Հա

Քաղաքական

17/07/2018

«Մահաբեր զէնքեր». Սլովակիայի մամուլը՝ այդ երկրից Ադրբեջան զէնքի ապօրինի մատակարարումների մասին

Սլովակիայի մամուլն օրերս անդրադարձել է այդ երկրից Ադրբեջան զէնքի ապօրինի մատակարարումներին՝ հրապարակելով ծաւալուն յօդւած, որի հեղինակը Վլադիմիր Շնիդլն է: 

«alikonline.ir» - Սլովակիայի մամուլն օրերս անդրադարձել է այդ երկրից Ադրբեջան զէնքի ապօրինի մատակարարումներին՝ հրապարակելով ծաւալուն յօդւած, որի հեղինակը Վլադիմիր Շնիդլն է: Տեղեկացնում է «news.am»-ը:

Նա մասնաւորապէս, գրում է, որ Սլովակիայի կառավարութիւնը հաուբիցների եւ հրթիռային համազարկային համակարգեր արտահանման լիցենզիա է տրամադրել։ Դրանք տարանցել են Իսրայէլով եւ վստահաբար յայտնւել Ադրբեջանում։ Լիցենզաւորման որոշումը կայացնում է էկոնոմիկայի նախարարութիւնը: Ինչպէ՞ս են արտահանումն ստուգել անվատանգութեան ծառայութիւնները, յայտնի չէ։

Սլովակիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սէյրանեանը համարձակ քայլ է արել, որը արտասովոր է դիւանագիտութեան մէջ: Նա հրապարակայնօրէն քննադատում է Սլովակիայի գործելակերպը, որի հետ Հայաստանը երկար տարիներ պահպանել է բարեկամական յարաբերութիւններ:

Սէյրանեանը «Dennik N»-ին սլովակեան հաուբիցների եւ հրթիռային համազարկային համակարգերի արտահանման վերաբերյալ կարծիք է յայտնել առ այն, որ դրանք ի վերջոյ յայտնւել են Ադրբեջանում: Այդ առեւտուրը վերջին ամիսներին կատարւել է միայն սլովակեան իշխանութիւնների համաձայնութեամբ: Դրանք արտահանւել է այնպիսի մի երկիր, որի հանդէպ կիրառւում է նմանատիպ արդիւնաւէտ ռազմական տեխնիկայի մատակարարման էմբարգոն:

Դեսպան Տիգրան Սէյրանեանն այդ զէնքը սպառնալիք է համարում Հայաստանի անվտանգութեան համար: Հայերն Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան շուրջ երկարամեայ լարւած յարաբերութիւններ ունեն:

«Այս զինատեսակներն իսկապէս վտանգաւոր են: Նրանց արտահանումը լուրջ խնդիր է, որը կարող է խաթարել ոչ միայն իմ երկրի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան անվտանգութիւնը, (խմբգր.՝ միջազգայնօրէն ճանաչւած չէ), այլեւ Սլովակիայի հետ մեր բարեկամական հյարաբերութիւնների պատկերը»,- փաստում է Սէյրանեանը:

Զէնքի արտահանման ետեւում կանգնած է սլովակեան «MSM» ընկերութեանը, որը պատկանում է ազդեցիկ չեխ զինագործ Եարոսլավ Ստրնադի «Czechoslovak Group»-ին: Սլովակիայի էկոնոմիկայի նախարարութիւնը դրան լիցենզիա է տրամադրել արդիականացւած «RM-70» հրթիռային համազարկային կայանքներ եւ արդիականացւած «Dana» հաուբիցներ Իսրայէլ արտահանելու համար:

Չեխ լրագրողները մի շարք ապացոյցներ են ձեռք բերել, որ Իսրայէլը պարզապէս տարանցիկ կայան է, մինչդեռ զէնքի իրական գնորդն Ադրբեջանն է, որ նոյնիսկ չի էլ ժխտում այդ փաստը, ցուցադրելով զինատեսակներն ադրբեջանական բանակի զօրավարժութիւնների ժամանակ, ինչով ապացուցում դրանց ձեռքբերումը:

