Հա

Քաղաքական

15/07/2018

«Eurasianet». «Մարդիկ չեն հաւատում Ադրբեջանի կառավարութեան յայտարարութիւններին»

Ադրբեջանի կառավարութիւնը երկու ոստիկանների մահւան մէջ մեղադրում է իսլամիստ ծայրայեղականներին, սակայն քչերն են հաւատում դրան: 

«alikonline.ir» - Ադրբեջանի կառավարութիւնը երկու ոստիկանների մահւան մէջ մեղադրում է իսլամիստ ծայրայեղականներին, սակայն քչերն են հաւատում դրան: Այս մասին ըստ «news.am»-ի՝ գրում է «eurasianet.org» կայքի լրագրող Դուրնա Սաֆարովան:

Երկու ոստիկան սպանւել է Ադրբեջանի երկրորդ քաղաքում` Գեանջայում, տեղի քաղաքապետի դէմ կատարւած մահափորձից մի քանի օր յետոյ:

Կառավարութիւնը երկու դէպքում էլ մեղքը գցում է իսլամական ծայրայեղականների վրայ եւ ասում, որ նրանց օժանդակել են արտաքին ուժեր, սակայն տեղի ունեցածի հետ կապւած բազմաթիւ մանրամասներ բացակայում են, ինչի արդիւնքում էլ բոլոր կողմերը հանդէս են գալիս դաւադրութիւնների սեփական տեսութիւններով:

Սկզբում իշխանութիւնները մահափորձի մէջ մեղադրում էին ընդդիմադիր շրջանակներին` փորձելով օգտւել էլեկտրաէներգիայի համատարած անջատումներից: Գործում կասկածեալ Իւնիս Սաֆարովը ձերբակալւել է սպանութեան եւ ապօրինի զէնքի օգտագործման մեղադրանքով:

Գեանջայի քաղաքապետ Վալիեւի նկատմամբ կար ատելութիւն Գեանջայում ՝ պարբերաբար մարդկանց տները ապօրինաբար խլելու եւ պետական շէնքերով փոխարինելու համար: Ուստի բնակչութիւնը, զգուշօրէն ողջունեց Սաֆարովի քայլը սոցիալական կայքերում:

Սաֆարովի ձերբակալութեան օրը բազմաթիւ նկարներ են տարածւել մամուլում, որոնցում երեւում են Սաֆարովի հանդէպ հաւանաբար ոստիկանական ուժերի կողմից կիրառւած բռնութեան հետքերը: Սակայն յաջորդ օրն իր ելոյթում նա հերքել է այդ լուրը` ասելով, որ իրեն ոստիկանները վատ չեն վերաբերւել:

Պաշտօնեաներն առաջ են քաշել բազմաթիւ հնարաւոր տարբերակներ` կապւած Սաֆարովի արարքի հնարաւոր դրդապատճառների հետ, այդ թւում, որ նրա մայրն, իբր, հայ է, որ նա աշխատում էր որպէս ռուսական գործակալ եւ այլն:

Սակայն յուլիսի 6-ին իշխանութիւնը յայտարարեց, որ Սաֆարովի գլխաւոր նպատակը Շարիաթի օրէնքներով առաջնորդւող իսլամական պետութեան հաստատումն է` մի շարք յայտնի քաղծառայողների սպանութեան, քաոսի ստեղծման միջոցով իշխանութիւնը խլելով:

Այս ընթացքում Գեանջայի բազմաթիւ բնակիչներ փակ համարներից հաղորդագրութիւններ էին ստանում, որոնք կրօնական թեզիսներ էին պարունակում եւ պաշտպանում էին Սաֆարովին: Սոցիալական կայքերում հոլովակ էր տարածւել, որում իրեն Սաֆարովի կին հռչակող մէկն ասում էր, որ իր ամուսինը շիա նահատակի պէս վրեժխնդիր էր եղել Իմամ Հուսէյնի համար: Այլ աղբիւրներից ուշագրաւ էր «Youtube»-ի մի ալիք, որտեղ տարածւած հոլովակում կոչ էր արւում յուլիսի 10-ին ցոյցի դուրս գալ եւ «միայնակ չթողնել եղբայր Իւնիսին»:

Յուլիսի 10-ին իշխանութիւնները յայտարարել են, որ երկու ոստիկանական սպաներ դանակահարւելով սպանւել են այն բանից յետոյ, ինչ 150-200 կրօնական ծայրայեղականներ հաւաքւել են Գեանջայի քաղաքապետարանի մօտ` քաղաքացիական անդորրը խաթարելու: Սակայն դէպքի վայրից ցոյցի մասին ապացոյցներ չկան, որոնք ցոյց կը տան ակնյայտ բռնութեան դէպքեր: 

Ադրբեջանի իշխանութիւնները կատարւածում մեղադրում են արտաքին ուժերի` այդ թւում հայերի, ասելով, որ պատերազմական վիճակում ոստիկանի սպանութիւնը ազգային դաւաճանութիւն է: Կան վարկածներ Իրանի ծայրայեղական որոշ խմբերի կողմից Ադրբեջանում խառնաշփոթ ստեղծելու, շիա եւ սուննի մուսուլմանների միջեւ բախում առաջացնելու, արտաքին մամուլի կողմից ամիսներ շարունակ Վալիեւի հակաիսլամական եւ հակաշիական կերպար ստեղծելու մասին:

Ընդդիմադիրները, սակայն, թերահաւատօրէն են մօտենում այս յայտարարութիւններին, քանի որ պարզ չէ, թէ Վալիեւի դէմ մահափորձից յետոյ ոստիկանութեան մշտական ներկայութեան պայմաններում ծայրայեղականներն ինչպէս կարողացան նման ցոյց կազմակերպել, եւ ինչպէս երկու ոստիկան դանակի հարւածներից անմիջապէս մահացան: Երիտասարդ ակտիւիստներից Աբուֆլազ Գուրբանլին վստահ է, որ հանրահաւաքը բողոքի ցոյց չէր: Մէկ այլ Գեանջացի ակտիւիստի կարծիքով ցոյցի նպատակը Վալիեւի հանդէպ մահափորձ կատարողի հանդէպ համակրանքի վերացումն էր:

Յարձակումից յետոյ 14 հոգի ձեբակալւել են սոցիալական կայքերում ահաբեկչութիւն քարոզող եւ քաղաքացիական անդորրը խաթարող բնոյթի հրապարակումներ կատարելու մողադրանքով: Եւս 4 քրէական գործ է հրուցւել «criminal.az», «bastainfo.com», «topxeber.az» եւ «fia.az» լրատւական կայքերի դէմ` միտումնաւոր սուտ, անհիմն եւ սենսացիոն տեղեկատւութիւն տարածելու մեղադրանքով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։