Հա

Քաղաքական

11/07/2018 - 12:00

«Ադրբեջանը յաղթել է իշխանութեան պահպանման հարցում». Ալիեւի չփոխւող «երգացանկը»

Ադրբեջանի ղեկավարութիւնը որոշակի «յաղթանակ» է համարում այն փաստը, որ իրեն յաջողւել է մնալ իշխանութեան գլխում, այն ժամանակ, երբ Հայաստանում այն փոխւեց:

«alikonline.ir» - Ադրբեջանի նախագահի «երգացանկը» չի փոխւել, «Sputnik» Արմենիային ասաց քաղտեխնոլոգ Վիգէն Յակոբեանը` մեկնաբանելով Հայաստանում իշխանափոխութեան մէջ ունեցած «ներդրման» մասին Իլհամ Ալիեւի յայտարարութիւնը։

Ադրբեջանի կառավարութեան ընդլայնւած նիստին ելոյթ ունենալիս Ալիեւն ասել է, որ Ադրբեջանն իր ներդրումն է ունեցել Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխութեան հարցում։ Նրա խօսքով` Ադրբեջանի դերը եւս կայ Հայաստանի քաղաքական դաշտից Սերժ Սարգսեանին արտաքսելու հարցում։ Ալիւի կարծիքով` «մեկուսացման քաղաքականութիւնը» Հայաստանի նկատմամբ արդարացնում է իրեն։

«Սա հերթական գովազդային քայլն է։ Ալիեւի յայտարարութիւնները վերջին շրջանում չեն կարող ուշադրութեան կենտրոնում լինել։ Աւելի վաղ նա խօսում էր, օրինակ, Երեւանի գրաւման մասին։ Այստեղ նաեւ որոշակի քաղաքական ենթատեքստ կայ, հաւանաբար, նա ուզում էր ընդգծել, որ Հայաստանի նախկին իշխանութիւնները (իր պատկերացմամբ), պարտւել են Ադրբեջանի հետ մրցակցութեան մէջ»,- ասաց Յակոբեանը։

Նրա խօսքով` ընդհանուր առմամբ յայտարարութիւնն արւել էր աղմուկ բարձրացնելու համար։ Սակայն «մրցակցութեան» մասին դրոյթն օգտագործւում է ներքին լսարանի համար։

Ինչ վերաբերում է այսպես կոչւած «մեկուսացման քաղաքականութեանը», ապա այդ հարցում որեւէ զարմանալի բան չկայ։ Ադրբեջանն ու Թուրքիան բազմիցս յայտարարել են Հայաստանը մեկուսացնելու իրենց ձգտման մասին։

Հայաստանի շրջափակման հարցում որոշակի արդիւնքների նրանք արդէն հասել են։ Երեւանը չի մասնակցում տարածաշրջանային որոշ տնտեսական եւ տրանսպորտային նախագծերում, սակայն խօսել լիարժէք մեկուսացման մասին, առաւել եւս, քաղաքական հարթութիւնում, ըստ Յակոբեանի՝ մեղմ ասած, միամիտ կը լինէր։

«Եթէ ճշմարտութեան նշոյլ կայ, ապա խօսքը տնտեսական ինչ-որ նախագծերի մասին է։ Սակայն Հայաստանը` ԵԱՏՄ անդամ է, բացի այդ ԵՄ-ի հետ ստորագրած պայմանագիր ունի»,- ասաց Յակոբեանը։ 

Նրա կարծիքով` հասկանալի է, որ Բաքւի եւ Անկարայի նման քաղաքականութիւնը կը շարունակւի։ Այդ քաղաքականութեանը վերջ տալու հիմնական նախապայմանները, բնականաբար, Արցախում զիջումների գնալն է։

Ընդ որում, եթէ հետեւենք Ալիեւի վերջին յայտարարութիւններին, ապա կարելի է նկատել, որ նրա «երգացանկը» էապէս չի փոխւել։

«Նա մշտապէս յղում է անում ՄԱԿ-ի բանաձեւին, փորձում յիշել այն ամէնն, ինչ ներկայ պահին ձեռնտու է։ Բացարձակ ոչ մի նոր բան։ Պրագմատիկ տեսանկիւնից, դա նոյնիսկ լաւ է` Ադրբեջանը կանխատեսելի պահւածք է դրսեւորում»,- նշեց քաղտեխնոլոգը։

«Sputnik» Արմենիայի թղթակցի հետ զրոյցում ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դաւիթ Բաբայեանը ուշադրութիւն է հրաւիրում այն հանգամանքի վրայ, որ Ադրբեջանի նախագահը, մի կողմից շարունակում է ռադիկալ յայտարարութիւններ անել, միւս կողմից էլ` «կառուցողական մօտեցում է» ակնկալում։

«Որպէս «կառուցողականութեան» դրսեւորում միթէ՞ մենք պէտք է ընդունենք նման անհեթեթ եւ ուլտիմատիւ յայտարարութիւնները։ Պարզ է, որ` ոչ, իսկ դա նշանակում է, որ նման յայտարարութիւնները եւս մէկ անգամ ապացուցում են, որ պաշտօնական Բաքուն պատրաստ չէ բանակցութիւնների»,- ասաց Բաբայեանը։

Բացի այդ, նրա խօսքով՝ վերջին յայտարարութիւնները ցոյց են տալիս, որ Ալիեւը վախենում է երկրում յեղափոխական շարժումներից։ Նա փորձում է իրեն ներկայացնել որպէս կոռուպցիայի դէմ պայքարողի, ինչպէս նաեւ մի մարդու, որն ուզում է «վերադարձնել պատմական հողերը»։

Յիշեցնենք, որ աւելի վաղ մեր խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի խօսքերը` ՀՀ ՊՆ-ն դրանք բաւական «համեստ» էր որակել։

Կառավարութեան նիստի ընթացքում Իլհամ Ալիեւը խոստացաւ շարունակել Հայաստանի մեկուսացման քաղաքականութիւնը։ Նա յոյս ունի ազատագրելու «ադրբեջանական բռնազաւթած բոլոր հողերը»։ Նա յոյս է յայտնել, որ Հայաստանի նոր իշխանութիւնները չեն կրկնի նախկին իշխանութեան սխալները եւ «կառուցողական դիրքորոշում» կը զբաղեցնեն ԼՂՀ հակամարտութեան կարգաւորման հարցում։

Այդ դէպքում, Ալիեւի համոզմամբ՝ հնարաւոր կը լինի լուծում գտնել` «Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը վերականգնելու» համար։

Ադրբեջանի նախագահը նշում է, որ արցախեան հակամարտութեան կարգաւորման համար հայկական ԶՈՒ-ն պէտք է դուրս բերւի Ադրբեջանի տարածքներից։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։