Հա

Քաղաքական

01/07/2018 - 11:10

Բաքւին բանակցութիւնները չեն հետաքրքրում. պատերազմի մասին խօսակցութիւններ են պէտք

Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանութիւնը սովորական երեւոյթ է դարձել, որն ընկալւում է որպէս ֆոնային աղմուկ։ Բայց դրա մէջ մի կարեւոր մանրուք կայ. այդ հռետորաբանութիւնը Բաքւի հաւակնութիւնները հասցնում են մի նշաձողի, որից այն կողմ գնալու տեղ այլեւս չկայ, իսկ առանց իմիջային կորուստների նահանջելն անհնար է։

«alikonline.ir» - Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանութիւնը սովորական երեւոյթ է դարձել, որն ընկալւում է որպէս ֆոնային աղմուկ։ Բայց դրա մէջ մի կարեւոր մանրուք կայ. այդ հռետորաբանութիւնը Բաքւի հաւակնութիւնները հասցնում են մի նշաձողի, որից այն կողմ գնալու տեղ այլեւս չկայ, իսկ առանց իմիջային կորուստների նահանջելն անհնար է։ Գրում է «sputnik» Արմենիայի սիւնակագիր Ռուբէն Գիւլմիսարեանը:

Հայաստանի ամբողջ տարածքը «պատմական Ադրբեջան» յայտարարելով՝ Բաքուն, ըստ էութեան, յայտնւեց մի իրավիճակում, որից դուրս գալու ճանապարհ չի երեւում։ Անհնար է աւելի շատ բան պահանջել, քան ամբողջ Հայաստանը, ու Բաքուն արդէն ասել է դրա մասին, այնպէս որ ախորժակը զսպելը կը նշանակի որոշ իմաստով համբաւ կորցնել։ Իհարկէ, խօսքը ներքին սպառման շուկայի մասին է, քանի որ արտաքին շուկայում ոչ ոք այլեւս չի արձագանգում այդօրինակ յայտարարութիւններին։ Սակայն տեղական նշանակութեան իմիջային կորուստներն էլ է պէտք հաշւի առնել։

Դրանից յետոյ մնում է միայն մշտապէս սպառնալ պատերազմով ու այդ սպառնալիքը հնչեցնելու համար օգտագործել իւրաքանչիւր քիչ թէ շատ յարմար հարթակ։ Իսկ Ադրբեջանի պաշտպանութեան նախարարի ու երկրի ԶՈՒ ղեկավար կազմի ժողովն ամենայարմար վայրն է այդպիսի խօսքերի համար․ «Ղարաբաղեան խնդրի լուծման ձգձգումը տանում է նրան, որ այն վերսկսւի աւելի լայն ծաւալով։ Հակամարտութիւնն առաջիկայում պէտք է արդար լուծում գտնի միջազգային նորմերի ու սկզբունքների շրջանակում։ Հակառակ դէպքում հակառակորդը կը զգայ ադրբեջանցի ժողովրդի կամքն ու հայրենասիրութիւնը, նաեւ մեր բանակի զէնքի ուժը»։

Ոչ մի նոր բան, իհարկէ, ամէն ինչ ասւում է այնպիսի տոնով, ասես այդ «հակառակորդը» ո՛չ կամք ունի, ո՛չ հայրենասիրութիւն, ո՛չ էլ բանակ։

Յետոյ էլ, պարոն Հասանովը չի կարող չհասկանալ, որ ադրբեջանական պահանջների նշաձողն այնքան է բարձրացել, որ ըստ էութեան, եթէ դրանք լուրջ ընկալեն, ապա «արդար լուծման» տանող բանակցութիւններն անիմաստ են դառնում։ Եթէ դու ամէն ինչ ես ուզում, եթէ չի լինելու ոչ մի փոխզիջում, ներառեալ Երեւանի ու Սիւնիքի պատկանելութեան հարցը, ապա ինչի՞ մասին կարելի է բանակցել։ Այն, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է ջանքեր գործադրել բանակցութիւնները կառուցողական հուն մտցնելու ուղղութեամբ, կարող է միայն մէկ բան նշանակել․ համանախագահները պարզապէս լուրջ չեն վերաբերւում այդ բզբզոցին։

