան փաստեր, ապա իրենք անպայման կը զբաղւեն դրանով։ Նրա խօսքով՝ «Պանդորայի արկղը» բացւած է։ Կհետեւեն նոր բացայայտումներ եւ սկանդալներ։

Ժամանակը ցոյց կը տայ, թէ պատկանո՞ւմ է արդեօք այդ «արկղը» Պանդորային, բայց փաստ է, որ Ադրբեջանը կենտրոնական տեղ է զբաղեցնում հակակոռուպցիոն զեկոյցում։ Կոռուպցիայի մեջ ներքաշւած պատգամաւորները, այսպէս թէ այնպէս, կապւած են պաշտօնական Բաքւի հետ։

Միւս կողմից, քանի որ կազմակերպութիւնում շահերը տարբեր են, որոշ երկրներ երբեմն փորձում են կոռուպցիոն «սլաքները» ուղղել իրենց շահերի կողմ՝ մի կողմ թողնելով իրենց համար պակաս հետաքրքիր Ադրբեջանը։ Օրինակ` ինչ-որ բանում մեղադրել գլխաւոր քարտուղար Թուրբեորն Եագլանդին, որը հանդէս է գալիս Ռուսաստանը ԵԽԽՎ վերադարձնելու օգտին։

Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակը չի կարծում, որ քննադատութեան ալիքը լայնօրէն տարածւել է։ Նրա խօսքով՝ կան առանձին պատւիրակներ, որոնք փորձում են օգտագործել Եագլանդի դիրքորոշումն ինչ-որ չարաշահումների համար։

«Դա ձեռնտու է Ադրբեջանին, հաշւի առնելով այն, որ գլխաւոր քարտուղարն ինչ կոշտ դիրքորոշում է ունեցել Իլգար Մամեդովին ազատ արձակելու վերաբերեալ»,- ասաց Յովհաննիսեանը՝ ուշադրութիւն դարձնելով այն բանին, որ Եագլանդի լիազօրութիւնների ժամկէտը սպառւում է, եւ յաջորդ տարի կը լինի նոր գլխաւոր քարտուղար։

Զոհրաբեանն իր հերթին նշում է, որ որոշ անգլիացի եւ ուկրաինացի պատգամաւորներ փորձում են Եագլանդին ներկայացնել որպէս ռուսական շահերի լոբբիստ։

«Այս փուլում Ռուսաստանի դէմ կիրառւել են պատժամիջոցներ, Մոսկւան ի պատասխան հրաժարւում է վճարել տարեկան 33 միլիոն եւրօ վճարը»,- ասաց Զոհրաբեանը` նշելով, որ դա լուրջ ազդեցութիւն է ունենում կազմակերպութեան բիւջէի վրայ (Ռուսաստանի վճարը կազմում է ԵԽԽՎ ամբողղջ բիւջէի 10 տոկոսը)։

Այսպիսով, որոշ պատգամաւորներ զեկոյցը ներկայացնելիս Ադրբեջանի իրավիճակը քննարկելու փոխարէն անցում են կատարել Ռուսաստանը (կամ ռուսական փողերը) վերադարձնելու Եագլանդի փորձերին։

Միաժամանակ, Եագլանդը կոչ է արել վեհաժողովին քաղաքական թատրոն չստեղծել սեփական հակակոռուպցիոն յանձնաժողովի եզրակացութիւններից, որը հրապարակւել է այս տարւայ սկզբին։ Եագլանդը հաղորդել է, որ հանդիպել է Ադրբեջանի նախկին դեսպանի հետ, այդ հանդիպման արդիւնքներն արտացոլւել են Ադրբեջանի կոռուպցիոն գործունէութեան մասին զեկոյցում։

Ինչ վերաբերում է Հայաստանի դերին, ապա, հայկական պատւիրակութեան ղեկավարի խօսքով, Երեւանը հնարաւորութիւնների ներածին չափով մասնակցել է կոռուպցիոն գործերի բացայայտմանը՝ իր ունեցած օբիեկտիւ տեղեկատւութիւնը ներկայացնելով ԵԽԽՎ։

«Եթէ այլ տեղեկութիւններ լինեն, ապա Հայաստանը, ելնելով յանձնաժողովի հետ համագործակցութիւնից, այլ ոչ թէ ինչ-որ այլ շահագրգռւածութիւնից, կը ներկայացնի դրանք ԵԽԽՎ»,- ասաց Յովհաննիսեանը։