Դեսպան Սէյրանեանն այդ տեղեկատւութիւնը կարեւոր է համարում: Ադրբեջանը երկար ժամանակ է, որ թշնամաբար է վերաբերւում Հայաստանին:

«Մենք խօսում ենք Ադրբեջանին հյարձակողական զէնք տրամադրելու մասին, մի երկրի, որի ղեկավարներն օգտագործում են պատերազմական հռետորաբանութիւն: Ամէն օր, նրանք սպառնում են ուժ կիրառել Լեռնային Ղարաբաղի,նաեւ Հայաստանի դէմ, ինչը կարող է սպառնալիք հանդիսանալ տարածաշրջանային խաղաղութեանը եւ կայունութեանը»:

Սլովակիայի կառավարութիւնը, սակայն, ամէն կերպ հերքում է արգելւած երկիր զինտեխնիկայի արտահանման համար իր պատասխանատւութիւնը: Նա կրկնում է, որ համաձայնութիւն է տւել դա միայն Իսրայէլ արտահանելու համար, բայց ոչ Ադրբեջան, որ 90-ական թւականներից ի վեր սպառազինութեան էմբարգոյի ենթարկւած երկիր է:

«Սլովակիայի Հանրապետութիւնը երբեք թույլ չի տւել ռազմական տեխնիկայ արտահանել Ադրբեջան: Մենք յարգում ենք մեր միջազգային պարտաւորութիւնները»,- ընդգծում է Սլովակիայի արտաքին գործերի նախարարութիւնը:

 

Ադրբեջանն արդէն կրակում է հրետանուց

Սէյրանեանի նստավայրը Պրահայում է, բայց որպէս դեսպան հաւատարմագրւած է նաեւ Սլովակիայում: Նա նշում է, որ նախորդ տարւանից բազմիցս դիմել է սլովակեան իշխանութիւններին եւ սլովակեան դիւանագէտներին, արտայայտելու համար իր «խորը մտահոգութիւնը»:

«Մենք ակնկալում ենք, որՍլովակիայի պատասխանատու մարմինները ոչ միայն կը պատասխանեն մեր հարցերին, այլեւ կը հետաքննեն, թէ ինչպէ՞ս է հնարաւոր եղել, որ «Czechoslovak Group»-ը մարտական սպառազինութիւն է արտահանել Ադրբեջան»,- տեսակէտ է յայտնել դեսպանը, նաեւ՝ Չեխիայի հեռուստատեսութեան լրագրողին՝ «Մեր լրագրողները» հաղորդաշարի համար:

Չեխական հեռուստատեսութեան լրագրողներն անցած տարւայ սեպտեմբերից ցուցադրել են Ստրնադի ընկերութիւնների արտահանումներին նւիրւած երեք մանրամասն ռեպորտաժներ: Ըստ նրանց տեալների՝ Սլովակիայից Ադրբեջան կարող էր հասնել մինչեւ 30 միաւոր արդիականացւած հաուբիցներեւ 38 հրթիռանետեր:

Դրա ապացոյցները ներկայացնում է Ադրբեջանը: Չեխիայի հեռուստատեսութիւնը յունիսի կէսի իր վերջին ռեպորտաժում հաղորդել է, որ Ադրբեջանի բանակը մարտական պայմաններում արդէն փորձարկել է Սլովակիայից ստացւած հաուբիցները:

Ադրբեջանի պաշտպանութեան նախարարի կողմից հաստատւած մարտական վերապատրաստման ծրագրի համաձայն, հրետանային ստորաբաժանումները կրակ են բացել «Dana» ինքնագնաց համակարգերից: Նրանք մարտական կրակոցներ իրականացրել իրական մարտական իրավիճակին մօտեցւած պայմաններում» - նշւում է յունիսի 14-ի ռեպորտաժում:

 

Դեսպան՝ դրան կարող են հաւատալ միայն միամիտ մարդիկ

Սլովակյան ընկերութիւնների համար զէնքի արտահանման թոյլտւութիւնը տրւում է էկոնոմիկայի նախարարութեան կողմից։ Նախարար Պետէր Զիգան («SMER» սոցիալ-դեմոկրատական կուսակցութիւնից) սկսեց Ադրբեջանի տարբերակը դիտարկել միայն լրատվամիջոցների ճնշման ներքոյ: Ապրիլին նա դիմեց Սլովակիայի գաղտնի ծառայութեանը եւ անվտանգութեան այլ մարմիններին, որպէսզի կասկածներն ստուգւեն:

Միեւնոյն ժամանակ, նա յայտարարել է, որ ինքը կասկած չունի, որ զէնքերը գտնւում են Իսրայէլում: Իսրայէլի պաշտպանութեան նախարարութիւնն, ըստ Ժիգաի՝ գրաւոր կերպով հաստատել է, որ զէնքն Իսրայէլից  այլեւս չի արտահանւի: «Հակառակ դէպքում, մենք պէտք է Իսրայէլին կասկածի տակ դնենք որպէս վստահելի երկիր եւ ստիպւած կը լինենք պատժամիջոցներ սահմանել»,- ասել է Ժիգան:

Մինչ այդ, մի քանի ամիս էկոնոմիկայի նախարար Պետէր Ժիգան անտեսում էր  կասկածաները, որ սլովակեան սպառազինութիւնները հանգրւանել են Ադրբեջանում։ Նա անցաւ գործողութիւնների միայն ապրիլին, երբ չեխական հեռուստատեսութիւնը նոր ապացոյցներ ներկայացրեց:

Այն տեսակէտը, որ զէնքերը մնում են Իսրայէլում, պնդում են նաեւ Սլովակիայի «MSM» ընկերութեան ղեկավարները, որոնց միջոցով էլ իրականացւում է Ստրնադի «Czechoslovak Group»-ի առեւտուրը: Հրթիռանետերը եւ հաուբիցները Սլովակիայից ներմուծում է իսրայելական «Elbit» ռազմարդիւնաբերական ընկերութիւնն իբր թէ Իսրայէլի զինւած ուժերի համար:

«Մենք անգամներ կրկնել ենք, որ մեր ընկերութիւնը պտուտակ անգամ չի ուղարկել Ադրբեջան եւ խստօրէն հարգում է բոլոր միջազգային կանոնակարգերն ու օրէնսդրութիւնը: Մեր յաճախորդը «Elbit Systems»-ն է եւ վերջնական օգտագործողն՝ Իսրայէլի պետութիւնը»,- նշում է «MSM»-ի մամուլի քարտուղար Լուցիա Օլլէն: 

Հայաստանի դեսպանը համակարծիք է, որ «ամէեն ինչ մաքուր է թղթի վրայ», բայց դա դեռ չի նշանակում, որ ամէն ինչ կարգին է: «Միայն միամիտ մարդը կարող է կարծել, թէ «Czechoslovak Group»-ը չգիտէր, որ հրթիռանետերն ու հաուբիցներն արտահանվում են Ադրբեջան»,- ասում է Սէյրանեանը:

Աշխատակցի վկայութիւնը

Յիշենք, որ չեխական հեռուստատեսութիւնը ժամանակին կորզել էր «MSM» ընկերութեան նախկին աշխատակցի վկայութիւնն, ըստ որի՝ Սլովակիայում վերապատրաստւել են ադրբեջանական բանակի տեխնիկները՝ որպէսզի կարողանան զէնքը սպասարկել:

«Երբ ինչ-որ բան փչանում էր, մեր մեխանիկներն անմիջապէս մեկնում էին Ադրբեջան: Աւելի ուշ ադրբեջանցիներն սկսեցին իրենց մեխանիկներին ուղարկել մեզ մօտ: Օրինակ, հոկտեմբերին հինգ մեխանիկներ վերապատրաստւել են Սլովակիայում երեք օրւայ ընթացքում, որպէսզի մեքենաներն իրենք կարողանան վերանորոգել»,- ասաց աշխատակիցը լրագրողին:

«MSM» ընկերութիւնը հերքեց այդ տեղեկութիւնները՝ դրանք որակելով որպէս մրցակիցների քարոզարշաւ:

