Հա

Քաղաքական

07/07/2018 - 14:10

Ինչպէս ադրբեջանական հանրութիւնն արձագանգեց Թաւշեայ յեղափոխութեանը. Զրոյց Շահին Ռզաեւի հետ

Հրադադարը կախւած է շատ բարակ մազից, եւ ամենափոքր սադրանքը կարող է մեծ միջադէպ հրահրել։ Մօտ ապագայում կարգաւորման հեռանկար չեմ տեսնում. ՍիւիլՆեթի հետ զրոյցում այսպիսի կարծիք յայտնեց ադրբեջանցի լրագրող, «JAMnews» կայքի քաղաքական վերլուծաբան Շահին Ռզաեւը։ Նրա կարծիքով՝ նախիջեւանեան միջադէպը իւրօրինակ «փորձնական փուչիկ» էր, Հայաստանի նոր իշխանութիւնների արձագանգի ստուգում։

«alikonline.ir» - Հրադադարը կախւած է շատ բարակ մազից, եւ ամենափոքր սադրանքը կարող է մեծ միջադէպ հրահրել։ Մօտ ապագայում կարգաւորման հեռանկար չեմ տեսնում․ ՍիւիլՆեթի հետ զրոյցում այսպիսի կարծիք յայտնեց ադրբեջանցի լրագրող, «JAMnews» կայքի քաղաքական վերլուծաբան Շահին Ռզաեւը։ Նրա կարծիքով՝ նախիջեւանեան միջադէպը իւրօրինակ «փորձնական փուչիկ» էր, Հայաստանի նոր իշխանութիւնների արձագանգի ստուգում։

 

- Ադրբեջանական հանրութիւնն ինչպէ՞ս արձագանգեց հայաստանեան Թաւշեայ յեղափոխութեանը։

- Սկզբից մեծ հետաքրքրութեամբ էին հետեւում, շատերը սպասում էին, որ շուտով իշխանութիւնները բռնաճնշումների կը դիմեն, եւ անգամ կարող է արիւնահեղութիւն լինել։ Երբ Սարգսեանը հրաժարական տւեց, հետաքրքրասիրութիւնը փոխարինւեց զարմանքով։ Ինչպէ՞ս թէ։ Հէնց այդպէս իշխանութիւնը յանձնեց այդ դուրսպրծուկի՞ն։ Կարելի՞ է այդպէս։ Բազմաթիւ դաւադրութեան տեսութիւններ էին առաջ բերւում, թէ ով է կանգնած Փաշինեանի հետեւում՝ Արեւմուտքը, Ռուսաստանը, Սփիւռքը, թէ այլք։ Որոշ ժամանակ անց՝ Լեռնային Ղարաբաղ Փաշինեանի այցից յետոյ, նրա հանդէպ վերաբերմունքը դարձաւ է՛լ աւելի բացասական։ Ընդ որում, կայ նաեւ այնպիսի կարծիք, թէ Փաշինեանը ժամանակաւոր ֆիգուր է։ Մաւրն արեց իր գործը, Մաւրը շուտով կը հեռանայ, կը լինեն նոր ընտրութիւններ, եւ այդ ժամանակ կը գայ իսկական «Տէրը»։ Հէնց նրա հետ էլ կարելի է բանակցել։ Իսկ Փաշինեանին աւելի շուտ համարում են պոպուլիստ, որն անհրաժեշտ էր միջանկեալ փուլում։

 

- Ինչպիսի՞ն են այսօր հանրային տրամադրութիւններն Ադրբեջանում, հնարաւոր համարո՞ւմ էք հայաստանեան սցենարի կրկնութիւն Ադրբեջանում։