Միաժամանակ ադրբեջանական կողմը պնդում է, որ օրուգիշեր միայն «առարկայական», ինչպէս ինքն է կոչում, բանակցութիւնների մասին է մտածում։

Միաժամանակ ՀՀ նախագահը կարծում է, ու Երեւանը պէտք է պահանջի առաւելագոյնը, իսկ երկրի ԱԳՆ-ն յայտարարում է, որ Ստեփանակերտն անպայման պէտք է մասնակցի բանակցութիւններին, ու դրան այլընտրանք չկայ։

Այս ամէնը եւս մէկ անգամ հաստատում է տարածւած կարծիքն այն մասին, որ Բաքւին բանակցութիւններ պէտք չեն․ այն փաստը, որ դրանք անցկացւում են (կամ անցկացւելու են) օգտագործում են միայն ներքին լսարանի մօտ արդարանալու համար, թէ ինչու սուր ճոճող Բաքուն ոչ մի կերպ չի սկսում յաղթական պատերազմը։ Այնտեղ նաեւ լաւ են հասկանում, որ երկրի այսօրւայ ղեկավարութեան` իշխանական ղեկին մնալը ուղղակիօրէն կախւած է Արցախի խնդրից, ու ինչքան աւելի երկար այդ խնդիրը անորոշ վիճակում մնայ, այնքան աւելի երկար կը գոյատեւի Ադրբեջանի գործող իշխանութիւնը։

Բաքւին ոչինչ չի մնում անելու, քան մշտապէս պատերազմի մասին խօսել։ Սակայն բանն այն է, որ Բաքուն չի կարող պատերազմ սկսել. լայնածաւալ պատերազմը երկու երկրների համար էլ աղէտալի կը լինի, իսկ կանխատեսելի արդիւնքներով «կառավարելի» պատերազմի համար պէտք են արտաքին խաղացողների վստահելի երաշխիքները։ Անկարայից բացի Բաքւին ոչ ոք այդպիսի երաշխիք չի տալիս ու չի էլ տայ, իսկ Թուրքիայի իրաւասութիւնները, նոյնիսկ հաշւի առնելով նրա տարածքային հաւակնոտութիւնը, այդքան լայն չեն։

Ադրբեջանական միանման յայտարարութիւններին ի պատասխան` հայկական կողմը այս անգամ նշեց, որ պատրաստ է իրադարձութիւնների ցանկացած զարգացման, իսկ Բաքի վիճակը լաւ չի լինի, եթէ այնտեղ համարձակւեն կրկնել 2016-ի ապրիլը։ Արդեօ՞ք այդ խօսքերը նշանակում են, որ նոր ագրեսիայի դէպքում Հայաստանն իրեն բոլոր պարտականութիւններից ազատ կը համարի։ Դժւար թէ։ Հէնց նոյն արտաքին խաղացողները Երեւանի վրայ պակաս ազդեցութիւն չունեն, քան Բաքւի․ միայն թէ Երեւանի համար աւելի հեշտ է այն առումով, որ Անկարայի կարծիքը հաշւի առնելու անհրաժեշտութիւն չկայ։

Իսկ Նախիջեւանի հետ կապւած խօսակցութիւնները` դիրքերի առաջխաղացման ու սեփական հողերի տասնեակ հեկտարներ «ազատագրելու» հետ կապւած, նոյն նպատակին է ծառայում ՝ հայրենակիցներին կերակրել քարոզչութեամբ։ Հայաստանը, բնականաբար, չի ենթարկւում այդ սադրանքներին, Բաքուն էլ հասկանում է, որ Նախիջեւանի կողմից ագրեսիայի դէպքում գործ կունենայ ՀԱՊԿ-ի հետ, ընդ որում՝ կազմակերպութեան միջամտութիւնը ուղղակիօրէն կը բխի մասնակիցների միջեւ եղած պայմանաւորւածութիւններից։