Դեսպանը լրացուցիչ ապացոյց է համարում ադրբեջանական օդանաւերի թռիչքները Սլովակիա: Չեխական հեռուստատեսութիւնը եւ «Dennik N»-ը կարողացել են Ստրնադի արդիականացվածզենքերը նկարահանել Մ. Ռ. Շտեֆանիկի անւան օդանաւակայանում: Բրատիսլաւայի օդանաւակայան է բազմիցս ժամանել ադրբեջանական «Silk Way Airlines» ընկերութեան ինքնաթիռը, որն ապա թռել է Ադրբեջան կանգ առնելով Իսրայէլում:

«Կան յստակ ապացույցներ, որ ադրբեջանական աւիաընկերութեան բոլոր թռիչքները Բրատիսլաւայից մեկնում են իսրայէլական Օւդա կամ Թել Աւիւ քաղաքներ, իսկ այնուհետեւ՝ Ադրբեջանի մայրաքաղաք»,- նշում է Սէյրանեանը:

 

Մահաբեր զէնքեր

«Dana» հաուբիցները եւ «RM-70» հրթիռանետերը զինատեսակներ են, որ 70-80-ականներին արտադրւում էին Դուբնիցա նադ Վահոմ բնակավայրում (ներկայիս Սլովակիա)։ Ստրնադի ընկերութիւնները դրանք ձեռք են բերել նախկին Վարշաւեան պայմանագրի պետութիւնների բանակների աւելցուկներից: Դրանք հետագայում վերանորոգել են, արդիականացրել, փորձարկել եւ գտել նոր յաճախորդներ, որոնք պատրաստ էին վճարել:

Թէեւ զէնքը գալիս է սառը պատերազմի դարաշրջանից, արդիականացումից յետոյ դրանք բաւականին արդիւնաւէտ են: «RM-70»-ը կարող է կարճ ժամանակահատւածում հակառակորդի վրայ լցնել մինչեւ ութսուն հրթիռ: Այդ համակարգը հիմնւած է յայտնի ռուսական «Grad» հրթիռանետի վրայ, որ վերջերս Դոնբասում տեղի ունեցած հակամարտութեան ժամանակ դարձել էր ուկրայինացի զինւորների սպառնալիք:

Օրինակ, 2014 թ. յուլիսին ռուսամէտ անջատողականներն այդ հրթիռանետներն օգտոգործել են Զելենոպոլ գիւղում: Դրանց յարձակման արդիւնքում առնւազն 19 զինւոր է զոհւել, եղել են հարիւրաւոր վիրաւորներ:

Հաւանականութիւնը, որ Ադրբեջանն էլ այդ զէնքը կը դնի գործածութեան մէջ, ոչ միայն հիպոթետիկ է: Թէեւ Լեռնային Ղարաբաղի շուրջ պատերազմը եղել է 1990-ականների սկզբին, իրավիճակն այտեղ դեռեւս լարւած է: Երկու տարի առաջ այդ տարածքում մի քանի օր ծանր մարտեր են տեղի ունեցել, որոնց արդիւնքում զոհւեցին երկու հարիւր զինւոր եւ տասնեակ քաղաքացիական անձինք:

Լեռնային Ղարաբաղը գտնւում է Հայաստանի վերահսկողութեան ներքոյ, այն 25 տարի առաջ վերագրաււել է Ադրբեջանից: Այնուամենայնիւ, Ադրբեջանը չի ցանկանում հաշտւել այդ իրողութեան հետ: Վերջին տարիներին Ադրբեջանը հարստացել է եւ զանգւածային ներդրումներ կատարել բանակում: «Այս երկրի բարձրաստիճան ներկայացուցիչները յայտարարում են, որ ոչ միայն Լեռնային Ղարաբաղն, այլեւ Հայաստանի տարածքի մեծ մասն, այդ թւում` մայրաքաղաք Երեւանը, որ աշնանը կը նշի իր 2800 ամյակն, Ադրբեջանի պատմական տարածքի մի մասն են»,- ասում է Սէյրանեանը: Ի՞նչ կարծիքի է իր (դեսպանի-ԽՄԲ.) մտահոգութիւնների մասին Սլովակիայի արտաքին գերատեսչութիւնը: «Հայաստանի դեսպանի գնահատականնիր անձնական կարծիքն է եւ մենք չենք մեկնաբանում այն: Ուշադիր հետեւում ենք եւ գնահատում տարածաշրջանի զարգացումները, ներառեալ անվտանգութեան իրավիճակը։ Հետեւողականօրէն ժամանակի ընթացքում աջակցել ենք հրադադարի ռեժիմին եւ երկու կողմերին էլ կոչ ենք անում առաւելագոյն զսպւածութիւն ցուցաբերել լարւածութիւնը կանխելու համար եւ հնարաւոր դարձնել հակամարտութեան դիւանագիտական կարգավւորումը»,- պատասխանում է արտաքին գործերի նախարարութեան մամուլի քարտուղար Պետէր Սուսկոն:

 

Հակամարտութիւնը դեռեւս ակտիւ է

«Dennik N»-ը մեկնաբանութիւն է խնդրել նաեւ «Globsec»-ի (Բրատիսլաւայում գործող գիտահետազօտական կենտրոն) վերլուծաբան Յան Ցինգէլից, ով տեւական ժամանակ է մասնագիտացած է հայ-ադրբեջանական յարաբերութիւններում: Ցինգէլն ասում է, որ Հայաստանի դեսպանի մտահոգութիւններին պէտք է լուրջ վերաբերւել:

«Ադրբեջանն այսօր աւելի ուժեղ է զգում իրեն: Այն երեք անգամ աւելի մեծ բնակչութիւն ունի եւ աւելի բարձր ռազմական բիւջէ, քան Հայաստանը: Նա պարբերաբար սպառնում է ուժի գործադրմամբ եւ հակամարտութեան վերսկսմամբ, ու յոյս ունի այս անգամ յաջողութեան հասնել»,- նշում է Ցինգէլը:

Երկու երկրների միջեւ տեղի են ունենում համեմատաբար աւելի փոքր ընդհարումներ, որոնց արդիւնքում մարդիկ են զոհւում։ Վերջին օրինակն այն է, որ այս տարւայ յունիսին, ըստ Ցինգէլի՝ միջադէպ է տեղի ունեցել, երբ Ադրբեջանը «չէզոք տարածքում» բլուր է րգրաւել Նախիջեւանի իր անկլաւի մօտ:

«Դրա շնորհիւ, նա նշանառութեան տակ է պահում Արենի գիւղը, որ գտնւում է երկրի հարաւն ու հիւսիսը, նաեւ Երեւանը հարաւի հետ կապող մայրուղու վրայ: Այս մայրուղին շատ կարեւոր է Հայաստանի համար՝ դրանով են իրականացւում Լեռնային Ղարաբաղի մատակարարումները»,- աւելացրել է նա:

Ուրիշներն էլ նոյնն են անում

Սլովակիան միակ երկիրը չէ, որ զէնք է մատակարարում Ադրբեջանին։ «Armádní noviny» (Ռազմական լուրեր) սերւերը նախորդ շաբաթ հաղորդել է, որ ադրբեջանական բանակն ունի նաեւ բրիտանական «Land Rover» տրանսպորտային միջոցներ, ամերիկեան «Cougar» զրահապատ մեքենաներ կամ թուրքական «T-122 Sakarya» եւ «T-300 Kasirgo» հրթիռները:

Հայաստանը Ռուսաստանից է զէնք գնում, որն իր հերթին առեւտուր է անում նաեւ Ադրբեջանի հետ: «Ռուսաստանն այդ եղանակով պահպանում է իր ազդեցութիւնը երկու երկրներում»,- բացատրում է Ցինգէլը:

Ադրբեջանի սպառազինութեան շոշափելի մասը գալիս է Իսրայէլից: Օրինակ, իսրայէլական զինագործական «Elbit» ընկերութիւնը, որ սլովակեան հաուբիցներ եւ հրթիռանետեր է գնել, օգնել է Ադրբեջանին «SU-25» մարտական ինքնաթիռների լայնածաւալ արդիականացման հարցում:

Ցինգէլը նոյնպէս կարծում է, որ իսրայէլական ընկերութիւնը հազիւ թէ սլովակեան սպառազինութիւններ ձեռք բերէր իր բանակի համար: «Իսրայէլը չի օգտագործի այն մարտական տեխնիկան, որ մենք ենք արտահանել: Միանգամայն միամիտ է մտածել, որ նա զինւելու է սլովակեան «Dana»-ներով», - նշում է Ցինգէլը:

