Հա

Քաղաքական

12/07/2018

Թեհրանի «ձեռքերն» ու Հայաստանի «աչքերը». ինչո՞ւ է Բաքուն խնդիրների պոչն ուրիշ տեղ փնտրում

Գանձակի քաղաքապետ Էլմար Վելիեւի ու նրա թիկնապահի մահափորձը պատահական միջադէպ չէ, միայնակ արւած յանցագործութիւն չէ, ինչպէս դա սկզբում փորձում էին ներկայացնել ադրբեջանական իշխանութիւնները։ Հիմա այնտեղ ոստիկանութեան երկու գնդապետ է մահացել, ու Բաքուն, նախկին ակնարկների փոխարէն, հիմա արդէն բաց տեքստով Իրանին է մեղադրում:

«alikonline.ir» - Ադրբեջանի երկրորդ քաղաքում ծաւալւող իրադարձութիւնները, ասես, լուրջ ընթացք են ստանում։ Գանձակի քաղաքապետի վրայ մահափորձից յետոյ երեքշաբթ օրը տեղական լրատւամիջոցների փոխանցմամբ` քաղաքի գործադիր իշխանութեան շէնքի մոտ «ապօրինի ակցիա է» տեղի ունեցել`ի պաշտպանութիւն քաղաքապետի վրայ մահափորձ արած յանցագործի։ Դրա հետեւանքով մահացել են ոստիկանութեան գնդապետ ու գնդապետ-լէյտենանտ։ Գրում է «Sputnik» Արմենիայի սիւնակագիր Ռուբէն Գիւլմիսարեանը:

Ադրբեջանի նախկին արտգործնախարար, ներկայումս «Արեւելքի աշխատաւորների» շարքերն անցած Տոֆիգ Զուլֆուգարովը, որը կաշկանդւած չէ դիւանագիտական էթիկետի նորմերով, ապակայունացման մէջ ուղղակիօրէն մեղադրում է Իրանին։

«Ինչպէս օրերս Գանձակի գործադիր իշխանութեան ղեկավարի վրայ արւած մահափորձը, այնպէս էլ ոստիկանների սպանութիւնը ուղեկցւում է յանցագործներին «բարոյականացնելու» փորձով։ Մասնաւորապէս` «շահիդները», որոնք ծայրայեղական շիաների յատկանիշներ են քարոզում, ներկայանում են որպէս հալածւածների իրաւունքների պաշտպաններ։ Այդ գաղափարախօսական մոդելն ակնյայտօրէն իրանական յեղափոխութեան գաղափարախօսութեան կրկնօրինակն է։ Այնպիսի տպաւորութիւն է ստեղծւում, որ մեզ կամ ինչ-որ բան են ուզում ցուցադրել, կամ իսկապէս ծայրայեղական շրջանները Իրանի ղեկավարութիւնում Ադրբեջանի իրավիճակը ապակայունացնելու, շիաների ու սունիների բախում առաջացնելու փորձ են նախաձեռնում»։

ԱԳՆ մամուլի խօսնակ Գաջիեւն այդքան կտրուկ ու ուղիղ չէ, սակայն նոյնպէս համոզւած է, որ արտաքին ուժերի մատը խառն է։ «Գանձակի իրադարձութիւնները ցոյց տւեցին, որ Ադրբեջանի զարգացումները անհանգստացնում են ոչ միայն Հայաստանին, այլեւ որոշ այլ արտաքին ուժերի»,- Բաքւում ճեպազրոյցի ժամանակ այսօր ասել է նա։

Դէ ինչպէս Հայաստանը մէջ չգցէր, Գաջիեւի մօտ առանց Հայաստանի բան չի լինում։ Պարոն Գաջիեւին կարելի է հակադարձել, որ Հայաստանին, իհարկէ, անհանգստացնում են այնպիսի զարգացումները, երբ Ադրբեջանը, ինչպէս վերջերս պարզւեց, կարելի է մի կոճակով ամբողջովին անջատել։ Եւ այդպիսով ուղղակիօրէն սպառնում է ոչ միայն ինքն իրեն, այլ ամբողջ տարածաշրջանին։

Ալլահը Գաջիեւի հետ։ Զուլֆուգարովն ու ադրբեջանական լրատւամիջոցները պնդում են, որ վերջին 30 տարիների ընթացքում Իրանի քաղաքական վերնախաւում Ադրբեջանի հանդէպ երկու հակառակ միտում կայ. մէկը թշնամանք է քարոզում, միւսը Բաքւի նկատմամբ բարիդրացիական զգացմունքներ ունի։ Ու կախւած այն բանից, թէ որ խմբաւորումն է տւեալ պահին գերակայում, այդպէս էլ կառուցւում է Ադրբեջանի հանդէպ քաղաքականութիւնը։

Իհարկէ, Իրանին չի կարող չանհանգստացնել այն, որ թէկուզ դեռ զուտ տեսականօրէն, սակայն Ադրբեջանի տարածքը կարող է Արեւմուտքի ճնշման տակ իր դէմ օգտագործւի։ Թեհրանը դժւար թէ մոռանայ այդ մասին, մենք սեփական օրինակով գիտենք, որ Իրանը լաւ առումով տարբերւում է շատ ու շատ երկրներից, որ այն միշտ իր խօսքի ու իր վրայ վերցրած պարտականութիւնների տէրն է։

Կարելի է, իհրակէ, Ադրբեջանի վերջին իրադարձութիւնների մէջ «Թեհրանի ձեռքը» տեսնել, բայց կարծում եմ, որ դրա պատճառը իշխանութեան անփոփոխելիութիւնն է. մի բան, որը 21-րդ դարի համար փոքր-ինչ ժամանակավրէպ է, իսկ դա նշանակում է` անյուսալի։

Օրերս Բաքւից հերթական անեկդոտային յայտարարութիւնը լսեցինք. այն մասին, որ Հայաստանում իշխանափոխութիւնը տեղի ունեցաւ Ադրբեջանի քաղաքականութեան շնորհիւ։ Ուզում եմ յիշեցնել ադրբեջանցի պաշտօնեաներին, որ ՀՀ նոր վարչապետը հանդիպել էր Վրաստանի իշխանութեան հետ, ինչից յետոյ Վրաստանում բողոքի ակցիաներ սկսւեցին։ Յետոյ Փաշինեանն ու Ալիեւը թեթեւ ծանօթացան Մոսկւայում, եւ ահա` կոլապս ու բախումներ Գանձակում, որը չի կարող թաքցնել նոյնիսկ ադրբեջանական քարոզչութիւնը։

Ու՞մ քաղաքականութիւնն է իշխանափոխութեան յանգեցնում եւ ո՞րտեղ. թերեւս նոյնպիսի անեկդոտ է, ինչպիսին Բաքւի գլուխգովելն է։

Իսկ եթէ լուրջ, ապա արտաքին «սադրիչներ» փնտրելու կարիք չկայ։ Դեռ Կռիլով պապն էր խորհուրդ տալիս «ինքդ քեզ նայիր». սա` չհնացող խորհուրդների շարքից։

Մինգեչաուրի վթարին հետեւած բացայայտումներից յետոյ նոյնիսկ պետական քարոզչութիւնն ամբողջութեամբ կուլ տւած քաղաքացին հասկացաւ, թէ ուր են գնում նաւթի ու ձկնկիթի գումարները։

Քաղաքացին հասկանում է, զինւում է ինչով պատահի ու իշխանութեան դէմ է գնում. մարդը մտածում է` Հայաստանում կարողացան, չէ՞։ Սակայն անարիւն յեղափոխութիւնն անելն ամէն մէկի խելքի բանը չէ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։