- Ադրբեջանում հանրային տրամադրութիւն հասկացութիւնը հարափոփոխ է։ Հէնց այսօր հանրութեան շրջանում կայ շատ մեծ դժգոհութիւն իշխանութիւններից՝ պայմանաւորւած սոցիալական խնդիրներով, էներգետիկ ճգնաժամով, որը Մինգեչաուրի ՀԷԿ-ում բռնկւած հրդեհի արդիւնք է։ Սակայն որեւէ զանգւածային բողոք չկայ եւ չի էլ նախատեսւում։ Հայաստանեան (եւ աւելի վաղ՝ վրաստանեան) սցենարի կրկնութեան համար նախադրեալներ չկան։ Իշխանութիւնները նախօրօք անցկացրել են բոլոր պրոֆիլակտիկ միջոցառումները՝ վերահսկողութիւն են սահմանել հասարակական կազմակերպութիւնների նկատմամբ, խստացրել են օտարերկրեայ լրատւամիջոցների հաւատարմագրման կանոնները, տեղական անկախ ԶԼՄ-ներ գրեթէ չեն մնացել։ Քաղաքական ընդդիմութեանը վաղուց ոչ ոք լուրջ չի ընդունում։ Նոր շարժման նոր առաջնորդի հաւանականութիւնը նման իրավիճակում գրեթէ զրոյական է։ Այլ բան է, եթէ իշխանական վերնախաւի ներսում լինեն ինտրիգներ, սակայն դա էլ դեռ տեսանելի չէ։

 

- Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են զինւել, աւելի յաճախ են հնչում ռազմատենչ յայտարարութիւններ։ Մի քանի տարի առաջ ՍիւիլՆեթի հետ զրոյցում ասացիք, որ հրադադարը մազից է կախւած։ Տեսանելի ապագայում հակամարտութեան կարգաւորման հեռանկար տեսնո՞ւմ էք։

- Մնում եմ իմ կարծիքին։ Հրադադարը կախւած է շատ բարակ մազից, եւ ամենափոքր սադրանքը կարող է մեծ միջադէպ հրահրել։ Մօտ ապագայում կարգաւորման հեռանկար չեմ տեսնում, քանի որ, կրկնում եմ, Նիկոլ Փաշինեանին մեր իշխանութիւնը լուրջ չի ընդունում, սպասում է, երբ նա վերջնականապէս կամրապնդի իր իշխանութիւնը կամ նրա փոխարէն կը գայ իսկական առաջնորդ, որի հետ կարելի է առարկայական բանակցութիւններ վարել։ Մանաւանդ, որ Փաշինեանն ինքը դեռ որեւէ բան արագացնելու պատրաստակամութիւն չի դրսեւորում, քանի որ իրեն իրաւասու չի համարում հանդէս գալ ղարաբաղեան հայերի անունից։ Մեզ մօտ նրա այդ խօսքերը մեկնաբանեցին որպէս կայացած բանակցային ձեւաչափը խարխլելու եւ բանակցութիւնները ձգձգելու փորձ։ Ի դէպ, մեր իշխանութիւնների համար այդ տարբերակն ընդունելի է։ Ոչ ոք չի շտապում գնալ ժողովրդականութիւն չվայելող փոխզիջման։

 

- Ինչո՞վ է, ըստ Ձեզ, պայմանաւորւած նախիջեւանեան ուղղութեամբ իրավիճակի սրումը, եւ որքա՞ն է հաւանական լարւածութեան աճը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով՝ Ղարաբաղի սահմաններից դուրս։

- Նախիջեւանեան միջադէպը, իմ կարծիքով, իւրօրինակ «փորձնական փուչիկ» էր, Հայաստանի նոր իշխանութիւնների արձագանգի ստուգում։ Ըստ էութեան, Ադրբեջանը գործել է միջազգային իրաւունքի եւ հայկական կողմի հետ պայմանագրերի շրջանակում։ Սեփական տարածքում անցկացրել են ինժեներական աշխատանքներ, պետական սահմանը չեն հատել։ Սակայն դրան հետեւած յայտարարութիւնները՝ «11 հազար հեկտար ազատագրելու» մասին, վկայում են, որ դա հէնց կանխամտածւած գործողութիւն էր Հայաստանի նոր իշխանութիւնների նեարդերը ստուգելու նպատակով։ Ըստ իս՝ օպերացիան յաջող է անցել, Ադրբեջանը հասել է իր ուզածին։ Ռազմական մեծ գործողութիւնների ծաւալման հաւանականութիւնն ինչպէս Ղարաբաղում, այնպէս էլ հայ-ադրբեջանական սահմանին մեծ չէ, սակայն նեարդերի այս պատերազմը կը շարունակւի եւ ոչ անպայմանօրէն Նախիջեւանում, հնարաւոր է՝ սահմանի հիւսիսային հատւածում, որտեղ ադրբեջանական մի շարք գիւղեր գտնւում են հայկական զօրքերի վերահսկողութեան տակ։