«Իսրայէլը շատ լաւ յարաբերութիւններ է պահպանում Ադրբեջանի հետ՝ Իրանի նկատմամբ իր ռազմավարական դիրքի պատճառով: Օրինակ, եթէ Իսրայէլը որոշում կայացնի իրանական միջուկային օբիեկտների վրայ օդային հարւածներ հասցնելու, ապա կարող է Ադրբեջանն օգտագործել որպէս ռազմակայան»,- ասում է Ցինգէլը:

 

Որքա՞ն ջերմ են յարաբերութիւնները

Մի կողմից, Սլովակիան Հայաստանի հետ աւելի է զարգացնում յարաբերութիւնները, քան Ադրբեջանի հետ: Արդէն 2004 թւականին, Եւրոպայում առաջիններից մէկը, Սլովակիայի խորհրդարանը բանաձեւ ընդունեց 1915 թւականի Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչելու վերաբերեալ: 

Երկու երկրների քաղաքական գործիչները պարբերաբար այցելում եւ աջակցում են միմեանց: Ընթացիկ տարւայ մայիսին Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Էդւարդ Շարմազանովը Սլովակիայում էր՝ Բրատիսլաւայում Հայոց Ցեղասպանութեան մասին ցուցահանդէս բացելու նպատակով:

Մի քանի ամիս առաջ Հայաստանի խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյեանը ժամանեց Սլովակիա: Նրան ընդունել են նախագահ Անդրէյ Կիսկանեւ խորհրդարանի խօսնակ Անդրէյ Դանկոն: «Աշխատանքային շփումները շարունակւելու են, որպէսզի միմեանց հետ աւելի սերտ գործակցենք, չնայաց որ մեր սրտերով արդէն չափազանց մօտ ենք»», - ասել է Դանկոն հանդիպումից յետոյ:

Զաւեշտալին այն է, որ նոյն պահին Բրատիսլաւայի օդանաւակայանից արտահանւել են հրթիռանետեր ու հաուբիցներ, որոնցով այսօր այդքան հպարտանում է ադրբեջանական բանակը։

Հայաստանում գարնան ընթացքում հիմնարար կերպով իրավիճակ փոխւեց։ Զանգւածային ցոյցերն ստիպեցին կառավարութեանը հրաժարական տալ, իսկ վարչապետ դարձաւ ընդդիմութեան առաջնորդ Նիկոլ Փաշինեանը: Ըստ Ցինգէլի՝ նրա կառավարութիւնն անմիջապէս սկսեց հակակոռուպցիոն եւ ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնել:

«Այս ժամանակաշրջանում, երբ երկրում խոշոր սոցիալ-քաղաքական փոփոխութիւններ են տեղի ունենում, Հայաստանը շատ խոցելի է: Այն աջակցութեան կարիք ունի Եւրոմիութիւնից, ներառեալ Սլովակիայից»,- ասում է Ցինգէլը:

Պաշտօնական պատասխան չկայ

Հաշւի առնելով սլովակա-հայկական բարեկամական յարաբերութիւնները, դեսպան Սէյրանեանն ի սկզբանէ ցանկացել էր խնդիրը լուծել առանց աւելորդ աղմուկի: Դեռ նախորդ աշնանը նա բազմիցս դիմել է սլովակեան դիւանագէտներին նամակներով, հեռախոսազանգերով, անձնական հանդիպումներ ունեցել նրանց հետ: «Մենք մտահոգութիւն ենք յայտնել սլովակեան կողմին բազմիցս եւ տարբեր մակարդակներում»,- ասում է նա:

Նա նաեւ պաշտօնական յայտագիր է ուղարկել Բրատիսլաւա, որին դեռ չեն պատասխանել: Վերջապէս, նա դիմել է յաջորդ քայլին եւ բաց խօսել Չեխիայի հեռուստատեսութեան եւ այժմ՝ «Dennik N» թերթի համար: Բնական է, որ իր յայտարարութիւնները նա համաձայնեցրել է Երեւանում՝ արտաքին գործերի նախարարութեան հետ: 

