Հա

Քաղաքական

17/07/2018 - 08:40

Հելսինկիում կայացել է Թրամփ-Պուտին հանդիպումը

Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում, երէկ՝ յուլիսի 16-ին կայացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

«alikonline.ir» - Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում, երէկ՝ յուլիսի 16-ին կայացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

Երկու գերտէրութիւնների ղեկավարների դէմառդէմ հանդիպումը տեւել է աւելի քան 2 ժամ՝ չնայած, որ նախատեսւած էր մէկուկէս ժամ: Դրան յաջորդել է ընդլայնւած կազմով բանակցութիւնները:

Յիշեցնենք, որ հելսինկեան հանդիպումը երկու պետութիւնների ղեկավարների՝ միջազգային համաժողովների շրջանակից դուրս անցկացւող առաջին լիարժէք ձեւաչափով հանդիպումն է եղել:

Բանակցութիւնների աւարտից անմիջապէս յետոյ, ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովը յայտարարել է, որ դրանք աւելի քան գերազանց են անցել:

Հանդիպմանը հետեւել է երկու նախագահների համատեղ մամլոյ ասուլիսը, որն ի դէպ առանց միջադէպի չի անցել:

Ասուլիսին անվտանգութեան աշխատակիցները ուժով դուրս են բերել դահլիճից լրագրողի, որն իր բողոքն էր արտայայտում ԱՄՆ-ի կողմից միջուկային զէնքի կիրառման դէմ:

Մամուլի ասուլիսի մեկնարկից առաջ «The Nation»-ի քաղաքական լրագրող եւ ակտիւիստ Սէմ Հուսէյնին «Միջուկային զէնքի արգելման մասին պայմանագիր» գրութեամբ պաստառ էր պարզել:

Անվտանգութեան աշխատակիցներն Հուսէյնիին խնդրել էին հեռանալ դահլիճից, եւ նա հնազանդւել էր: Սակայն յետոյ յանկարծ վերադարձել էր դահլիճ վերոնշեալ պաստառով: Արդիւնքում, չնայած լրագրողի ակտիւ դիմադրութեանը, նրա ձեռքերը ոլորել ու հեռացրել են դահլիճից:

Ասուլիսի ընթացքում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անդրադառնալով իր ռուս գործընկերոջ հետ հանդիպմանն, այն բեղմնաւոր է անւանել:

Նրա խօսքով՝ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ յարաբերութիւնները երբեք աւելի վատ չեն եղել, քան հիմա, սակայն դա, ըստ նրա՝ փոխւել է կայացած ահնդիպման արդիւնքում: «Եթե մենք պէտք է աշխարհի առջեւ ծառացած բազմաթիւ խնդիրներ լուծենք, ապա պէտք է համագործակցելու ուղիներ գտնել»,- ասել է Թրամփը՝ յաւելելով. «Մենք արել ենք առաջին քայլերը՝ համագործակցութեան եւ խաղաղութեան վրա հիմնւած պայծառ ապագայի ուղղութեամբ: Դրանից հրաժարւելը ոչնչի չի յանգեցնի»:

ԱՄՆ նախագահը նշել է, որ բանակցութիւնների ընթացքում Պուտինի հետ քննարկել են երկու երկրների համար կարեւորագոյն հարցերի լայն շրջանակ, ներառեալ՝ Սիրիայում պատերազմը, Իրանը, գլոբալ ահաբեկչութիւնը եւ միջուկային զէնքի վերահսկումը:

Նա նաեւ անդրադարձել է ԱՄՆ-ի ընտրութիւններում Ռուսաստանի կողմից ենթադրեալ միջամտութեան հարցին:

Թրամփն ընդգծել է, որ 2016 թւականին ԱՄՆ-ում նախագահական ընտրութիւններին Ռուսաստանի ենթադրեալ միջամտութեան քննութիւնը բացասական ազդեցութիւն է թողել երկու երկրների միջեւ յարաբերութիւնների վրայ. «Սա բաժանել է մեզ: Ոչ մի դաւադրութիւն չի եղել»,- ասել է նա:

Ըստ նրա՝ Ռուսաստանն ու Միացեալ Նահանգները պատասխանատու են երկու երկրների միջեւ յարաբերութիւնների վատթարացման համար:

«Կարծում եմ՝ երկու երկրներն էլ պատասխանատւութիւն են կրում: Ես կարծում եմ, որ ԱՄՆ-ն իրեն անմիտ է պահել: Մենք բոլորս յիմարներ էինք »,- ասել է նա: Նրա խօսքով՝ վաղուց էր պէտք երկխօսութիւն սկսել Ռուսաստանի հետ՝ «դեռ իմ պաշտօնավարումից առաջ»:

Թրամփը նշել է, որ կայացած հանդիպումը երկարատեւ գործընթացի սկիզբ է՝ յույս յայտնելով, որ դեռ շատ կը հանդիպի Պուտինի հետ:

ՌԴ նախագահն էլ իր հերթին նշել է, որ Թրամփի հետ բանակցութիւններն անցել են անկեղծ ու գործնական մթնոլորտում, ես դրանք համարում է յաջող եւ օգտակար:

Նրա խօսքով՝ բանակցութիւնների ընթացքում քննարկւել են երկկողմ եւ բազմակողմ օրակարգի հիմնական հարցերը: Պուտինը նոյնպէս խոստովանել է, որ երկու երկրների յարաբերութիւնները գտնւում են դժվար փուլում, սակայն այդ դժւարութիւններն օբիեկտիւ պատճառներ չունեն:

Նա նոյնպէս անդրադարձել է ԱՄՆ նախագահական ընտրութիւններում Ռուսաստանի կողմից ենթադրեալ միջամտութեան թեմային:

Պուտինի խօսքով՝ ինքը յայտարարել է, որ 2016 թւականին ցանկացել է Դոնալդ Թրամփի յաղթանակը ԱՄՆ նախագահական ընտրութիւններում. «Ես ուզում էի, որպէսզի նա յաղթի, քանի որ նա խօսում էր ռուս-ամերիկեան յարաբերութիւնների կարգաւորման մասին»,- ասել է Պուտինը՝ ընդգծելով, որ «Ռուսաստանը երբեք չի միջամտել եւ չի միջամտի» ամերիկեան ընտրութիւններին:

Նա անհեթեթութիւն է անւանել լուրերն այն մաիսն, որ ռուսական իշխանութիւններն իբր կոմպրոմատ (վարկանիշի անկմանը բերող տեղեկութիւններ-ԽՄԲ.) ունեն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վրայ:

Պուտինը յայտարարել է, որ հանդիպման ժամանակ միջուկային զենքի չտարածման մասին առաջարկութեամբ գրութիւն է յանձնել ԱՄՆ նախագահին:

«Որպէս խոշորագոյն միջուկային տէրութիւններ՝ մենք յատուկ պատասխանատւութիւն ենք կրում միջազգային անվտանգութեան համար: Ես կարեւոր եմ համարում, եւ մենք դրա մասին խօսել ենք, երկխօսութիւն վարել ռազմավարական կայունութեան եւ զանգվածային ոչնչացման զէնքի չտարածման հարցերի շուրջ»,- յայտարարել է ՌԴ նախագահը:

Նրա խօսքով՝ Մոսկւան պատրաստ է բանակցութիւններ վարել ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ ռազմավարական յարձակողական սպառազինութիւնների հետագայ կրճատման եւ սահմանափակման միջոցառումների վերաբերեալ պայմանագրի երկարաձգման, հակահրթիռային պաշտպանութեան ոլորտում հակասութիւնների վերացման, «Միջին ու փոքր հեռահարութեան հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրի կատարման եւ տիեզերքում զէնք տեղակայելու կանխարգելման վերաբերեալ ՌԴ նախաձեռնութեան շուրջ:

Ասուլիսի ժամանակ, Պուտինը Թրամփին նւիրել է Մոնդիալ-2018-ի պաշտօնական գնդակը: Նա ԱՄՆ-ին մաղթել է յաջողութեամբ անցկացնել ֆուտբոլի Աշխարհի առաջնութիւնը 2026 թւականին:

Թրամփը խոստացել է Հելսինկիում Պուտինի նւիրած գնդակը փոխանցել իր որդուն՝ Բերոնին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։