Ֆուտբոլի առաջնութիւնից յետոյ՝ օգոստոսին, Ադրբեջանի նախագահ Ալիեւը Մոսկւա է մեկնելու։ Բնականաբար, Արցախի թեման էլ կը շոշափւի, ու ադրբեջանական կողմը պէտք է աշխատի պահել դէմքը։ Դժւար կը լինի։ Դա հնարաւոր կարող է դառնալ միայն այն դէպքում, եթէ պաշտօնական Բաքուն անտեսի սեփական ներքին լսարանին։

Յարակից լուրեր

  • «Ապառաժ»-ի խմբագրական. Կրկին ռազմավարական համաձայնագրի անհրաժեշտութեան մասին
    «Ապառաժ»-ի խմբագրական. Կրկին ռազմավարական համաձայնագրի անհրաժեշտութեան մասին

    Թէեւ ՀՀ վարչապետի վկայութեամբ բանակցութիւններ չեն ընթանում Ադրբեջանի եւ ՀՀ իշխանութիւնների միջեւ, սակայն հանդիպումների, ծանօթութիւնների եւ անցեալի պատմութեան յուշերի փոխանակման արդիւնքում պէտք է խոստովանել, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանային գօտում փոխհրաձգութիւնները նւազել են:

  • ՀՀ վարչապետի Իրան այցի յատկանշելին…
    ՀՀ վարչապետի Իրան այցի յատկանշելին…

    Իրան-Հայաստան յարաբերութիւններում, 2019 թւականի փետրւարի 27-ին ՀՀ վարչապետ Ն. Փաշինեանի եւ նրան ընկերակցող պատւիրակութեան այցը յատկանշական պէտք է համարել, քանի որ. Հայաստանում իշխանափոխութիւնից յետոյ, մտահոգութիւն էր առաջացել այն մասին, թէ հնարաւոր է պաշտօնական Երեւանի քաղաքական արեւելման փոփոխութիւնը՝ հիւսիս-հարաւից դէպի Արեւմուտք: Այլ խօսքով, արեւելեան օրիենտացիան պէտք է, որ զիջէր արեւմտեանին:

  • «Հայրենիք»-ի խմբագրական. Համերաշխութի՞ւն, թէ՞ հայատեացութիւն
    «Հայրենիք»-ի խմբագրական. Համերաշխութի՞ւն, թէ՞ հայատեացութիւն

    Բեղուն գործունէութեան մէջ է ԵԱՀԿ-ի Մինսքի խումբը, որ դրական վերլուծումով հաղորդագրութիւն մը լոյս ընծայած էր, տեղեկացնելով, թէ պատշաճ միջավայրի պահպանման անհրաժեշտութեան դիմաց, կ՛ողջունէ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ յառաջիկային սպասուող՝ առաջին ուղղակի շփումներու պատրաստակամութիւնը։

  • Որ իրավիճակում Բաքուն կը համաձայնի, որ Արցախը վերադառնայ բանակցային սեղան
    Որ իրավիճակում Բաքուն կը համաձայնի, որ Արցախը վերադառնայ բանակցային սեղան

    Երեւանում կարծում են, որ Ստեփանակերտի մասնակցութիւնը բանակցութիւններին ժամանակի խնդիր է, իսկ Ադրբեջանի դիմադրութիւնը իր բացատրութիւնն ունի:

  • Ինչպէ՞ս հասնել իրական խաղաղութեան եւ ի՞նչ ասել է «Ադրբեջանի խաղաղասէր ժողովուրդ»
    Ինչպէ՞ս հասնել իրական խաղաղութեան եւ ի՞նչ ասել է «Ադրբեջանի խաղաղասէր ժողովուրդ»

    ՀՀ վարչապետ Ն. Փաշինեանը՝ Արցախում տեղի ունեցած ՀՀ եւ ԱՀ անվտանգութեան խորհուրդների համատեղ նիստում, իսկ ՀՀ ԱԽ քարտուղար Ա. Գրիգորեանը՝ Հանրային հեռուստատեսութեան եթերում, պետական ամենաբարձր մակարդակով յայտարարեցին, որ հայկական կողմը մեծապէս կարեւորում է ժողովուրդներին խաղաղութեան նախապատրաստելը։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։