Նրա խօսքով՝ ստեղծւած մթնոլորտը եւ ընթացիկ հետաքննութիւնը հնարաւորութիւն են տալիս առողջացնել կազմակերպութեան աշխատանքը, որպէսզի իւրաքանչիւր զեկոյցից յետոյ անհրաժեշտ չլիներ որոնել ինչ-որ մէկի «ականջները»։

Նա հոռետեսութեամբ է վերաբերւում այն կարծիքին, որ Ադրբեջանը դադարեցրել է պատգամաւորներին կաշառելու իր աշխատանքը։

«Շատ խորհրդարանականներ եղել են ադրբեջանական սխեմաների մասնակիցները։ Բայց, քանի որ նրանց առայժմ յաջողւել է չյայտնւել յանձնաժողովի զեկոյցում, ապա նրանք մեծ խանդավառութեամբ քննադատում են մյուսներին»,- ասաց Յովհաննիսեանը։

Յատկանշական փաստ։ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի Միլի մեջլիսի պատւիրակութեան ղեկավար Սամեդ Սեիդովը յունիսի 28-ին յայտարարել է, որ արդէն խօսել է նոր զեկուցող, իսլանդուհի Տորխիլդուր Սուննա Էւարսդոտիրի հետ «Ադրբեջանում քաղաքական բանտարկեալների» մասին։

Նա նախազգուշացրել է զեկուցողին, որ Ադրբեջանը կողջունի նրա այցը՝ մարդու իրաւունքների պաշտպանութեան նպատակով։ Սեիդովի խօսքով՝ անհնար է մարդու իրաւունքներով ճնշում գործադրելու Ադրբեջանի վրայ։

Դա յատկանշական է, քանի որ նախկին զեկուցող Ալան Դեստքեսի (որը յայտնւել է ԵԽԽՎ վերոհիշեալ զեկոյցում) գործունէութիւնն Ադրբեջանում մարդու իրաւունքների մասին քննադատութեան ալիք է առաջացրել ինչպէս տեղի, այնպէս էլ միջազգային իրաւապաշտպանների մօտ։ Քաղաքական գործչին մեղադրել են Ադրբեջանում մարդու իրաւունքների եւ ազատ արտայայտւելու խնդիրները հարթեցնելու մէջ։

Ինչպէս պարզւել է` իզուր չի եղել։ Աւելի ուշ տեղեկութիւն է տարածւել, որ Դեստեքսն Ադրբեջանից ֆինանսաւորում է ստացել Բելգիայում իր ոչ առեւտրային ասոցիացիայի համար։ Քննադատութեանը չդիմանալով՝ նա հրաժարական է տւել։ 

Ինչպէս նշում է ԵԽԽՎ-ում հայկական պատւիրակութեան ղեկավարը, Ադրբեջանի հետ «խաւիարային» յարաբերութիւններով կապւած մարդիկ շատ են։ Ուստի չի կարելի չհամաձայնել, որ այս սկանդալը խնդիրները դեռ չի լուծել, եւ չպէտք է ձեռքերը ծալած ուրախանալ գործընթացով։

Յիշեցնենք, որ ԵԽԽՎ-ը պատժամիջոցներ է կիրառել 14 պատգամաւորի դէմ, որոնք կոռուպցիոն սխեմաներով կապւած են եղել Ադրբեջանի հետ։ Զեկույցւում նշւել են 29 պատգամաւորի անուն, որոնք մեղաւոր են ճանաչւել էթիկայի նորմերը խախտելու եւ կոռուպցիայի մէջ։

«IBAC» անկախ քննչական մարմինը ստեղծւել է ԵԽԽՎ-ում 2017 թ.-ին։ Դրա ստեղծման պատճառը եղել է «Կայունութեան եւրոպական նախաձեռնութիւն» հասարակական կազմակերպութեան կողմից Ադրբեջանի լոբբիստական գործունէութեան հետաքննութիւնը։ Այնտեղ ապացոյցներ են ներկայացւել Բաքւի կողմից ԵԽԽՎ անդամներին կաշառելու վերաբերեալ (կաշառել են ոչ միայն փողով, այլ նաեւ խաւիարով, ալկոհոլով, ոսկերչական իրերով)։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։