Հա

Քաղաքական

11/07/2018

Վատ լուրեր կան Եւրոպայից, եւ Թուրքիան այժմ Ադրբեջանի խնդիրներով զբաղւելու ժամանակ չունի

Թուրքիայի նախագահը երեքշաբթի Ադրբեջան է այցելել։ Սա Էրդողանի առաջին արտասահմանեան այցն է յունիսի 24-ին կայացած նախագահական ընտրութիւններում յաղթելուց յետոյ։ Երկու երկրների ղեկավարները փոխադարձ հետաքրքրութիւն ներկայացնող հարցերի շուրջ կարծիքներ են փոխանակել:

«alikonline.ir» - Արդէն բարի աւանդոյթ է դարձել, որ Էրդողանն ինքն իր օգտին կազմակերպած ընտրական գործընթացներից յետոյ, առաջին պաշտօնական այցը ցանկացած պաշտօնում կատարում է եղբայրական Ադրբեջան` նոյն ազգի երկրորդ պետութիւն։ Իսկ, քանի որ Թուրքիան դատապարտւած է մասնակցել այդ ընտրութիւններին քանի դեռ Էրդողանը գործունակ է, աւանդոյթը դեռ կը պահպանւի։ Գրում է «Sputnik» արմենիայի սիւնակագիր Ռուբէն Գիւլմիսարեանը:

Ադրբեջանի նախագահն էլ վերընտրւելուց յետոյ իր առաջին այցով մեկնում է Անկարա, այնպէս որ հակառակը նոյնպէս ճիշտ է։

Բանակցութիւնների մի քանի ժամ Բաքւում, եւ Էրդողանը մեկնում է նոյն ազգի` արդէն երրորդ պետութիւն` Հիւսիսային Կիպրոս, որը, սակայն, Անկարայից բացի, որեւէ մէկի կողմից չի ճանաչւել։

ԶԼՄ-ները որեւէ նոր եւ հետաքրքիր բան չեն յայտնում. ամէն ինչ` ինչպէս միշտ։ Իբր «տետ-ա-տետ» ձեւաչափում տեղի է ունեցել պետութեան ղեկավարների հանդիպումը, հանդիպման ժամանակ խօսւել է այն մասին, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ բարեկամական եւ եղբայրական յարաբերութիւնները յաջողութեամբ զարգանում են բոլոր ոլորտներում։ Բացի այդ վստահութիւն են յայտնել երկու պետութիւնների միջեւ կապերի հետագայ ամրապնդման հարցում։

«Երէկ մենք երդմնակալութեան արարողութիւն ենք անցկացրել, հրապարակել ենք նոր կառավարութեան կազմը։ Այնուհետեւ մենք իրականացրեցինք մեր առաջին այցն Ադրբեջան, նոյնկերպ, ինչպէս եւ իմ եղբայր Իլհամ Ալիեւն այցելեց մեզ` Ադրբեջանում անցկացւած նախագահական ընտրութիւններից յետոյ։ Մենք ուզում ենք եղբայրական ուղերձ յղել մեր ադրբեջանցի եղբայրներին։ Այսօր մենք տետ-ա-տետ հանդիպում կունենանք նախագահ Իլհամ Ալիեւի հետ»,- ադրբեջանական ԶԼՄ-ները մէջբերում են Բաքու այցի ժամանակ Թուրքիայի նախագահի խօսքերը։

«Մենք իրականացնում ենք», «մենք անցկացրել ենք եւ հրապարակել ենք»` «Մենք` Նիկոլայ երկրորդս»։ Նարցիսիզմ է իհարկէ, բայց դժւար թէ Էրդողանի անունով տորթի տեսակ հորինեն…

Հասկանալի է, որ մի քանի ժամով սահմանափակւած այցի ժամանակ (չորեքշաբթի Էրդողանը պէտք է Բրիւսէլում լինի, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին), կարեւոր հարցերի շուրջ մանրամասն քննարկումներ լինել չեն կարող։ Դրա համար այլ ժամկէտներ կը գտնւեն, այլ ճանապարհներ, բացի այդ թեմաների ցանկն էլ կարող է ընդլայնւել։ Իսկ երկու նախագահ եղբայրները խօսելու բան ունեն։