Սլովակիայի դիւանագիտութեան պատասխանատուներից մէկը «Dennik N»-ին արձագանգել է, թէ Սէյրանեանի հարցումներին «միշտ էլ բարեկամաբար եւ դրական ենք արձագանգել»: Նա նշել է, թէ դեսպանի հետ մեր դիւանագէտները բազմիցս քննարկել են այս խնդիրն, ինչն, ըստ խօսնակ Սուսկայի՝ հաստատում է, որ իրենք անհրաժեշտ ուշադրութիւն են դարձրել այդ խնդրին:

«Դեսպանին միշտ հաւաստիացրել ենք, որ Սլովակիայի Հանրապետութիւնը երբեք թոյլ չի տւել այդ զինտեխնիկայի արտահանումն Ադրբեջան եւ խստօրէն յարգել է իր միջազգային պարտաւորութիւնները: Նրան տրամադրւել է հասանելի տեղեկատւութիւն եւ բացատրւել ու իրազեկւել գործընթացների մասին»,- ասում է Սուսկոն:

Յայտագրին պաշտօնապէես չենք արձագանգել, ըստ Սուսկայիէ դա կանեն գործի ամբողջական հետաքննութեան աւարտից յետոյ: «Մենք պատրաստ ենք շարունակել դիւանագիտական երկխօսութիւնը դեսպանի եւ հայաստանեան այլ ներկայացուցիչների հետ»,- աւելացնում է Սուսկոն:

 

«Մենք լուրջ հետաքննում ենք»

Սակայն հետաքննութիւնն ուշացաւ: Էկոնոմիկայի նախարար Զիգան որոշեց դա սկսել ապրիլին՝ չեխական ԶԼՄ-ներում արատայայտած առաջին կասկածներից կէս տարի անց:

«Մենք, որպէս վարչական մարմին, չենք կարող գործել միայն կասկածների հիման վրայ: Մենք պէտք է ստուգենք բոլոր փաստերը եւ հաւաքենք դատական առումով ընդունելի բաւականաչափ ապացոյցներ, որպէսզի կարողանանք որոշակի որոշում կայացնել»,- պնդում է Սլովակիայի էկոնոմիկայի նախարարութիւնը:

Այդ հետաքննութիւնը չէր կարող վտանգ ներկայացնել «Իսրայէլ»-ի հետ Ստրնադի առեւտրին։ Նրա ընկերութիւնները մինչեւ 2018 թ. յունիսի 28-ն արտահանման արտոնագիր ունէին եւ, ամենայն հաւանականութեամբ, կարողացել են մինչ այդ օրն արտահանել պայմանագրային ապրանքն ամբողջ ծաւալով:

Դէպի Իսրայէլ հետագայ արտահանման լիցենզիա չեն պահանջել: «Եթէ «MSM» ընկերութիւնը նման լիցենզիա խնդրի, ապա մենք,արտաքին գործերի նախարարութեան հետ խորհրդակցելուց յետոյ, դա չենք տրամադրի՝ մինչեւ Ադրբեջանին զէնքի հնարաւոր վերարտահանման մասին տեղեկատւութեան ստուգման աւարտը»,- այժմ նշում է էկոնոմիկայի նախարարութիւնը:

Արտահանման հանգամանքների հետաքննութիւնն արդէն աւելի քան երկու ամիս է շարունակւում: Պաշտօնեաները, ըստ էկոնոմիկայի նախարարութեան մամլոյ քարտուղար Մարոշ Ստանի՝ «MSM» ընկերութիւնից պահանջել են ապացուցել, որ հրթիռանետերը եւ հաուբիցները իրականում յանձնւել են Իսրաէլին: «Նման «վկայութեան» հաւաստիութիւնը հետագայում կը ստուգւի դիւանագիտական խողովակներով: Եթէ լիցենզաւորւած ընկերութիւնը նման փաստաթուղթ չներկայացնի, վարչական վարոյթ կը հարուցւի վարչական իրաւախախտման կասկածանքով»:

Ի՞նչ է դա նշանակում գործնականում: Ստրնադի ընկերութիւնը կարող է տեսականօրէն տուգանւել, եւ, ծայրայեղ դէպքում, նաեւ կորցնել ռազմական տեխնիկայի առեւտրի թոյլտւութիւնը: Դա արդէն իր համար մեծ խնդիր կը լինի:

«Նման իրավիճակ կարող է առաջանալ, եթէ հետաքննութեան արդիւնքում պարզւի, որ «MSM»-ը վնասել է Սլովակիայի արտաքին քաղաքական կամ անվտանգութեան շահերը»,- նշում է Ստանոն:

Միջազգային խայտառակութիւ՞ն

Մինչ այժմ, սակայն, քիչ հաւանական է, որ {ընկերութեանը} նման ծայրայեղ իրավիճակ սպառնա: «MSM»-ը Սլովակիայի ամենակարեւոր ռազմարդիւնաբերական ձեռնարկութիւնն է: «SMER»-ի (սոցիալ-դեմոկրատներ) երկրորդ կառավարութեան օրօք այն պետութիւնից վարձակալել է մի շարք ռազմարդիւնաբերական ընկերութիւններ: Պովաժիեւ Նովակի իր արտադրամասերում աշխատում են հարիւրաւոր մարդիկ:

Եթէ պետութիւնը խոստովանի, որ զէնքերն Ադրբեջանում են, դա անուղղակի կերպով կը հաստատի, որ մեր անվտանգութեան ծառայութիւնները ձախողել են: Էկոնոմիկայի նախարարութիւնը կարող է արտահանման լիցենզիա տրամադրել միայն այն դէպքում, երբ ստանայ մի շարք հաստատութիւնների, այդ թւում՝ Սլովակիայի տեղեկատւական ծառայութեան կամ Ազգային անվտանգութեան գրասենեակի համաձայնութիւնը:

Այս հաստատութիւնները պատասխանատու են ռիսկերը գնահատելու համար, օրինակ, կարո՞ղ է սպառազինութիւնը յայտնւել արգելւած երկրում, թէ ոչ: «Էկոնոմիկայի նախարարութիւնն արտահանման արտօնագիր է տրամադրում միայն այն դէպքում, եթէ դրա հետ համաձայն լինեն արտաքին գերատեսչութիւնը, պաշտպանութեան նախարարութիւնը, ներքին գործերի նախարարութիւնը, հետախուզական ծառայութիւնները, ազգային անվտանգութեան գրասենեակը եւ հարկային ծառայութեան քրէական բաժինը: Դրանք իրաւասու են արտաքին քաղաքական, անվտանգութեան կամ այլ խնդիրներ քննարկելու հարցում»,- բացատրում է Ստանոն:

Բացի այդ, Սլովակիային կարող են միջազգային մեղադրանքներ ներկայացւել: Յաջորդ տարի Սլովակիան ստանձնում է ԵԱՀԿ նախագահութիւնը: Կազմակերպութիւն, որ վերահսկում է Լեռնային Ղարաբաղի շուրջ խաղաղ բանակցութիւնները: Պարադոքսն այն է, որ վերջերս Սլովակիայի դիւանագիտութիւնը Հարաւային Կովկասի տարածաշրջանի համար յատուկ դեսպանի հաստիք է կորզել:

«Ինչ կը լինի Սլովակիայի արժանահաւատութիւնը, երբ բոլոր շահագրգիռ կողմերն իմանան, թէ որտե՞ղ եւ ու՞ր ենք մենք արտահանել զէնքը: Հակամարտութեան կողմերի համար դժւար է ընկալել մեզ որպէս չէզոք եւ անկողմնակալ դերակատար»,- նշում է Ցինգէլը:

Սլովակեան դիւանագիտութիւնը, սակայն, յուսով է, որ այլ պետութիւններն ըմբռնումով կը մօտենան Սլովակիայի հանդէպ: «Եթէ հետաքննութեան աւարտից յետոյ պարզւի, որ սպառազինութիւնն արտահանւել է յայտարարւած երկրի սահմաններից դուրս, ապա դա տեղի է ունեցել առանց Սլովակիայի Հանրապետութեան իմացութեան: Այդ դէպքում մենք միջոցներ կը ձեռնարկենք՝ ապագայում նման իրավիճակները բացառելու ուղղութեամբ»,- հաւաստիացնում է ԱԳՆ-ն: 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։