Յարակից լուրեր

  • «Ապառաժ»-ի խմբագրական. Կրկին ռազմավարական համաձայնագրի անհրաժեշտութեան մասին
    «Ապառաժ»-ի խմբագրական. Կրկին ռազմավարական համաձայնագրի անհրաժեշտութեան մասին

    Թէեւ ՀՀ վարչապետի վկայութեամբ բանակցութիւններ չեն ընթանում Ադրբեջանի եւ ՀՀ իշխանութիւնների միջեւ, սակայն հանդիպումների, ծանօթութիւնների եւ անցեալի պատմութեան յուշերի փոխանակման արդիւնքում պէտք է խոստովանել, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանային գօտում փոխհրաձգութիւնները նւազել են:

  • ՀՀ վարչապետի Իրան այցի յատկանշելին…
    ՀՀ վարչապետի Իրան այցի յատկանշելին…

    Իրան-Հայաստան յարաբերութիւններում, 2019 թւականի փետրւարի 27-ին ՀՀ վարչապետ Ն. Փաշինեանի եւ նրան ընկերակցող պատւիրակութեան այցը յատկանշական պէտք է համարել, քանի որ. Հայաստանում իշխանափոխութիւնից յետոյ, մտահոգութիւն էր առաջացել այն մասին, թէ հնարաւոր է պաշտօնական Երեւանի քաղաքական արեւելման փոփոխութիւնը՝ հիւսիս-հարաւից դէպի Արեւմուտք: Այլ խօսքով, արեւելեան օրիենտացիան պէտք է, որ զիջէր արեւմտեանին:

  • «Հայրենիք»-ի խմբագրական. Համերաշխութի՞ւն, թէ՞ հայատեացութիւն
    «Հայրենիք»-ի խմբագրական. Համերաշխութի՞ւն, թէ՞ հայատեացութիւն

    Բեղուն գործունէութեան մէջ է ԵԱՀԿ-ի Մինսքի խումբը, որ դրական վերլուծումով հաղորդագրութիւն մը լոյս ընծայած էր, տեղեկացնելով, թէ պատշաճ միջավայրի պահպանման անհրաժեշտութեան դիմաց, կ՛ողջունէ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ յառաջիկային սպասուող՝ առաջին ուղղակի շփումներու պատրաստակամութիւնը։

  • Որ իրավիճակում Բաքուն կը համաձայնի, որ Արցախը վերադառնայ բանակցային սեղան
    Որ իրավիճակում Բաքուն կը համաձայնի, որ Արցախը վերադառնայ բանակցային սեղան

    Երեւանում կարծում են, որ Ստեփանակերտի մասնակցութիւնը բանակցութիւններին ժամանակի խնդիր է, իսկ Ադրբեջանի դիմադրութիւնը իր բացատրութիւնն ունի:

  • Ինչպէ՞ս հասնել իրական խաղաղութեան եւ ի՞նչ ասել է «Ադրբեջանի խաղաղասէր ժողովուրդ»
    Ինչպէ՞ս հասնել իրական խաղաղութեան եւ ի՞նչ ասել է «Ադրբեջանի խաղաղասէր ժողովուրդ»

    ՀՀ վարչապետ Ն. Փաշինեանը՝ Արցախում տեղի ունեցած ՀՀ եւ ԱՀ անվտանգութեան խորհուրդների համատեղ նիստում, իսկ ՀՀ ԱԽ քարտուղար Ա. Գրիգորեանը՝ Հանրային հեռուստատեսութեան եթերում, պետական ամենաբարձր մակարդակով յայտարարեցին, որ հայկական կողմը մեծապէս կարեւորում է ժողովուրդներին խաղաղութեան նախապատրաստելը։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։