Ե՛ւ ածխաջրածնի տեղափոխման հարցերի շուրջ, ե՛ւ տնտեսական հարցերի ու նախագծերի, որոնցում երկու երկրները համատեղ մասնակցութիւն ունեն, ե՛ւ արտաքին ու ներքաղաքական հարցերի. Թուրքիան կարծես թէ հասկացել է, որ արցախեան հակամարտութեան գործընթացին միջամտել նրան չի յաջողւի, սակայն Ադրբեջանին նա չի դադարում հրահրել։ Իսկ գուցէ, նաեւ չի հասկացել, պարզապէս դադար է վերցրել սեփական համառութեան դրսւորման հարցում` Սիրիայի դէմ ագրեսիայի մէջ խրւելով։

Դա եւ Բաքւում վերջերս տեղի ունեցած հսկայական ծաւալների կոնֆուզն էր, որը փառք Աստծոյ աւարտւեց առանց մարդկային զոհերի։ Ադրբեջանի իշխանութիւնները դեռ պէտք է մանրամասն պարզեն, թէ ինչ եւ ինչպէս է տեղի ունեցել Մինգեչաուրի ջերմաէլեկտրակայանում, եւ Թուրքիան կօգնի նրան այդ հարցում։

Սակայն այդ մասին մանրակրկիտ կը խօսւի յետոյ, քանի որ Էրդողանի մտքերն այժմ կապւած են Բրիւսէլի հետ։ Առաւել եւս, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրէին Գերմանիայից նորութիւններ էին ստացւել, որոնք ակնյայտօրէն չեն ուրախացնի նորին սուլթանական գերազանցութեանը։ Ընդ որում` հազիւ թէ պատահական էր, որ դա տեղի ունեցաւ պետութիւնների ղեկավարների բրիւսէլեան հանդիպման նախօրէին։

Ինչպէս յայտնում է «Deutsche Welle»-ն, երեքշաբթի Գերմանիայի ՆԳՆ-ն` Գերմանիայում ապրող թուրքերի ստեղծած «Osmanen Germania BC» ազգայնական խմբաւորումը, որը գործում է երկրի տարածքում, օրէնքից դուրս է ճանաչել։ Այն միաւորում է ռոքերների խումբ, բռնցքամարտիկների ակումբ եւ ինքն իրեն անւանում «եղբայրութիւն»։ Ինչպէս նշւում է գերատեսչութեան յայտարարութեան մէջ, «ակումբը լուրջ սպառնալիք է ներկայացնում առանձին անձանց եւ լայն հասարակութեան համար»։

Բացի այդ երեքշաբթի առաւօտեան «Osmanen Germania BC»-ի անդամների խուզարկութիւն է իրականացւել Ռայնլանդ-Փֆալցի, Բադէն-Վիւրթեմբերգի, Բաւարիայի եւ Հեսսէնի դաշնային հողերում։ Նախարարութիւնը նշում է, որ խմբաւորման գործունէութիւնը հակասում է Գերմանիայում հասարակական միաւորումների ստեղծման կարգը եւ իրաւունքները կանոնակարգող օրէնքին։

Բացի սա` էլի առիթ կայ Էրդողանի տրամադրութեան ընկնելու համար։ Արեւմտեան պարբերականները, մասնաւորապէս` «National Review»-ն, Թուրքիան ուղղակիօրէն «ՆԱՏՕ-ում տրոյական ձի» են անւանում։ Ընդ որում` նկատի ունենալով ոչ միայն Ռուսաստանի «ձին», այեւ` Թեհրանի, որի հետ, ամերիկեան պատժամիջոցային նկրտումներին հակառակ, Թուրքիան մտադիր չէ դադարեցնել համագործակցութիւնը։

Յանուն արդարութեան նշել է պէտք, որ Էրդողանը եւս կարող է հաւաքական Արեւմուտքի կեանքը թունաւորել, ինչով էլ զբաղւում է` սիրիական տարածքները բռնազաւթելուն զուգահեռ։ Վերջին շրջանում նրա ելոյթները, կարծես, թրմւած են թանձր հակաարեւմտեան օշարակի մէջ, իսկ դա նշանակում է, որ ՆԱՏՕ-ի խնդրահարոյց անդամը չի պատրաստւում հլու-հնազանդ տղայ լինել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։